19:11 26.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Իր խոսքում Իրակլի Ղարիբաշվիլին նշել է.
«Հարգելի պարոն վարչապետ, ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հյուրընկալել Թբիլիսիում: Պարոն վարչապետի հետ մենք ջերմ զրույց ունեցանք: Քննարկել ենք կարևոր հարցեր, որոնք վերաբերում են տարբեր ուղղություններով մեր երկրների համագործակցությանը:
Մենք ունեցանք նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ, որտեղ նույնպես կարևոր հարցեր քննարկեցինք, որոնք վերաբերում էին առևտրին, երկկողմ հարաբերություններին: Պետք է նշեմ, որ մեր երկրների միջև առևտրային հարաբերությունները զարգանում են, առևտրաշրջանառությունը գերազանցել է 1 միլիարդ դոլարը, Հայաստանը Վրաստանի համար առևտրային թվով 6-րդ գործընկերն է և 2-րդ ներդրումային երկիրը: Սա ևս ողջունելի է: Անցած տարի Հայաստանից գրեթե 1 մլն այցելու, զբոսաշրջիկ ենք ունեցել Վրաստանում: Սա մեր երկրի տնտեսական զարգացման համար կարևոր է:
Անցած տարի ամռանն էինք հայտարարել այդ մասին, որ մենք ռազմավարական գործընկերության մասին հուշագիր կստորագրենք: Ուզում եմ նշել, որ մենք ավանդական, պատմականորեն շատ հզոր դաշնակիցներ ենք, բարեկամներ, ոչ միայն հարևաններ, ունենք շատ լավ գործընկերություն, համագործակցում ենք բոլոր ուղղություններով: Դե ֆակտո մենք առանց այն էլ ռազմավարական ընկերներ էինք և ռազմավարական գործընկերներ: Այսօր արդեն կարելի է ասել, այս իրականությունը ձևակերպվեց, և այսօր պաշտոնապես ստորագրեցինք ռազմավարական գործընկերության մասին համագործակցության համաձայնագիր: Շնորհակալ ենք մեր հայ գործընկերներին, երկու կառավարությունները կոչված են էլ ավելի խորացնել մեր առևտրատնտեսական հարաբերությունները:
Վրաստանը միշտ եղել է կողմնակից, որ տարածաշրջանում լինի, հաստատվի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն: Պարոն վարչապետը շատ լավ գիտի իմ դիրքորոշումը, մեր կառավարության դիրքորոշումը: Մենք միշտ պատրաստ էինք և պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ այս երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում, որն ամբողջ տարածաշրջանի երկրներին և ժողովուրդներին կբերի օգուտ: Մենք մեծ լավատեսությամբ և հույսով ենք նայում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը: Ուզում եմ արտահայտել մեր հույսը, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կձևակերպեն խաղաղության պայմանագիր, ինչն, անկասկած, կարևոր է մեր երկրների և ազգերի համար:
Ուզում եմ նշել նաև, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում շատ բարձր տնտեսական աճ ունենք, և կարևոր է այս դինամիկայի պահպանումը: Պարոն վարչապետի հետ մեկ անգամ ևս նշեցինք, որ դեկտեմբերը շատ կարևոր ամիս էր, դեկտեմբերի 15-ը մեզ համար, մեր երկրի համար: Վրաստանը ստացավ, ձեռք բերեց Եվրամիության թեկնածուի կարգավիճակ և դարձավ Եվրամիության թեկնածու երկիր, ինչը շատ կարևոր է ոչ միայն մեր երկրի, ժողովրդի համար, այլ նաև տարածաշրջանի:
Մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ անպայման բարձր տեմպով պետք է շարունակվի տարածաշրջանային նախագծերի վրա աշխատանքը: Մենք լսեցինք պարոն Փաշինյանի հավաստված շահագրգռվածությունը տարածաշրջանային նախագծերի նկատմամբ, ինչպես Սև ծովի մալուխի նախագիծն է, նաև այլ նախագծերի վրա ևս աշխատում ենք, նկատի ունեմ խոշոր նախագծերը: Մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ այս օրը շատ կարևոր է, պատմական: Մեկ անգամ ևս շնորհակալություն իմ բարեկամին, իմ գործընկերոջը: Փոխանցեմ խոսքը նրան»:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հարգելի՛ ներկաներ,
Մեծարգո պարոն վարչապետ,Այսօր կայացավ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել վարչապետ Ղարիբաշվիլիին, մեր վրաց գործընկերներին՝ այս նիստը Թբիլիսիում հյուրընկալելու համար:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ անկեղծորեն շնորհավորել Վրաստանի կառավարությանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ձեռքբերելու համար՝ այդ գործընթացում առանձնահատուկ ընդգծելով թե՛ վարչապետ Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարության, թե՛ Վրաստանի ժողովրդի ներդրումը: Սա պատմական իրադարձություն է Վրաստանի և ողջ տարածաշրջանի համար:
Ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ 2019 թվականի միջկառավարական հանձնաժողովի ձևաչափը վերագործարկելուց հետո նիստերի անցկացումը կրում է պարբերական բնույթ՝ մեծապես նպաստելով հանձնաժողովի արդյունավետ գործունեությանը: Այսօր մենք քննարկել ենք հարցերի լայն շրջանակ՝ տնտեսությունից մինչև առևտուր և ներդրումներ, էներգետիկ ոլորտից մինչև կրթություն, մշակույթ և մարդկանց միջև շփումներ:
Մեր քննարկումների ընթացքում անդրադարձել ենք նաև Հարավային Կովկասի առևտրային և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը և նոր հաղորդակցությունների ստեղծման հնարավորություններին: Տնտեսական առաջընթաց արձանագրելու գործում կարևորել ենք հուսալի ենթակառուցվածքների առկայությունը, ընդգծել հնարավոր փոխգործակցությունը տրանսպորտային ցանցերի, էներգետիկ համակարգերի, հեռահաղորդակցության և այլ նախագծերի շրջանակներում, որոնք միտված են տարածաշրջանային կապակցվածության բարելավմանն ու խորացմանը:
Այս համատեքստում հարկ է նշել, որ երկու երկրների մաքսային մարմինների միջև ակտիվորեն քննարկվում են սահմանային անցման կետում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները։ Այս գործընթացը նշանակալի ազդեցություն կունենա մաքսային գործառնությունների ժամկետների կրճատման, գործառույթների արդյունավետ կազմակերպման և բեռնափոխադրումների պարզեցման տեսանկյունից։
Մեր գործընկերներին եմ ներկայացրել նաև Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ զարգացումները, որի մասին հնարավորություն ունեցա խոսել և ներկայացնել նախորդ տարի հոկտեմբերին՝ վարչապետ Ղարիբաշվիլիի հրավերով «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ» չորրորդ համաժողովին մասնակցության ժամանակ: Այս նախագիծը միտված է տարածաշրջանի կապակցվածության խթանմանը՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը և հավասարության ու փոխադարձության սկզբունքները։ Ներկա իրողությունների պայմաններում, երբ փոփոխվում են տարբեր երթուղիներ, մեր տարածաշրջանը տարանցիկ նոր հանգույց կարող է դառնալ Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև:
Ընդգծել ենք, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում անհրաժեշտ է ապահովել ներառականություն, որը հնարավորություն կընձեռի տարածաշրջանի բոլոր պետություններին մասնակցել տնտեսական գործընթացներին, խթանել համագործակցությունը և մեծացնել արդյունավետությունը: Դրա վառ օրինակն է Սև ծովի էլեկտրական մալուխի նախագիծը, որին միանալու հարցում Հայաստանը ցուցաբերում է մեծ հետաքրքրություն։
Հարգելի՛ ներկաներ,
Մեծարգո պարոն վարչապետ,Հայաստանի և Վրաստանի միջպետական հարաբերություններն այսօր նշանավորվել են հանգրվանային մի իրադարձությամբ. վարչապետ Ղարիբաշվիլիի հետ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիր: Այս ձեռքբերումը վերջին մի քանի տարիների մեր համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունքն է և արտացոլում է մեր ընդհանրություններն ու նպատակասլացությունը։ Այնուամենայնիվ, այս նվաճումը ևս մեկ անգամ ընդգծում է մեր ջանքերը բազմապատկելու և ձեռք բերածով չսահմանափակվելու անհրաժեշտությունը, ինչի մասին խոսեցինք նաև միջկառավարական հանձնաժողովի նիստում:
Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ քննարկումների ընթացքում պայմանավորվել ենք նաև հանձնարարել համապատասխան գերատեսչություններին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ:
Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի մասին։ Ընդգծվել է, որ ռազմաշունչ և առավելապաշտական հռետորաբանությունը չի նպաստում կարգավորման գործընթացին։ Հուսով եմ, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա՝ արդեն իսկ համաձայնեցված և հանրահայտ սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի լրամշակումն ավարտին հասցնելու համար։
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Վարչապետ Ղարիբաշվիլի,Ամփոփելով և վարչապետ Ղարիբաշվիլիի հետ մեր բանակցությունների մասին տեղեկություններ հայտնելով, ցանկանում եմ հայտնել նաև, որ համատեղ որոշում ենք կայացրել պահպանել ու խորացնել կանոնավոր երկխոսությունը բոլոր մակարդակներում՝ նպատակ ունենալով ամրապնդել համագործակցությունը և հաղթահարել այդ ճանապարհին առաջացող հնարավոր խնդիրները:
Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ, սիրելի Իրակլի, ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար և մաղթել ամենայն հաջողություններ և առավել արդյունավետություն մեր համագործակցությանը: Շնորհակալություն»:
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:38 11.05.2025
Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...
23:17 11.05.2025
Աֆղանստանում արգելվել է շախմատըԱֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...
22:39 11.05.2025
Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցումԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...