Կորոնավիրուսի պատճառով Ֆրանսիայի տարածքում երկու շաբաթում սահմանափակումները խախտելու համար իրավապահները տուգանել են շուրջ 360 հազար քաղաքացու. այս մասին ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները LCI հեռուստաալիքի եթերում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նախարարի խոսքով՝ մարտի 17-ից Ֆրանսիայում տեղաշարժի սահմանափակման միջոցառումներին չենթարկվողների համար 359 հազար տուգանք է գրվել: Ընդհանուր առմամբ, ոստիկանությունն ու ժանդարմերը ստուգումներ են իրականացրել 5,8 միլիոն քաղաքացու շրջանում:
Տուգանքը տատանվում է 135- 3750 եվրոյի միջև՝ 30 օրվա ընթացքում եռակի խախտման պարագայում:
Ֆրանսիայում կորոնավիրուսային համաճարակը հասել է երրորդ փուլին: Իշխանությունների որոշմամբ՝ երկրում փակ են սրճարանները, ռեստորանները, կինոթատրոնները և ոչ պարենային խանութները:
Մարտի 17-ից ի վեր սահմանվել են մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակումներ: Նախօրեին Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել էր, որ մեկուսացման ռեժիմը կերկարաձգվի մինչև ապրիլի 15-ը: