Երբ տնտեսական վարքի փոփոխություն տեղի ունենա, դա կլուծի նաև տնտեսական հեղափոխության խնդիրը. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+20.09 oC

Երբ տնտեսական վարքի փոփոխություն տեղի ունենա, դա կլուծի նաև տնտեսական հեղափոխության խնդիրը. Փաշինյան

14:48 23.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին Երևանում` տնտեսական զարգացման հիմնախնդիրներին նվիրված խորհրդաժողովի ժամանակ անդրադարձավ հրապարակված տնտեսագիտական «Ի՞նչ անել» ձեռնարկին, խոստացավ, որ առաջիկայում կսկսի այդ գիրքը կարդալ սկզբից մինչև վերջ, հետագայում խոստացավ, որ կծրագրեն ավելի երկար ժամանակով հանդիպում, որպեսզի այն ավելի արդյունավետ լինի:

«Այս քննարկման արդյունքում ոգևորված եմ, որովհետև երբ գալիս էի այստեղ, գիտեի, թե ինչ լսարանում եմ այս քննարկմանը մասնակցելու, և տեսա այս սարսափազդու վերնագրով գիրքը, լարվեցի բավական: Առաջինը, երբ բացեցի ցանկը, վերնագրերը կարդացի, հասկացա, որ գտնվում ենք «նույն ալիքի վրա», մի պահ նույնիսկ մտածեցի, որ խոսողներն ուզում են մեզ դուխ տալ, հետո հասկացա, որ իրականում այդպես չէ: Առաջին հինգ զեկույցների արդյունքներով հենց թվագրմամբ էլ շարադրված է մեր քայլերի տրամաբանությունը և առաջնահերթությունը, այն քայլերի, ինչ մենք այս ընթացքում անում ենք, արել ենք և պիտի փորձենք ավելի լավ անել: Սա կարևոր խնդիր է, հեղափոխությունից հետո անընդհատ, նաև քաղաքական հարթակներում, երբ մեզ հարցնում էին տնտեսական անելիքների մասին, մենք առաջին հերթին կարևորում էինք երկրում սահմանադրականությունը, մեզ ասում էին` լավ, դա ի՞նչ տնտեսական հարց է»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց` տնտեսության համար կարևոր է օրինականությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, արդարության միջավայրի ձևավորումը: Հաջորդ խնդիրն, ըստ վարչապետի պաշտոնակատարի, պետական կառավարման համակարգի ծայրահեղ անարդյունավետությունն է, ինչը ձևակերպել են որպես քաղաքական խնդիր, որին անխուսափելիորեն անդրադառնալու է 2019-ին` վստահության քվե ստանալու դեպքում:

«Խոսվեց հնարավորության մասին, մեր գաղափարախոսության առանցքային կետում հենց դա է: «Իշխանությունը չարեց սա…, սա…, սա…», իմ կարծիքով` այդ ընկալումն ինչ-որ տեղ հին քաղաքական համակարգի իներցիա է, երբ իշխանությունը բոլոր լծակները վերցնում է իր ձեռքը, բնականաբար, չարածի պատասխանատուն ինքն է: Գրոտեսկի պես բան է դարձել, բայց մարդիկ իրենց բաժնեմասերի օտարման, բաժնեմաս գնելու հետ կապված հարկ են համարել գալ, հարցնել` վարչապետը կո՞ղմ է, թե՞ չէ, կլինի՞` վաճառի, թե՞ չէ, չորս հոգի ուզում է, ո՞ւմ վաճառի. սա աբսուրդ է, բայց իսկապես իրականություն է եղել: Այսօր ստեղծվել է հնարավորություն, որ խնդիրների լուծման պատասխանատվությունը ոչ միայն կառավարությանը լինի, այլև հանրային տարբեր շերտերինը»,- նշեց Փաշինյանը:

Նա հայտնեց, որ առնվազն 2015 թ.-ից, երբ իրենց քաղաքական տեսլականը ձևակերպել են, բոլոր հանրային խնդիրների լուծման համար անհատական ջանքը համարել են առանցքային: Կառավարության ղեկավարը խոսեց «մարդկանց վարքի ու վերաբերմունքի փոփոխության» կարևորության մասին, նկատեց, որ հեղափոխությունն, ըստ էության, եղել է այդ պատճառով, որ վարքի փոփոխություն է տեղի ունեցել: Նա հեղափոխության օրերից, իր գնահատմամբ, «պարզունակ» մի դրվագ հիշեց.

«Երբ մենք որոշել էինք, որ փողոցները պիտի փակենք, ես, լինելով ԱԺ պատգամավոր, խմբակցության ղեկավար, պառկել էի քաղաքային ավտոբուսի դիմաց, դա էլ է վարքի փոփոխություն: Մի տղա շատ կոպիտ վիճում էր հետս, ասում էր` ես դասի եմ, ես նրան բացատրում էի` ագրեսիվությանն ագրեսիվությամբ չպատասխանելով: Հաջորդ օրը կողքիս քայլող մի տղա ասում է` չե՞ք հիշում ինձ: Նույն տղան էր, փաստորեն վարքագծի փոփոխություն էր եղել»:

Փաշինյանը նշեց, որ թեպետ քաղաքական վարքի փոփոխություն, ըստ էության, տեղի է ունեցել, բայց երբ տնտեսական վարքի փոփոխություն տեղի ունենա, դա կլուծի նաև տնտեսական հեղափոխության խնդիրը` սկսած նրանից, թե հարկ վճարողն ինչպես է ընկալում հարկ վճարելու այդ պարտականությունը` վճարում է որպես բե՞ռ, լո՞ւծ, կաշկանդող բա՞ն, թե՞ որպես երկրի փոփոխություններին իր մասնակցություն: Ըստ Փաշինյանի` հարկ վճարողի, աշխատողի և գործարարի վարքագծի փոփոխությունը, հանրության կողմից գործարարների ընկալումն ամենաառանցքային խնդիրներն են, որ պետք է լուծեն: Նրա խոսքով` գործարարության նկատմամբ հիմնականում ձևավորվել է վատ վերաբերմունք, որովհետև նրանք անընդհատ ներքաշվել են քաղաքական պրոցեսների մեջ, և իշխանությունը դրանում շահագրգռված է եղել:

«Ըստ էության, քաղաքական պրոցեսները տարել են այնտեղ, որ առաջիկա ընտրություններում գործարար թեկնածուների թիվն աննախադեպ ցածր է, բայց ես չեմ ուզում, որ դա ընկալվի որպես գործարարի գնահատականը, համարումը նսեմացնելու երևույթ, դա հակառակ պրոցեսն է: Գործարար պետք է նշանակի շատ ավելին, քան նշանակում է պատգամավոր, որովհետև գործարարն այն մարդն է, որը ստեղծում է արդյունք, աշխատատեղ, ով առաջ է քաշում պետական եկամուտների լոկոմոտիվը, որի գործունեության արդյունքում ձևավորվում է այն հարթակը, որտեղ տեղի է ունենում տնտեսական, քաղաքական և միջազգային աշխարհաքաղաքական փոփոխություն մեր միջավայրում: Կասկածից վեր է, որ ժողովրդագրական խնդիրը մեր ամենակարևոր խնդիրն է, դրա լուծման առումով համաձայն եմ, եթե դնենք բնական աճի տրամաբանության մեջ, եթե նույնիսկ հիմա մեծ հաջողություն ունենանք, խնդիրը կլուծվի 15-20 տարի հետո միայն»,- ասաց նա:

Վարչապետի պաշտոնակատարը կարևորեց ներգաղթի գաղափարը, միաժամանակ ընդգծեց, որ զուտ ֆիզիկական տեղափոխությունը նկատի չունեն, այլ հույս ունեն, որ դրանով իրականության մեջ կտեսնեն կապիտալի, նոր մշակույթի ներգաղթ, որովհետև աշխարհասփյուռ ժողովուրդ ենք: Նա ներկայացրեց իրեն դուր եկող գաղափարը, դա հետևյալն է` մեր երկիրը պետք է սփյուռքի տարբեր համայնքներից ներգաղթի օբյեկտ դառնա, որտեղ գան` իրենց հետ բերելով նոր մշակույթ, նոր հայացք, նոր միտք, և այդ գործընթացի արդյունքում պետք է ունենանք հազարամյա, բայց նորածին և վերածնված ժողովուրդ, հասարակություն, հանրություն:

Փաշինյանը գոհունակությամբ արձանագրեց, որ այստեղ չհնչեց որևէ նախադասություն, որին ասեր «ո՛չ, համաձայն չեմ», առավելագույնը 3-4 միտք կար, որին կասեր՝ «այո՛, բայց…»:

«Սա ինձ ուրախացնում է, որովհետև դա նշանակում է, որ ինչ-որ առումով ձևավորվել է հանրային համընդհանուր զգացողություն մեր անելիքների վերաբերյալ, ընդհանրության զգացողությունը, հնարավոր է, վերականգնվում է, դա կարող է լինել հեղափոխության հաջորդ արդյունքը: Նույն փաստերի հետ առերեսվելով՝ գալիս ենք նույն եզրակացություններին և գծում ենք անելիքի ճանապարհային քարտեզը: Հուսով եմ՝ հետագայում՝ շարունակության մեջ էլ որոշակի համաձայնություն կլինի այն քայլերի շուրջ, որ մենք անում ենք: Մենք կարևոր ենք համարում այսպիսի ֆորմատները՝ որպես գաղափարների գեներացման և դրանց իրագործելու հարթակ, ճանապարհային քարտեզ մշակելու, նաև որոշակի կոնկրետ լուծումների գնալու, առաջարկներ լսելու առումով: Մենք բաց ենք այսպիսի քննարկումների համար»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP