Հայոց ցեղասպանության չճանաչումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ. Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը իսրայելական «Երուսաղեմ փոստ» թերթին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+27.09 oC

Հայոց ցեղասպանության չճանաչումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ. Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը իսրայելական «Երուսաղեմ փոստ» թերթին

17:32 31.01.2020

Իսրայելը չի կարող հաղթել հակասեմիտիզմի դեմ պայքարում, քանի դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսրայելական առաջատար «Երուսաղեմ փոստ» պարբերականին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Հայաստանի նախագահը, որն անցյալ շաբաթվա ընթացքում գտնվում էր Իսրայելում՝ մասնակցելու Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը նշանավորող՝ Հոլոքոստի հիշատակի 5-րդ միջազգային ֆորումին, ասել է, որ հայ ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի է՝ ո՞րն է Օսմանյան կառավարության կողմից իրականացված՝ 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների զանգվածային սպանությունները Իսրայելի կողմից պաշտոնապես չճանաչելու տրամաբանությունը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ավելի քան 30 երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, որը համապատասխան բանաձև ընդունեց 2019 թվականի հոկտեմբերին: Սակայն Իսրայելը ընդդիմանում է այդ ոճրագործությունը պաշտոնապես «ցեղասպանություն» անվանել:

«Շատ հայեր հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ Իսրայելը, որի ժողովուրդը ևս նման մեծ ողբերգություն է տեսել, չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը,– ասել է նախագահ Սարգսյանը: -Այս հարցին տրամաբանական պատասխան չկա: Ես չեմ կարող ասել, որ պատճառը Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերություններ են»: Սակայն նա ընդունել է, որ 1949 թվականի մարտին ձևավորված իսրայելա-թուրքական հարաբերությունները, հավանաբար, կատալիզատոր են Իսրայելի լռության համար:

«Իսրայելը հարաբերություններ ունի Թուրքիայի հետ,- ասել է Հայաստանի նախագահը: -Այսօր այդ հարաբերությունները կարող են լինել լավ, վաղը կարող են վատանալ, և այդպես շարունակ, սակայն ճշմարտությունը մնալու է ճշմարտություն»:

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ մարդկային ողբերգությունը ճանաչելը բացառապես բարոյականության հարց է, ուստի ինքը կարող է միայն հուսալ, որ մի օր Իսրայելը կճանաչի Ցեղասպանությունը, և «մարդկային, բարոյական արժեքներն ու պատմության կարևորությունը կհաղթեն»:

 «Ճանաչումը չպետք է կապված լինի Իսրայելի Պետության այս կամ այն շահի կամ մեկ այլ բանի հետ, որը կարևոր է միայն այդ պահին»,– ասել է Հայաստանի նախագահը:

Նա նաև հավատացած է, որ Իսրայելի չկամությունը կանգնել Հայաստանի կողքին այս երկու բաղդատելի ողբերգությունների՝ Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության հարցում, վնասում է Իսրայելի և հրեա ժողովրդի ջանքերին համաճարակի պես տարածվող հակասեմիտիզմի դեմ նրանց պայքարում:

«Տեղի ունեցածի բոլոր պատճառները դեռևս վերացած չեն, -պարբերականին ասել է Հայաստանի նախագահը՝ անդրադառնալով և՛ Հոլոքոստին, և՛ Հայոց ցեղասպանությանը: -Հակասեմիտիզմը դեռևս առկա է: Ծայրահեղ ազգայնականությունը գործում է աշխարհի բոլոր անկյուններում…Դրանք բոլորը կարող են վերադառնալ»:

Նախագահի խոսքով՝ մարդկությունը միտում ունի մոռանալ պատմության դասերը՝ ի շահ ներկայի հարմարավետության: Նախագահ Սարգսյանը կարծում է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել, քանի որ դա «անհարմարություններ է ստեղծելու իր համար. միլիոնավոր մարդիկ զրկվել են կյանքից, մշակույթ է ոչնչացվել: Թուրքիան, հավանաբար, վախենում է և՛ նյութական, և՛ բարոյական պահանջներից»:

 «Միգուցե, նրանք վախենում են, քանի որ տարիներ շարունակ ճշմարտությունը չեն ասել իրենց երեխաներին և թոռներին դպրոցներում,– շարունակել է նախագահը: -Ինձ համար անձնապես նշանակություն չունի՝ այս կամ այն երկիրը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ: Դա չի փոխելու ոչ իմ, և ոչ էլ այն միլիոնավոր հայերի կյանքը, որոնք զրկվել էին իրենց օջախներից և սփռվել ողջ աշխարհով մեկ: Սակայն, չճանաչելը կարող է հակառակ ազդեցություն ունենալ»:

Նախագահի խոսքով՝ այս կամ այն երկրի կողմից ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը խոսում է այն մասին, թե որքանով արդյո՞ք տվյալ երկիրը կարող է կառուցել հանդուրժող հասարակություն.

«Ցեղասպանությունը չճանաչող երկիրն այն երկիրն է, որն ի վերջո անհանդուրժող է լինելու այլոց կրոնի, ազգության, հավատքի և մշակույթի հանդեպ»:

«Մարդկության մեծագույն հիվանդությունն այսօր Չինաստանում հայտնաբերված վիրուսը չէ,-ասել է նախագահ Սարգսյանը: -Այն ՁԻԱՀ-ը կամ քաղցկեղը չէ: Նորագույն տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մենք ավելի ու ավելի լավ ենք սովորում, թե ինչպես պայքարել քաղցկեղի դեմ կամ հաղթել վիրուսներին, -ասել է նախագահ Սարգսյանը: -Սակայն տեխնոլոգիաները չեն կարող մեզ սովորեցնել՝ ինչպես բուժել անգթության ախտը»:

«Չկա որևէ դեղամիջոց, որը հնարավոր է ընդունել և դառնալ ավելի մարդկային ու ավելի հանդուրժող: Սա շատ ավելի խնդրահարույց թեմա է»,-նշել է նախագահը: Նա ասել է, որ երբ Իսրայելը ճանաչի ցեղասպանությունը, միայն այդ պահից իրապես կկարողանա ստանձնել աշխարհում հակասեմականության և ծայրահեղականության դեմ պայքարի առաջամարտիկի իր արդարացի դերը:

«Իսրայելի դեպքն ավելի մեծ հնչեղություն կունենա, երբ այդ երկիրը լինի Հայաստանի, Ռուանդայի և Կամբոջայի գործընկերը, -նշել է նախագահ Սարգսյանը: -Այդ ժամանակ, մենք կարող ենք համախմբվել և ասել. «Բավական է»: Եթե մենք դա չենք անում համախմբված ձևով, այլ յուրաքանչյուրն իր սեփական խաղն է առաջ տանում, ապա մենք տանուլ ենք տալու մարտը»:

Արմեն Սարգսյանն ասել է, որ մասնակցում է Հոլոքոստի հիշատակի համաշխարհային ֆորումին, քանի որ չի կարծում, որ «յուրաքանչյուր հայի համար ճիշտ կլիներ Հոլոքոստի ողբերգության հիշատակը կապել այն հանգամանքի հետ», թե Իսրայելի խորհրդարանը ճանաչո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ: «Բացառվում է, որ ես, որպես Հայաստանի նախագահ, երբևէ պետք է մտածեի այստեղ չլինելու մասին»,– ասել է նախագահը:

Անդրադառնալով լրագրողի այս հարցին, թե Հայաստանը երկակի չափանիշներ է կիրառում Միավորված ազգերի կազմակերպությունում դեմ քվեարկելով իսրայելա-պաղեստինյան հակամարտությանն առնչվող շատ բանաձևերի՝ նախագահ Սարգսյանն ասել է. 

«Հայկական պետությունը պետք է մտածի հայ ժողովրդի կյանքը պաշտպանելու մասին, հրեական պետությունը պետք է մտածի հրեաների կյանքը պաշտպանելու մասին: Ե՛վ հայերը, և՛ հրեաները մարդկային արարածներ են, սակայն քաղաքականությունն է շատ բաներ որոշում»:

«Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է: Այն ունի 4 հարևան՝ Թուրքիան, որի հետ մեր հարաբերությունները հայտնի են ձեզ, Ադրբեջանը, որի հետ մեր հարաբերությունների մասին դուք նույնպես տեղյակ եք, -շարունակել է նախագահը: -Հայաստանն աշխարհի հետ հաղորդակցվելու միայն երկու ճանապարհ ունի՝ մեկը Վրաստանի միջոցով է, մյուսը՝ Իրանի: Ես այստեղ կանգ կառնեմ»:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ մինչ տարբերությունների շուրջ համաձայնության գալը՝ երկու երկրները կկարողանան նախանշել այն ոլորտները, որտեղ ընդհանուր հետաքրքրություններ ունեն: Հայաստանի նախագահը Հոլոքոստի ֆորումից հետո հանդիպումներ է ունեցել Իսրայելի առաջատար համալսարաններում ու Իսրայելի նորարարությունների կենտրոնում և նշել է, որ համագործակցության ծրագրեր կան արհեստական բանականության ոլորտում:

Նա նաև հույս է հայտնել, որ երկու երկրների միջև զբոսաշրջային այցելությունների աճ կլինի:

«Երբ Իսրայելի քաղաքացիներն ավելի շատ այցելեն Հայաստան և ծանոթանան մեր երկրի պատմությանն ու մշակույթին, մեր գեղեցիկ բնաշխարհին ու հիանալի սննդին, երբ ավելի շատ հայեր այցելեն Իսրայել ու այստեղ անցկացնեն իրենց արձակուրդը, այդ ժամանակ աշխարհն ավելի լավը կդառնա»,- եզրափակել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

22:47 21.08.2025

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

22:42 21.08.2025

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Յուրիկ Մխիթարյանը 4 փայլուն հաղթանակներից հետո եզրափակչում է․ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱ

22:38 21.08.2025

Յուրիկ Մխիթարյանը 4 փայլուն հաղթանակներից հետո եզրափակչում է․ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱ

Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Աշխարհի առաջնությունում գերազանց է գոտեմարտում 60 կգ․ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Նա 4 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Իդեպ բոլորը գոտեմարտերում հայ ըմբիշը վաղաժամ է հաղթել։ Եզրափակչում Մխիթարյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր. նոր նախաձեռնություն տարեցների համար

22:29 21.08.2025

Շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր. նոր նախաձեռնություն տարեցների համար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մեկնարկել է նոր նախաձեռնություն` այս անգամ արդեն տարեցների համար։ Երևանի տարեց բնակիչների համար կազմակերպվում են շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր։ Այս տարի նախատեսված է 55 շրջագայություն, որին մասնակցում է շուրջ 1100 քաղաքացի: Ծրագրի մեկնարկը տրվեց Սևանի թերակղզի ու Սևանավանք այցելությամբ։ Ճանապարհորդության ընթացքում տարեցներին ուղեկցում է բուժաշխատող […] ...

Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներ

22:25 21.08.2025

Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներ

Օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարալանջ-Արթիկ ավտոճանապարհի Հառիճ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել արհեստական լճակի ափի մոտ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, վթար-հրդեհի հետևանքով վարորդն ու ուղևորը, […] ...

Կկառուցվեն ճանապարհներ, կվերանորոգվեն բնակարաններ. գործադիրի այսօրվա որոշումները

22:19 21.08.2025

Կկառուցվեն ճանապարհներ, կվերանորոգվեն բնակարաններ. գործադիրի այսօրվա որոշումները

Կադաստրի կոմիտեում արված նորամուծությամբ, անշարժ գույքի գնորդի իրավունքների պետական գրանցումն ու վաճառողի իրավունքների դադարեցումը կկատարվեն էլեկտրոնային համակարգով: Բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրերի համար կառավարությունը լրացուցիչ կտրամադրի 3,5 մլրդ դրամ: Գործադիրի այսօրվա որոշումները՝ ռեպորտաժում:   ...

BACK_TO_TOP