Տարեկան կտրվածքով հայտնաբերվել են ավելի քան 19 մլրդ դրամի չափով տարբեր բնույթի խախտումներ, չարաշահումներ կամ ոչ արժանահավատ ծախսեր․ ՊՎԾ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+18.09 oC

Տարեկան կտրվածքով հայտնաբերվել են ավելի քան 19 մլրդ դրամի չափով տարբեր բնույթի խախտումներ, չարաշահումներ կամ ոչ արժանահավատ ծախսեր․ ՊՎԾ

11:27 09.01.2020

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իր գործառույթների շրջանակներում 2019 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում ևս շարունակաբար ապահովել  է  Հայաստանի Հանրապետության վարչապետին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Ծառայության կողմից իրականացված ուսումնասիրություններն ու մշտադիտարկումներն ընդգրկել են տնտեսական, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, պետաիրավական, սոցիալական, գնումների, ինչպես նաև հարակից այլ ոլորտները և ուղղությունները։

Հիշյալ գործընթացի շրջանակներում արձանագրված փաստերն ու տեղեկությունները ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ենթարկվել են համակողմանի վերլուծությունների, ինչպես նաև քննարկվել են այն կառույցների և կազմակերպությունների հետ, որտեղ կատարվել են տվյալ ուսումնասիրությունները կամ մշտադիտարկումները։

Վերահսկողություն իրականացնելու արդյունքում մշակվել և համապատասխան իրավասու մարմիններին ներկայացվել են նաև բազմաբնույթ առաջարկություններ օրենսդրական բարեփոխումների և հետագա աշխատանքների կատարելագործման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Ընդհանուր առմամբ տարեկան կտրվածքով կատարվել են շուրջ երեք տասնյակ ուսումնասիրություններ, գրեթե վեց տասնյակ մշտադիտարկումներ, որոնց արդյունքում, դեռևս նախնական տվյալներով, հայտնաբերվել են ավելի քան 19 մլրդ դրամի չափով տարբեր բնույթի խախտումներ, թերություններ, անհամապատասխանություններ, չարաշահումներ կամ ոչ արժանահավատ ծախսեր, ռիսկային գնահատված թվային ցուցանիշներ, չհաշվարկված պայմանագրային տույժեր և այլն։

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, տարբեր գործընթացների կանոնակարգմամբ պայմանավորված, արձանագրվել  են նաև ՀՀ պետական բյուջեի որոշակի տնտեսումներ։

Հարկ է ընդգծել նաև, որ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած աննախադեպ բարեփոխումների տրամաբանությունն ու ծավալները, Պետական վերահսկողական ծառայությունն իր իրավասությունների շրջանակներում իրականացնում է առավելագույնը՝ պետական համապատասխան քաղաքականության պահանջների լիարժեք իրագործման համար։

Եվ հիմք ընդունելով վերը նշված հիմնական գերակայությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում կատարված աշխատանքներին զուգահեռ նախանշվել են նաև 2020 թվականի ընթացքում նախատեսվող ծրագրերն ու առաջնահերթությունները։

Կարևորելով ՀՀ Պետական վերահսկողական ծառայության գործունեության հրապարակայնությունն ու վերջինիս ուղղությամբ հանրության պատշաճ տեղեկացվածության ապահովումը՝ ստորև ներկայացվում է հաշվետու ժամանակահատվածում իրականացված հիմնական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը։

Անհրաժեշտ է հավելել նաև, որ իրականացված որոշ ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքներում առկա են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք հրապարակման ենթակա չեն և ներառված չեն սույն փաստաթղթում։

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

  • Ուսումնասիրություն է իրականացվել ՀՀ ոստիկանությունում: Ուսումնասիրության ենթակա ոլորտն ընդգրկել է հաշվառման համարանիշերի գնման գործընթացների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ի միջև կատարված գործարքների օրինականությունը և արդյունավետությունը։ Ուսումնասիրության արդյունքում ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված տեղեկանքի հիման վրա վերջինիս կողմից հարուցվել է քրեական գործ:

Վերոնշյալ ուսումնասիրության ավարտից հետո ՀՀ ոստիկանության կարիքների համար հաշվառման համարանիշերի ձեռքբերման նպատակով վերջինիս կողմից 06.06.2019թ. կազմակերպվել է ՀՀ Ո ՀԲՄԱՇՁԲ-ՀԱՄ-2019/Ա-52 ծածկագրով գնման ընթացակարգ՝ 260 000 հատ հաշվառման համարանիշի համար սահմանելով 487 500 000 ՀՀ դրամ նախահաշվային գին (մեկ հատի գինը՝ 1 875 ՀՀ դրամ կամ մեկ զույգի գինը՝ 3 750 ՀՀ դրամ): Հարկ ենք համարում նշել, որ ուսումնասիրության արդյունքում հաշվառման համարանիշերի տեխնիկական բնութագրում արձանագրված թերություններն արդեն իսկ այս մրցույթում շտկվել են, մասնավորապես՝ հավելվածով ներկայացվել է հոլոգրամային պաշտպանվածության նկարագիրը, որը նախկին մրցույթներում բացակայում էր, ինչպես նաև չեն սահմանվել «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ, տիպեր և հիմնական չափեր. Տեխնիկական պահանջներ» ՀՍՏ 110-2014 Հայաստանի ազգային ստանդարտից տարբերվող չափորոշիչներ:

Ընթացակարգին մասնակցության հայտ են ներկայացրել երկու կազմակերպություն՝ «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ն և «Զնակ Ստանդարտ» ՍՊԸ-ն («Տիպոգրաֆիա N2» ՍՊԸ-ի հետ կոնսորցիումով) համապատախանաբար 341 640 000 (մեկ հատի գինը՝ 1 314 ՀՀ դրամ կամ մեկ զույգի գինը՝ 2 628 ՀՀ դրամ)  և 358 020 000 (մեկ հատի գինը՝ 1 377 ՀՀ դրամ կամ մեկ զույգի գինը՝ 2 754 ՀՀ դրամ) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) գնային առաջարկներով: Այս կապակցությամբ հատկանշական է այն հանգամանքը, որ տասը տարի շարունակ՝ 2008 թվականից սկսած, ՀՀ ոստիկանության կարիքների համար հաշվառման համարանիշերի ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթներին հայտ է ներկայացրել միայն «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ն, որը ներկայացրել է գնման առարկայի նախահաշվային արժեքին հավասար գնային առաջարկներ: Ընդ որում, 2019 թվականի կարիքների համար կազմակերպված նախորդ երկու մրցույթներին, բացի նշված ընկերությունից, արդեն մասնակցության հայտ էր ներկայացրել նոր կազմակերպություն՝ «Զնակ Ստանդարտ» ՍՊԸ-ն («Տիպոգրաֆիա N2» ՍՊԸ-ի հետ կոնսորցիումով) ավելի ցածր գնային առաջարկով, իսկ «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ն շարունակում էր ներկայացնել նախահաշվային արժեքին գրեթե հավասար գնային առաջարկներ: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացված ուսումնասիրությամբ պայմանավորված՝ հաշվառման համարանիշերի գնման գործընթացը կազմակերպվել է մրցակցության հավասար պայմաններում և «Բիլլ Սթոուն» ՍՊԸ-ն ներկայացրել է շուրջ 40%-ով ցածր գնային առաջարկ (նախկինում՝ 2015 թվականից սկսած, ներկայացնում էր մեկ հատի համար 2 190 ՀՀ դրամ, իսկ այժմ՝ 1314 ՀՀ դրամ), ինչը ենթադրում է, որ նախկինում ևս նշված ընկերությունը կարող էր ներկայացնել ցածր գնային առաջարկներ: Ընդ որում, հատկանշական է նաև այն հանգամանքը, որ դեռևս 2015 թվականից սկսած նշված կազմակերպության առաջարկով, գնային քաղաքականության մի շարք գործոններով պայմանավորված, հաշվառման համարանիշերի նախահաշվային գինը մեկ հատի համար ՀՀ ոստիկանությունը սահմանել է 2 190 ՀՀ դրամ կամ մեկ զույգի համար՝ 4 380 ՀՀ դրամ:

Արդյունքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունից հետո, ՀՀ ոստիկանության կողմից կազմակերպված միայն տվյալ ընթացակարգի շրջանակներում ՀՀ պետական բյուջեն տնտեսել է  շուրջ 145 860 000 ՀՀ դրամ:

  • 2019 թվականի հունիսի 12-ի թիվ Հ/009-19 հանձնարարագրով ևս հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ ոստիկանությունում իրականացվել է ուսումնասիրություն։ Մասնավորապես ուսումնասիրություն է իրականացվել ՀՀ ոստիկանության և «ԿաԷռ Քնսթրաքշն» ՍՊԸ-ի, «Գոհարիկ» ՍՊԸ-ի, «Ագաթ 777» ՍՊԸ-ի, «Որդի Տարնոն» ՍՊԸ-ի և «Էրիկ-Շին» ՍՊԸ-ի միջև կնքված շինարարական կապալի պայմանագրերի օրինականության և արդյունավետության գնահատման նպատակով։

Նույն հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրություն է իրականացվել նաև ՀՀ ոստիկանության և «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի,  «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի, «ԳԴԱԿ» ՍՊԸ-ի, «Աշոտ Ղարագյոզյան» ՍՊԸ-ի  և մի շարք այլ մատակարարների միջև կնքված՝ պետության կարիքների համար հանդերձանքի ձեռքբերման գնման պայմանագրերի օրինականության և արդյունավետության գնահատման նպատակով։ Ուսումնասիրությունը գտնվում է ամփոփման փուլում։

  • 2019 թվականի հունիսի 12-ի թիվ Հ/010-19 հանձնարարագրի հիման վրա ՀՀ ոստիկանությունում իրականացվել է ուսումնասիրություն.

ա) ՀՀ ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցների ձեռք բերման և դրանց տեխնիկական սպասարկման նպատակով իրականացված գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ,

բ) ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաների օրինականության և արդյունավետության նկատմամբ,

գ) գնման գործընթացների ուսումնասիրության արդյունքում արձանագրված նախնական ռիսկերի նկատմամբ:

ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարելու արդյունքում պետությանն առերևույթ պատճառված հնարավոր վնասի չափը, նախնական գնահատմամբ,  գերազանցում է 700 մլն ՀՀ դրամը:

Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են նաև բազմաթիվ խախտումներ, որոնք թեև արձանագրվել են, սակայն դրանց արդյունքում պետությանը հասցված վնասի չափն այս փուլում հնարավոր չի եղել հստակեցնել:

Ընդհանուր առմամբ, ՀՀ ոստիկանությունում իրականացված և Ծառայության կողմից ռիսկային գնահատված գնման գործընթացների ուսումնասիրության արդյունքում բացահայտված խախտումները վերլուծելով՝ նշված գործընթացները կարելի է բնորոշել ոչ մրցակցային, խտրական չափորոշիչների կիրառմամբ, ձևական բնույթի մրցույթներ: Նկարագրված իրավիճակն առկա է մասնավորապես՝ քարթրիջների, պլաստիկ քարտերի, տեսանկարահանման սարքերի ձեռքբերման, ձերբակալված անձանց պահպանման նպատակով սննդի մատակարարման, ուղևորափոխադրման ծառայությունների ձեռք բերման և այլ գործընթացներում։ Առկա է հիմնավոր կասկած մի շարք դեպքերում փոխկապակցված անձանց կողմից միևնույն մրցույթին կազմակերպված մասնակցության, առերևույթ ոչ արժանահավատ,  կեղծ պայմանագրերի ներկայացման, ներկայացված փաստաթղթերում կեղծ ստորագրություններ դնելու, ուռճացված գներով պայմանագրերի կնքման, ոչ բավարար հիմքերով մասնակիցների մերժման, մրցույթը հաղթած և ապրանքի մատակարարումից կամ ծառայության մատուցումից հրաժարված մասնակցին գնումներին մասնակցության իրավունքից զրկելու առաջարկի չներկայացման՝ արդյունքում հնարավորություն տալով ավելի բարձր գին ներկայացրած մասնակցին մրցույթում հաղթող ճանաչվելու, տեխնիկական չափանիշներին չհամապատասխանող ապրանքի մատակարարման ու ընդունման և այլ անօրինական  գործընթացների իրականացման վերաբերյալ: Արձանագրվել է նաև մի շարք գնման ընթացակարգերի փաստաթղթերի փաթեթների կորուստ, որի վերաբերյալ Ծառայության կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ ոստիկանապետին. ընթանում է ծառայողական քննություն։

ՀՀ ոստիկանությունում ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված առանձին դեպքերի մի մասը ներկայացված են ստորև՝

— Ուսումնասիրությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Վահան» հիմնադրամին դրամաշնորհների տեսքով փոխանցված գումարներից 368,437,408 դրամը օգտագործվել է հիմնադրամի կանոնադրական նպատակներին ոչ համապատասխան։

— ՀՀ ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, պլաստիկ քարտերի, ինչպես նաև նրանց անձնավորեցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման գործընթացների օրինականության և արդյունավետության ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեռևս 08.10.2010թ-ին «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի և «X» ընկերության միջև ՀՀ ոստիկանության կարիքների համար տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, պլաստիկ քարտերի, ինչպես նաև նրանց անձնավորեցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման նպատակով կնքվել է գնման պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։ Նշված ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, պլաստիկ քարտերի, ինչպես նաև նրանց անձնավորեցման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերումը մրցակցային երկխոսություն գնման ձևով չի հիմնավորվում և այն կրել է ձևական բնույթ, մինչդեռ 19.12.2014թ-ին կնքված պայմանագրի շրջանակներում գնման առարկաների միավորի գները էապես աճել են։ Ընդ որում, գները բարձրացվել են դեռևս գնման հայտով, որի վերաբերյալ որևէ հիմնավորում ներկայացված փաստաթղթերի փաթեթներում առկա չէ: Այսինքն՝ պատասխանատու ստորաբաժանման կողմից գնման հայտով ներկայացված 3 գնման առարկաների մասով չհիմնավորված բարձր միավոր գների հիման վրա «X» ընկերության հետ կնքվել է պայմանագիր՝ նախկինում առկա պայմանագրի գնման առարկաների միավոր գներից բարձր գներով, որը հանգեցրել է 462,729 ֆրանկ ավել ծախս կատարելուն:

— ՀՀ ոստիկանության կողմից «Երեխայի զարգացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրվող սուբսիդիաների օրինականության և արդյունավետության ուսումնասիրությամբ պարզվել է, որ համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման՝ ՀՀ ոստիկանության և «X» ՍՊԸ-ի միջև հաստատված պայմանագրային պարտավորությունները սահմանված ժամկետներում չեն կատարվել, որի արդյունքում առաջացել է ՀՀ ոստիկանության կողմից 1,183,554,400 դրամի վերականգման պահանջ։ Պետական վերահսկողական ծառայությունը և ՀՀ ոստիկանությունը համատեղ քայլեր են ձեռնարկում նշված խնդրի կարգավորման ուղղությամբ։

— Ոստիկանության համար շարժական գույքի ձեռքբերման նպատակով իրականացված   գործընթացներում՝

— ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջների խախտմամբ զուգորդված առերևույթ կեղծ փաստաթղթերի կազմմամբ և օգտագործմամբ մեկ գերթանկարժեք տրանսպորտային միջոցի ձեռք բերում երկու միավոր տրանսպորտային միջոցի փոխարեն։

— Տրանսպորտային միջոցների ձեռք բերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգեր՝ պահանջվող ապրանքների խտրական տեխնիկական բնութագրերի կիրառմամբ: Արդյունքում՝ ներկայացվող գնման հայտերում ներկայացվել են կոնկրետ ապրանքանիշի և կոնկրետ մոդելի տեխնիկական բնութագրեր՝ բացառելով այլ արտադրողների մասնակցությունը։

— Մի շարք դեպքերում մատակարարվել են պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերից տարբերվող տեխնիկական բնութագրեր ունեցող տրանսպորտային միջոցներ։

— Մի շարք դեպքերով ՀՀ ոստիկանությանը մատակարարված ավտոմեքենաների արժեքները գերազանցել են տվյալ պահին կազմակերպությունների կողմից այլ տնտեսվարողներին նույնատիպ ավտոմեքենաների մատակարարման գները:

— ՀՀ ոստիկանության տրանսպորտային միջոցների սպասարկման պայմանագրերում առկա են ակնհայտ խախտումներ: Մասնավորապես՝ կառավարության որոշումներով մեկ անձից գնման ձևի կիրառմամբ կնքվել է շուրջ 24 պայմանագիր ընդհանուր 1,305,250,000 դրամ գումարով։ Սպասարկվող մեքենաների ցանկում ներառվել են նաև երաշխիքից դուրս գտնվող տրանսպորտային միջոցներ։ Վերջիններիս սպասարկման համար չի իրականացվել մրցակցային ընթացակարգ և ծառայությունները ձեռք են բերվել մեկ կազմակերպությունից։

Հարկ է նշել, որ գնման մրցակցային ընթացակարգ հայտարարելու դեպքում պայմանագրերը կկնքվեին սպասարկման նվազագույն գին առաջարկած կազմակերպությունների հետ, ինչի հետևանքով կարող էին տնտեսվել տեխնիկական սպասարկման համար նախատեսված ֆինանսական միջոցները։

Մյուս կողմից, 2017-2019թթ գրանցամատյանների ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ երաշխիքային սպասարկման մեջ գտնվող տրասնպորտային միջոցները վճարովի սպասարկվել են տեխնիկական սպասարկում իրականացնող այլ  կազմակերպությունների կողմից:

— ՀՀ ոստիկանության կողմից «Դինամո» մարզական հասարակական ակումբ ՀԿ-ին տրամադրված դրամաշնորհների օրինականության և արդյունավետության ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Դինամո» մարզական հասարակական ակումբ ՀԿ-ն գտնվում է ՀՀ ոստիկանության փաստացի վերահսկողության ներքո։ Ունենալով իր հաշվեկշռում մեծարժեք ակտիվներ՝ անշարժ գույքի տեսքով, ՀԿ-ն չի ձեռնարկել որևէ քայլ իր սեփականությունը հանդիսացող գույքի վարձակալությունից եկամուտներ ապահովելու ուղղությամբ։ Մինդեռ 2014-2019թթ․ ընթացքում կազմակերպությանը պահպանման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից դրամաշնորհի տեսքով 129,468,4 հազ․ դրամ է հատկացվել։ Առկա է խնդիր նաև վերոնշյալ կազմակերպության հաշվեկշռում առկա գույքի մի մասի կադաստրային գրանցման գործընթացի հետ կապված։ Պետական վերահսկողական ծառայության կողմից առաջարկվել է ՀՀ ոստիկանությանը հստակեցնել իր իրավահարաբերությունը «Դինամո» մարզական հասարակական ակումբ ՀԿ-ի հետ և նախաձեռնել գործընթացներ վերոնշյալ կազմակերպության ֆինանսական անկախության ամրապնդման ուղղությամբ՝ վերանայելով բյուջետային միջոցներից դրամաշնորհնրի տրամադրումը։

Ամփոփված տեղեկանքն ուղարկվել  է ՀՀ դատախազություն, հարուցվել է քրեկան գործ` բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսման հատկանիշներով։

  • 2019 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ Հ/017-19 հանձնարարագրի համաձայն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում իրականացվել է ուսումնասիրություն։

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է վերահսկվող օբյեկտին՝ կարծիք ներկայացնելու նպատակով:

  • Թիվ Հ/015-19 հանձնարարագրի համաձայն 2019 թվականի սեպտեմբերի 11-ից ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացվել է պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել են 2,103,987.7  հազ. դրամի հազ. դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերություններ: Մասնավորապես՝

-Գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակներում առանց աշխատանքների կատարման ծախսը հիմնավորող փաստաթղթերի՝ թերությունների և կատարողական ակտերի, կատարվել են 1,001,433.3 հազ. (մեկ միլիարդ մեկ հազար չորս հարյուր եռեսուներեք հազար երեք հարյուր) դրամի չհիմնավորված և անարժանահավատ ծախսեր:­

-Ընկերության պայմանագրային աշխատակիցների անվամբ հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի համաձայն դուրս է գրվել, սակայն այդ անձանց չի վճարվել 40,758.8 հազ. (քառասուն միլիոն յոթ հարյուր հիսունութ հազար, ութ հարյուր) դրամի աշխատավարձ:

-Ընկերությունը 318,618.0 հազ.խմ ոռոգման ջուրը իրական ծավալներով չհաշվառման արդյունքում պակաս է հաշվարկել և ջրի կառավարման համակարգում հասույթ չի ձևավորել 321,804.0 հազ. դրամ:

-էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցության փոխհատուցման համար ՀՀ պետական բյուջեից պահանջել և ստացել են 386,725.5 հազ. (երեք հարյուր ութսունվեց միլիոն յոթ հարյուր քսանհինգ հազար, հինգ հարյուր) դրամ ավելի գումար:

-Խախտելով հաստատված ոռոգման ջրի կորուստների առավելագույն ընդունելի մակարդակները՝ ջրի կորուստի ծավալների ընդունելի մակարդակներից գերազանցել են 90,372.8 հազ. մ³-ով, որը ջրտուքի դեպքում դրամային արտահայտությամբ կազմում է 204,590.6 հազ. (երկու հարյուր չորս միլիոն հինգ հարյուր ինսուն հազար, վեց հարյուր) դրամ:

-Անարդյունավետ կառավարման արդյունքում ընդհանուր 1,145.0 հազ.կվտ էլ.էներգիայի ավել ծախս է կատարվել 44,105․4 (քառասունչորս միլիոն հարյուր հինգ հազար չորս հարյուր) հազ. դրամի չափով, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից նույն գումարի չափով ավելի սուբսիդիայի գումար է ստացվել։

-Ընկերության մի շարք աշխատակիցներ բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, սակայն այդ ընթացքում նրանց վճարվել են աշխատավարձեր՝ 11,897.6 հազ. (տասնմեկ միլիոն ութ հարյուր ինսունյոթ հազար վեց հարյուր) դրամի չափով։

-Ընկերության կողմից առանց սկզբնական հաշվառման փաստաթղթերի դուրս է գրվել 55,242.1 հազ. (հիսունհինգ միլիոն երկու հարյուր քառասուներկու հազար, մեկ հարյուր) դրամ սկզբնական արժեք ունեցող թվով 36 հիմնական միջոցներ, որոնց դուրսգրումն իրականացվել է առանց շուկայական արժեքի գնահատման և դրանց վերաբերյալ չեն կազմվել հիմնական միջոցների շահագործումից հանման ակտեր։

-2014 թվականի գույքի փոխանցման ակտի և 2017 թվականին կատարված գույքագրման տվյալների համաձայն` առկա է 5,097.6 հազ. (հինգ միլիոն ինսունյոթ հազար վեց հարյուր) դրամի խողովակաշարի պակասուրդ և 407.2 հազ. (չորս հարյուր յոթ հազար երկու հարյուր) դրամի խողովակաշարի ավելցուկ:

-ՀՀ կառավարության որոշմամբ դրամաշնորհի ծրագրի շրջանակներում Ընկերությանը տրամադրված գումարից չի ծախսվել 26,668.7 (քսանվեց միլիոն վեց հարյուր վաթսունութ հազար յոթ հարյուր) հազ. դրամ, որը ուսումնասիրություն իրականացնող խմբի պահանջով վերադարձվել է ՀՀ պետական բյուջե:­

-Ընկերության կողմից Ապարանի ջրամբարից բաց է թողնվել 5,204.9 հազ․խմ չհաշվառված ջուր, որը ինքնահոս եղանակով ոռոգման ջրի մատակարարման 1․01 դրամ սակագնով հաշվարկելիս կազմում է 5,256.9 (հինգ միլիոն երկու հարյուր հիսունվեց հազար ինը հարյուր) հազ․ դրամ։

-Ընկերությունն իր կարիքների համար խախտելով «Գնումների մասին» օրենքի, ՀՀ Կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն և 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշումներով սահմանված պահանջները, կատարել է ապրանքների և ծառայությունների գնում:

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն։

  • 2018 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ Հ/017-18 հանձնարարագրի համաձայն՝ «Երևան» ջրօգտագործողների ընկերությունում իրականացվել է պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել են 167,000.0 հազ. դրամի տարբեր բնույթի խախտումներ և անհամապատասխանություններ:

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է  ՀՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2019 թվականի սեպտեմբերի 30-ին հարուցվել է թիվ 69106219 քրեական գործը:

  • Թիվ Հ/012-19 հանձնարարագրի համաձայն 2019 թվականի հուլիսի 10-ից «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությունում իրականացվել է պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել են 1,855,337․7 հազ. դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերություններ:

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը ներկայացվել է ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է թիվ 58154519 քրեական գործը:

  • 2019 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ Հ/016-19 հանձնարարագրով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում իրականացվել է համապատասխան ուսումնասիրություն: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 1.2 մլրդ դրամի չարաշահում:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մշտապես իրականացվել են ծախսեր շահագործման ժամկետն անցած վագոնների վերանորոգման նպատակով, այն դեպքում, երբ նշված միջոցների շրջանակներում հնարավոր էր ձեռք բերել նոր, ժամանակակից վագոններ: Մասնավորապես, 2011-2018 թվականների ընթացքում շահագործման ժամկետն անցած 80-ականների արտադրության հնացած վագոնների վերանորոգումների և պահեստամասերի ձեռքբերման նպատակով կատարվել է շուրջ 8.5 մլրդ դրամի ծախս կամ մեկ վագոնի վրա միջինը շուրջ 300 մլն դրամի ծախս, այն դեպքում, երբ շուրջ 600 մլն դրամով հնարավոր էր ձեռք բերել ժամանակակից, էներգախնայող, հաճախակի վերանորոգումներ չպահանջող եվրոպական արտադրության վագոններ:

Ուսումնասիրության այլ արդյունքներ՝

-Կապալառու ռուսական ընկերության հետ, որը ՀՀ-ում ունի ներկայացուցչություն, 2016թ. առաջին անգամ կնքվել է պայմանագիր վագոնների վերանորոգման աշխատանքները կատարելու համար (հաջորդ տարիներին ևս կնքվել են այլ պայմանագրեր): Ընկերությունը չի կատարել պայմանագրային պարտականությունները կամ կատարել է ոչ պատշաճ որակով, սակայն աշխատանքների արդյունքներն ընդունվել են Մետրոպոլիտենի կողմից և իրականացվել է վճարում: Վերոնշյալ և այլ խախտումների արդյունքում ընկերությունը, 1.2 մլրդ դրամի եկամուտ ստանալով, ապահովել է առնվազն 677.0 մլն դրամի գերշահույթ: Առկա են ընկերության կողմից անապրանք փաստաթղթեր ձեռք բերելու (համապատասխան ծավալով ծառայություն չի մատուցվել, սակայն առկա են ձեռքբերման փաստաթղթեր) և վերոգրյալի արդյունքում պետությանը առանձնապես խոշոր չափերի՝ առնվազն 128.0 մլն դրամի հարկ չվճարելու վերաբերյալ հիմնավոր կասկածներ: Ընկերությունից 2017-2018թթ. գնումներն իրականացվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ՝ առանց գնման որևէ ընթացակարգի:

-Մետրոպոլիտենի կողմից վրացական երկու և ռուսաստանյան երեք նորաստեղծ ընկերություններից իրականացվել են 674.0 մլն դրամի գնումներ «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ՝ առանց գնման որևէ ընթացակարգի և իրավական հիմքի (գնման առարկան ներառված չի եղել գնումների պլանում և տնօրենների խորհդի կողմից հաստատված ծախսային նախահաշիվներում): Ձեռքբերված ապրանքներից 511.0 մլն դրամի ապրանքների շուկայական արժեքը կազմում է 274.0 մլն դրամ: Ընդհանուր առմամբ իրականացվել է 1.7 մլրդ դրամի գնում առանց գնման որևէ ընթացակարգի:

-Մետրոպոլիտենի մասնաճյուղի աշխատակիցները միաժամանակ աշխատել են մասնաճյուղի պետի հետ փոխկապակցված անձի հիմնադրած ընկերությունում, որը 43,215.0 հազ. դրամի ծառայություններ է մատուցել Մետրոպոլիտենին՝ ստանալով 39,464.2 հազ. դրամ շահույթ: Ընկերությունից գնումներն իրականացվել են առանց մրցակցային ընթացակարգի կամ խախտումներով անցկացված ընթացակարգով:

-ՓԲԸ-ի մեկ այլ ստորաբաժանման աշխատակիցները միաժամանակ աշխատել են ընկերությունում, որը ՓԲԸ-ին մատուցել է 10,130.0 հազ. դրամի ծառայություն՝ ապահովելով 9,001.3 հազ. դրամի շահույթ: Ընկերությունից գնումն իրականացվել է խախտումներով անցկացված ընթացակարգով: Խոսքը այնպիսի ծառայությունների ձեռքբերման ընթացակարգերի մասին է, ինչպիսիք են՝ շարժասանդուղքների բազրեփոկի լռմանը հետևող համակարգի փոխարինում, շարժասանդուղքների անվտանգության խոզանակների համալրման ծառայություն, ժամանակի սինխրոն բաժանումով համակարգչային ծառայությունների մատուցման հետ կապված ծառայություններ:

-Վերոգրյալ ընկերության կողմից Մետրոպոլիտենին մատակարարված օդաբաշխիչների շարժիչները եղել են հնամաշ և օգտագործված, սակայն վերջիններս ընդունվել են ՓԲԸ-ի կողմից, որի արդյունքում ՓԲԸ-ին պատճառվել է առնվազն 3.0 մլն դրամի գույքային վնաս:

-Լուսադիոդային թանկարժեք լամպերի ձեռքբերման արդյունքում կատարվել է 31.0 մլն դրամի անարդյունավետ ծախս՝ ստացված արդյունքին հնարավոր էր հասնել՝ այդքանով պակաս գումար ծախսելով:

-Երաշխիքային ժամկետում գտնվող 7,711.2 հազ. դրամի խափանված լուսադիոդային լամպերը պետք է մատակարար ընկերության կողմից փոխարինվեին նորերով կամ վերանորոգվեին, սակայն ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները:

Ուսումնասիրության տեղեկանքը ներկայացվել է ՀՀ վարչապետին, վերահսկվող օբյեկտին և  ՀՀ դատախազություն:

  • 2019 թվականի հուլիսի 7-ի թիվ Հ/011-19 հանձնարարագրի համաձայն ավարտվել է «Սևանի իշխանի պարշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում իրականացվող ուսումնասիրության գործընթացը։ Հայտնաբերվել են 3.3 մլրդ դրամի տարատեսակ խախտումներ: Տեղեկանքը ներկայացվել է ՀՀ վարչապետին և ՀՀ դատախազություն: ՀՀ դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով և քննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը առաջարկություն է ներկայացվել ձկնատեսակների բնականոն վերարտադրության խոչընդոտների վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
  • 2019 թվականի հունիսի 11-ի թիվ Հ/008-19 հանձնարարագրի համաձայն ավարտվել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում իրականացվող ուսումնասիրության գործընթացը: Հայտնաբերվել են խախտումներ մեկ գնման ընթացակարգի մասով, ինչպես նաև արդյունավետության վերահսկողության արդյունքում պարզվել է, որ ձեռք բերված գույքի մի մասը չի օգտագործվել հիմնադրամի կողմից, որի հետևանքով ծախսը գնահատվել է անարդյունավետ:

Տեղեկանքը ներկայացվել է ՀՀ վարչապետին և լիազոր մարմնին: Վերջինիս առաջարկվել է ձեռնարկել միջոցներ խախտումները հետագայում բացառելու ուղղությամբ:

  • Հաշվետու ժամանակահատվածում ամփոփվել է նաև 2018թ-ի հոկտեմբերի 17-ի թիվ Հ/021-18 հանձնարարագրով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում (այսուհետ՝ Ծառայություն) իրականացված ուսումնասիրությունը։

Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են խախտումներ և թերացումներ հետևյալ ուղղություններով՝ կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքներում գրանցամատյանների, աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերի վարում, աշխատակիցների ատեստավորման գործընթացի և կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետներ, հաշավապահական հաշվառման վարում, տրանսպորտային միջոցների վազքաչափերի ցուցմունքներ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարում և այլն։

Ուսումնասիրության վերաբերյալ կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն:

  • 2019 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ Հ/019-19 հանձնարարագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամում իրականացվել է ուսումնասիրություն: Ուսումնասիրության առարկա է հանդիսացել 2015թ. Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում կատարված ծախսերի այնպիսի ուսումնասիրությունները, որոնք չեն իրականցվել ՀՀ Հաշվեքննիչ պալատի կողմից ստուգման (2018-2019թթ.) ընթացքում՝ պայմանավորված «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի սահմանափակումներով (օրենքով ՀՀ հաշվեքննիչ պալատի լիազորություններից դուրս գտնվող և վերջինիս կողմից չստուգված հարցեր): Ուսումնասիրության ընթացքում խախտումներ են հայտնաբերվել 89,942.7 հազ. դրամ արժեքով կնքված գործարքների ուղղությամբ: Մասնավորապես, համերգների կազմակերպման ծառայություններ մատուցող ընկերության կողմից չի պատրաստվել ֆիլմ և չեն կազմակերպվել համերգներ պայմանագրով սահմանված ծավալներին համապատասխան, սակայն հիմնադրամի կողմից ծառայությունն ընդունվել է և իրականացվել է վճարում:

Ուսումնասիրության տեղեկանքը ներկայացվել է ՀՀ վարչապետին, վերահսկվող օբյեկտին և ՀՀ դատախազություն:

  • 2019 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ Հ/020-19 հանձնարարագրի հիման վրա ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և ՀՀ-ում իրականացվող ներդրումային ոլորտում պետական քաղաքականության իրականացման գործընթացներում ներգրավված այլ մարմիններում (Շրջակա միջավայրի նախարարություն, Քաղաքաշինության կոմիտե, Երևանի քաղաքապետարան, ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն, Արագածոտնի և Շիրակի մարզպետարաններ, Գորիսի, Հրազդանի, Արամուսի և Վարսերի համայնքապետարաններ) կատարվել է ներդրումների խթանման ոլորտում կառավարության քաղաքականության իրականացման գործառույթների օրինականության և արդյունավետության ուսումնասիրություն, որի շրջանակներում կազմվել է տեղեկանք և ներկայացվել ՀՀ Վարչապետին։

Ուսումնասիրությունը շարունակվում է։

  • Թիվ Հ/018-19 հանձնարարագրի հիման վրա ուսումնասիրության է իրականացվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործունեության (բացառությամբ՝ պետական միջոցների կառավարման և ձևավորման) որոշակի ոլորտների օրինականության և արդյունավետության նկատմամբ: 2016-2019 թթ. ժամանակահատվածին վերաբերող ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝

— 2019 թվականին  ՀՀ օդանավ շահագործող հանդիսացող մի քանի ընկերություններ դիմել են Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությանը  (EASA) Եվրոպական միության տարածքում թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Ընկերություններից մեկը չի ստացել անհրաժեշտ թույլտվությունը, քանի որ վերոնշյալ գործակալության մասնագետները հայտնաբերել են խնդիրներ: Ըստ էության, հայտնաբերված խնդիրները պետք է նկատված լինեին նաև Կոմիտեի վերահսկողական գործառույթն իրականացնող վարչությունների կողմից: Սակայն վերջիններիս կողմից արձանագվել են գործակալության արձանագրած խնդիրներից միայն մի քանիսը:  Հայտնաբերված խնդիրները,  պայմանավորված կոմիտեի փաստաթղթաշրջանառության կարգավորումների թերություններով, ընթացք չեն ստացել։

— Ուսումնասիրվել են ՀՀ օդանավ շահագործողի վկայականների տրամադրման կարգը, պահանջվող փաստաթղթերը և/կամ դրանց առկայությունը, հայտատուներին ներկայացվող պահանջները: Առկա են թերություններ ՀՀ օդանավ շահագործողների վկայականների տրամադրման ընթացակարգերում:

— Առկա են ՀՀ օրենսդրության պահանջների չպահպանման մի շարք դեպքեր։ Մասնավորապես՝ թեև ՀՀ օրենսդրությամբ մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների թույլտվությունների տրամադրման իրավասություն կարող են ունենալ բացառապես կոմիտեի պաշտոնատար անձինք, սակայն ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հրամանով նման իրավասություն է տրամադրվել նաև «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ աշխատակցին։

— ՀՀ օրենսդրության համաձայն, սկսած 21.01.2017թ-ից օդանավ շահագործողների կողմից ՀՀ տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր (օտարերկրյա օդանավ շահագործողների դեպքում), ինչպես նաև երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների թույլտվություն ստանալու հայտերի և դրանց կից փաստաթղթերի ընդունումը պետք է իրականացվեր www.e-gov.amկայքէջի «Լիցենզիաների ստացման հայտերի ընդունման համակարգ»-ի «Օդային հաղորդակցություն» բաժնի միջոցով։ Վերոնշյալ նպատակով USAID-ի ֆինանսավորմամբ ձեռք են բերվել շուրջ 22.5 հազար ԱՄՆ դոլարի սարքավորումներ և 45․8 մլն դրամի ծրագրային հավելված։ Թեև վերոնշյալ համակարգը գործարկման նպատակով, ըստ էության, պատրաստ է եղել 2018 թվականի դեկտեմբերից, սակայն մինչ օրս կոմիտեն հայտերը և դրանց կից փաստաթղթերը ընդունում է այլ, ոչ էլեկտրոնային եղանակով։

— ՀՀ օրենսդրությամբ սահմանված է վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տրամադրելու միայն մեկ կարգ, սակայն ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հրամանով վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները տարանջատվել են որպես օդանավակայանի ներսում և օդանավակայանից դուրս սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների։

— Օդանավակայանի ներսում և օդանավակայանից դուրս սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները ստանում են միևնույն թույլտվությունները, որոնց տրամադրման աշխատանքները, սակայն, կատարում են կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ։ Ընդ որում, ըստ կոմիտեի, օդանավակայանի ներսում վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնելու իրավունք ունեն միայն ««Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» և «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ները։

— ՀՀ օրենսդրության համաձայն միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմները (ուղղաթիռադաշտերը) պարտադիր ենթակա են սերտիֆիկացման։ Մասնավորապես, ՀՀ օդանավ շահագործող ընկերություններից մեկը կոմիտեի հաստատմանը ներկայացրած օդանավ շահագործողի ձեռնարկում նշել է ավելի քան 7 տասնյակ ուղղաթիռադաշտեր, որոնք դեռևս սերտիֆիկացված չեն։

— Բացակայում են ավիացիային առնչվող մի շարք հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ իրավական ակտերը։   Մասնավորապես՝ կարգավորված չեն ՀՀ-ում անձնական, ոչ առևտրային գործարարական, հատուկ ավիացիոն աշխատանքների իրականացման՝ հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար օգտագործվող օդանավերի դեպքում օդանավ շահագործողի վկայական տալու հետ կապված հարաբերությունները։

-Առկա են զգալի օրենսդրական բացթողումներ նաև կոմիտեի կողմից իրականացվող վերահսկողության բնագավառում: Որևէ իրավական ակտով կարգավորված չէ կոմիտեի և աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև, ինչպես նաև կոմիտեի կողմից քաղաքացիական ավիացիայի բնագավառում վարչական վիճակագրական ռեգիստրի վարման հետ կապված հարաբերությունները։

-Բացակայում են օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողություն իրականացնելու թույլտվություն տալու, օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողության և փոխադրման սպասարկման իրականացման նպատակով գրանցված գործակալի թույլտվություն տալու կարգերը, հետևաբար նաև կոմիտեի կողմից համապատասխան վերահսկողությունը։

Բացահայտված թերությունների վերացման նպատակով ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին ներկայացրել է համապատասխան առաջարկություններ․

-Ապահովել USAID-ի կողմից տրամադրված սարքավորումներով և ծրագրային հավելվածներով ավիաընկերությունների էլեկտրոնային գրանցումը www.e-gov.am կայքէջի «Լիցենզիաների ստացման հայտերի ընդունման համակարգ»-ի «Օդային հաղորդակցություն» բաժնի միջոցով:

-Միաժամանակ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ արդեն իսկ մշակված ծրագրային հավելվածի ընդլայնման ուղղությամբ:

-ՀՀ օրենսդրության շրջանակներում համապատասխան իրավական ակտով հստակ կարգավորել Կոմիտեի և աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ինչպես նաև Կոմիտեի և ՀՀ-ում առկա օդանավակայանների միջև հարաբերությունները։

-Հստակ սահմանել քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից Կոմիտեում ստացված պաշտոնական գրությունների շրջանառությունը և Կոմիտեի ղեկավարությանը դրանց զեկուցող անձանց շրջանակը։

-Կոմիտեի նախագահի համապատասախան իրավական ակտով հստակ սահմանել Կոմիտեի վերահսկողական գործառույթի իրականացման ընթացակարգը:

-ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանման մասնագետների հետ քննարկել Կոմիտեի կողմից վերահսկողական, այդ թվում՝ տեսչական գործառույթներ իրականացնելու իրավաչափությունը:

-Կոմիտեի նախագահի համապատասխան իրավական ակտով հստակ սահմանել քաղաքացիական ավիացիայի բնագավառի վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգը:

-Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն սերտիֆիկացնել ՀՀ-ում փաստացի առևտրային նպատակներով շահագործվող դեռևս չսերտիֆիկացված ուղղաթիռադաշտերը:

Տեղեկանքին ի պատասխան  ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նշել է, որ կամփոփի իր անելիքները և վերհանված թերությունների վերացման ուղղությամբ կձեռնարկի համարժեք միջոցներ՝ համաձայն գործողությունների պլան-ժամանակացույցի:

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

  • 2019 թվականի հուլիսի 30-ի թիվ Հ/014-19 հանձնարարագրի համաձայն՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում իրականացվել է ՀՀ ճանապարհների շինարարության, նորոգման և հիմնանորոգման աշխատանքների գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ուսումնասիրություն, որի արդյունքում արձանագրվել են գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների մի շարք խախտումներ:

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ Վարչապետին և ՀՀ ՏԿԵ նախարարություն։

  • 2019 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ Հ/021-19 հանձնարարագրի հիման վրա ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանում իրականացվել է ուսումնասիրություն և արձանագրվել են գնման ընթացակարգային մի շարք խախտումներ և հակաօրինական գործողություններ, որի վերաբերյալ կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ վարչապետին և ՀՀ գլխավոր դատախազություն։ Մասնավորապես՝

-Համայնքապետարանի կարիքների համար կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակներում համայնքի ավագանու՝ առերևույթ կեղծ որոշումների կիրառմամբ, գնման ընթացակարգում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը  հաղթող չի ճանաչվել, իսկ մրցույթը՝ հայտարարվել է անվավեր։ Հետագայում հայտարարված նոր մրցույթի ընթացքում հաղթող է ճանաչվել միակ մասնակից կազմակերպությունը, որը նախորդ մրցույթում ներկայացրել էր ամենաբարձր գնային առաջարկը։

-Ապարան համայնքի, «Ապարան համայնքի կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ի, «Ապարան համայնքի Արագած կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի կողմից 2017-2019թթ. ընթացքում բազմաթիվ դեպքերով իրականացվել են մի շարք շինարարական աշխատանքներ՝ խախտելով Հայաստանի Հանրապետությունում գործող պետական գնումների օրենսդրությունը։ Գնման ընթացակարգերը կիսելու միջոցով՝ մեկ անձից գնման եղանակով ձեռք են բերվել ապրանքներ, ծառայություններ, աշխատանքներ։

-Մի շարք դեպքերում հայտարարված մրցույթներում առաջին տեղ զբաղեցրած մասնակիցներ ունեցել են ՀՀ պետական բյուջեի նկատմամբ հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ժամկետանց հարկային պարտավորություններ, սակայն վերջիններիս հետ կնքվել են պայմանագրեր։

-2016-2017 թվականներին Ապարանի քաղաքապետարանում, «Ապարան համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ում, «Ապարան համայնքի Արագած կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ում առկա չեն եղել հիշյալ ժամանակահատվածի համար հաստատված և հրապարակված գնումների պլանները, սակայն նախաձեռնվել և իրականացվել են գնման ընթացակարգեր։

-Չի նախաձեռնվել և չի իրականացվել դատական եղանակով հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի գծով առկա ապառքները գանձելու ուղղությամբ որևէ գործողություն (2019 թվականի հոկտեմբերի 23-ի դրությամբ կազմել են 340 միլիոն դրամ)։

-Ապարան համայնքի, «Ապարան համայնքի կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ի, «Ապարան համայնքի Արագած կոմունալ ծառայութուն» ՀՈԱԿ-ի կողմից բազմաթիվ դեպքերով համայնքի ֆոնդային բյուջեի միջոցները ծախսվել են ընթացիկ աշխատանքների իրականացման նպատակով խախտելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 282-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջը: 2016-2019թթ. ընթացքում նշված եղանակով իրականացված ծախսերը կազմել են 49,071,2 հազ. դրամ։

-2016, 2017 թվականների ցուցանիշներում, 21 համայնքային միավորի մոտ առկա են անհամապատասխանություններ համայնքապետարանում հողի հարկի և գույքահարկի հաշվառման ավտոմատացված ծրագրերում գրանցված տեղեկատվության և «Client Treasury» վճարային ծրագրով մուտքագրված միջոցների միջև։ Նշված տարբերությունները կարող են պայմանավորված լինել առանց ֆինանսական միջոցների գանձման պարտավորությունների նվազեցմամբ՝ առաջացնելով ֆինանսական ռիսկեր հողի հարկի և գույքահարկի հավաքագրման գործընթացում։

-Արձանագրվել են դեպքեր, երբ մատուցված ծառայությունների համարժեքությունը և արդյունավետությունը վիճարկելի է եղել համայնքապետարանի համար, սակայն կազմակերպությունները դատական ընթացակարգով համայնքի բյուջեից, դատարանի համապատասխան որոշումներով բռնագանձման եղանակով ստացել են նշված գումարները, իսկ համայնքապետարանը և իրավասու պաշտոնատար անձինք չեն ձեռնարկել քայլեր համայնքային շահը պաշտպանելու ուղղությամբ։

  • ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանում իրականացվել է պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության ուսումնասիրություն և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ մշտադիտարկում, ինչի արդյունքում արձանագրվել են շուրջ 210 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերացումներ: Մասնավորապես՝

— 2016-2019թթ. ընթացքում Համայնքապետարանի կողմից հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել են չգանձված (չհավաքագրված) կամ պակաս գանձված հարկեր և տուրքեր։

— Եղեգնաձորի «ԲԿՏ» ԲԲԸ-ի կողմից ավել կատարողական ակտեր են ներկայացվել միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների սպասարկման մասով՝ 14801 քմ:

— 2016-2017թթ. ընթացքում համայնքապետարանի աշխատակիցներին տրամադրվել է օգնության գումարներ՝ խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝ համայնքի ղեկավարը իրականացնում է հետևյալ կամավոր լիազորությունները. միջոցներ է ձեռնարկում հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Օրենքով այլ նպատակով նախատեսված, սակայն համայնքապետարանի աշխատակիցներին տրամադրված գումարը ենթակա է վերադարձման համայնքապետարանի բյուջե:

— Համայնքապետարանը՝ չունենալով նշագծման աշխատանքներ պատվիրելու իրավասություն, պատվիրել և վճարել է գծանշման աշխատանքների համար:

— Եղեգնաձորի «ԲԿՏ» ԲԲԸ-ի կողմից 2016-2017թթ. ընթացքում ամսական (փետրվար ամսից մինչև նոյեմբեր ամիսը ներառյալ) ներկայացված կատարողական ակտերում առկա ծառայության միավորի գների համադրությամբ պարզվել է, որ յուրաքանչյուր ամիս տարբեր գին է սահմանվել սանիտարական մաքրման ծառայության համար, որի արդյունքում ընկերությանն ավել գումար է վճարվել:

— Համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների մի շարք աշխատակիցներ բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, սակայն այդ ընթացքում նրանց վճարվել են աշխատավարձեր։

— Առանց ծախսը հիմնավորող փաստաթղթերի համայնքապետարանի կարիքների համար նախատեսված ապրանքների մատակարարման համար իրականացվել է վճարում:

— 2016-2018թթ Եղեգնաձորի ծննդատանը մարտի 8-ից- ապրիլի 7-ը ծնված երեխաներին օգնություն հատկացնելու նպատակով վճարված գումարի մի մասը որևէ փաստաթղթով չի հիմնավորվում:

— Համայնքապետարանի և «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի միջև 03.02.2016թ. կնքվել է պայմանագիր, սակայն կատարողի կողմից ներկայացվել է պայմանագրային գնից ավելի մեծ գումարի չափով մատուցված ծառայություններ, որն էլ ամբողջությամբ համայնքապետարանի կողմից ֆինանսավորվել է:

-Համայնքապետարանի կողմից 2016-2019թթ. ընթացքում համայնքի բյուջեով նախատեսված շենք-շինությունների կապիտալ վերանորոգումների համար նախատեսված գումարի մի մասը ծախսվել է ընթացիկ վերանորոգումների համար, ինչի արդյունքում ոչ նպատակային են ծախսվել ֆոնդային բյուջեի գումարները:

-2016-2019թթ. իրականացված շինարարական աշխատանքների ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք խախտումներ և թերացումներ։ Մասնավորապես՝ փաստացի պակաս կատարված շինարարական-վերանորոգման աշխատանքների ծավալներ, փաստաթղթերով ավել հաշվարկված գումարներ, պայմանագրային գնի թանկացում նախահաշվի նկատմամբ, իսկ իրականացված ասֆալտապատման աշխատանքների մի մասը դիտարկվել են որպես անարդյունավետ ծախս՝ ասֆալտապատման աշխատանքների ոչ պատշաճ որակի ապահովման տեսանկյունից:

— Եղեգնաձորի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ հիմնադրամներից մեկի հետ 2018 թվականին կնքվել է մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքների կատարման պայմանագիր և իրականացվել է համապատասխան վճարում: Սակայն անպարտաճանաչ կապալառուի պատճառով աշխատանքները դադարեցված են, վերսկսման ժամկետ նախատեսված չէ, ինչի արդյունքում ամիսներ շարունակ համայնքի մոտ 122 երեխաներ մնացել են առանց նախադպրոցական կրթության, իսկ մանկապարտեզների աշխատակիցներին փաստացի չաշխատելու պայմաններում վճարվել է աշխատավարձ:

-Համայնքապետարանն իր կարիքների համար 2016-2019թթ. ընթացքում կազմակերպել է գնման ընթացակարգեր՝ խախտելով գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջները:

Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ Եղեգնաձորի համայնքապետարանից ստացվել է համապատասխան գրություն, որի համաձայն կապալառու կազմակերպությունները պարտավորվել են ողջամիտ ժամկետում պատվիրատուի պահանջով վերացնել առկա բոլոր թերությունները։

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն։

  • ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Վայոց Ձորի մարզի Վայքի համայնքապետարանում իրականացրել է ուսումնասիրություն և մշտադիտարկում պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ: Արդյունքում արձանագրվել են 80 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝

-2016-2019թթ. ընթացքում Համայնքապետարանի կողմից հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել են չգանձված (չհավաքագրված) կամ պակաս գանձված հարկեր և տուրքեր։

-Համայնքապետարանի կողմից 2016-2019թթ. ընթացքում օտարված որոշ հողատարածքների և գույքի աճուրդներին այլ մասնակիցների առկայությունը կրել է ձևական բնույթ:

-Տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի շրջանակներում ՀՀ պետական բյուջե պակաս է վճարվել եկամտային հարկի գումար:

2017-2018թթ. ընթացքում Համայնքապետարանի կողմից ձեռք բերված ավտոպահեստամասերի ծախսման ճշտության ուսումնասիրությամբ արձանագրվել են չհիմնավորված ծախսեր:

-Համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների մի շարք աշխատակիցներ բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, սակայն այդ ընթացքում նրանց համար հաշվարկվել և վճարվել են աշխատավարձեր։

-2016-2019թթ. Համայնքապետարանի, ինչպես նաև իրականացված այլ ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների ուսումնասիրություններով արձանագրվել են փաստացի պակաս կատարված շինարարական-վերանորոգման աշխատանքներ:

-Համայնքապետարանն իր կարիքների համար 2016-2019թթ. ընթացքում կազմակերպել է գնման ընթացակարգեր՝ խախտելով գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջները:

Կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP