20:25 08.06.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Արթիկի բժշկական քոլեջի «Մանկաբարձություն ու ընդհանուր քույրություն» բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Նուշիկ Ուռումյան-Եզեկյանի հետ, ով իր 3 երեխային թողել է տանը և որպես կամավոր օգնում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի բժիշկներին, անցկացրել է ճեպազրույց։
Մինչ ճեպազրուցը տեղի ունեցած պարետատան նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է այսօր կայացրած որոշումներին՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, Ոստիկանության պետ Արման Սարգսյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոններից ազատմանը։
«Հարգելի գործընկերներ, ինչպես տեղյակ եք, այսօր ես մի շարք որոշումներ եմ կայացրել: Նախ ուզում եմ պարոնայք Արման Սարգսյանին և էդուարդ Մարտիրոսյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց կատարած աշխատանքի և ներդրած ջանքի համար: Նրանք կլքեն իրենց այսօրվա պաշտոնը, բայց ես չեմ կարծում, թե նրանք Հայաստանի Հանրապետությանը, նրա ժողովրդին, պետությանը ծառայելու պոտենցիալը սպառել են և նրանք, եթե այս թեմայի վերաբերյալ հետաքրքրություն և պատրաստակամություն ունենան, իհարկե, մենք այդ հարցն անպայման կքննարկենք:
Առաջին հերթին հենց բարձրաստիճան պետական պաշտոնյաններն են, որ պետք է իրենց օրինակով ցույց տան հակահամաճարակային կանոնների պահպանման կարևորությունը: Բայց, ցավոք սրտի, մենք հանդիպում ենք դեպքերի, որ այդպես տեղի չի ունենում: Եվ առավել ևս ես ուզում եմ հստակ ասել, որ չի կարող լինել այնպիսի մի իրավիճակ, երբ որևէ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները, եթե դրանք նույնիսկ դե յուրե առնչությունների խնդիր ունեն, իրականում հակասեն վարչապետի տված հրապարակային ուղերձներին: Ես ուզում եմ, որ բոլորի համար սա լինի պարզ և հստակ. չի կարող ուղղակի լինել այդպիսի մի իրավիճակ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասեն վարչապետի ասածի տեքստին և կոնտեքստին, և դրան չհետևի կոնկրետ գործողություն: Ու սա դուրս է մարդկային անձնական հարաբերություններից, որովհետև սա չի նշանակում որևէ այլ բան, սա նշանակում է կարգուկանոնի հստակ և անվերապահ, անքննարկելի պահպանելու պահանջ, որը չի կարող որևէ պարագայում քննարկման առարկա լինել: Այս թեմայով այս դահլիճում եղել է խոսակցություն: Ինձ թվացել է, որ իմ ուղերձը բավարար չափով լուրջ է, և պետք է այդ լրջությունը գնահատել: Եվ իմ ասածի մեջ որևէ բան չի փոխվել և չի փոխվելու, ընդ որում՝ առավել ևս համաճարակային իրավիճակում, բայց համաճարակային իրավիճակից դուրս էլ որևէ բան չի փոխվելու: Եկեք սա հստակ արձանագրենք»,- նշել է վարչապետը:
Այնուհետև ճեպազրույցի ընթացքում վարչապետը գոհունակություն է հայտնել առ այն, որ վերջին օրերին արձանագրվել է հակահամաճարակային կանոնների պահպանման դրական դինամիկա։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հայրենակիցներին, ովքեր միանում են այս հակահամաճարակային շարժմանը, ովքեր հետևում են և հետևել են կանոններին, և ովքեր ցանկանում են միանալ։ Այս հակահամաճարակային գործողությունները՝ համատարած դիմակ կրելը՝ իրենց հստակ արդյունքները կարող են տալ ամենաշուտը 1 շաբաթից, որովհետև վարակի հնարավոր ամենաբարդ ինկուբացիոն շրջանը համարվում է 7 օրը։ Ուզում եմ ընդգծել, որ շատ կարևոր է ոչ միայն հակահամաճարակային կանոնների ֆորմալ պահպանումը, այլև այդ կանոնների ճշգրիտ պահպանումը»,- նշել է կառավարության ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանը հակահամաճարակային քաղաքականության կարևորագույն խնդիրներից է համարել Հայաստանի տնտեսական և սոցիալ-տնտեսական ոլորտները հնարավորինս լավ վիճակում լինելը։
«Մեր հակահամաճարակային քաղաքականության սկզբունքներից է այն, որ կայացնում ենք այնպիսի որոշումներ, որոնք մաքսիմալ բխում են Հյաաստանի Հանրապետության անվտանգության, տնտեսության, առողջապահական շահերից։ Մեր խնդիրը ոչ միայն հաղթահարելն է այս հակահամաճարակային իրավիճակը, այլև այդ հաղթահարման պահին Հայաստանի տնտեսական, սոցիալ-տնտեսական ոլորտներն առավել լավ վիճակում տեսնելն է։ Ուզում եմ ընդգծել, որ այս գործընթացում, բացի ընթացիկ սոցիալ-տնտեսական խնդիրներից, մենք դնում ենք նաև քաղաքակրթական խնդիրներ»,- նշել է Նիկոլ Փաշինյանն ու հավելել, որ այդ խնդիրներից են, մասնավորապես, հերթ կանգնելու կուլտուրան, ինչպես նաև օրենքի, կարգի, համակեցության կանոնների, ուրիշների իրավունքների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը։
Այս առումով, վարչապետը վստահ է, որ պետությունը գնում է ճիշտ ճանապարհով։ Նրա խոսքով՝ հակահամաճարակային կանոնների պահպանման կոչերը հանրության կողմից պետք է լսելի լինեն ավելի ու ավելի շատ։ Նիկոլ Փաշինյանը մեծ գոհունակությամբ է ընդգծել, որ հակահամաճարակային շարժում սկսելու իրենց կոչերը նույնպես որոշակի արձագանք են ստացել։
«Հույս ունեմ, որ կձևավորվեն կամավորների մաքսիմում 2 հոգանոց խմբեր, ովքեր հակահամաճարակային կանոնները պահպանելով՝ մեր մյուս քաղաքացիներին կիրազեկեն դրանք պահպանելու մասին։ Նրանք կմտնեն տարբեր բակեր, փողոցներ, շուկաներ և մեր քաղաքացիներին, առանց որևէ կոնֆլիկտային իրավիճակ հրահրելու, առանց հանդիմանելու կհորդորեն պահել կանոնները»,- ասել է վարչապետը:
Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված անձանցից 403-ի վիճակը ծանր է, 94-ինը՝ ծայրահեղ ծանր։
«Թիվը վերջին օրերին կարծես թե կայուն է, ինչը մի կողմից լավ է, սակայն, միևնույն ժամանակ, բացարձակ թվով շատ բարձր է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը քչանա, իսկ դրան կարող ենք հասնել ընդհանուր թվի քչացման արդյունքում»,– նշել է նա։
Նախարարի տեղեկացմամբ, Հայաստանի Հանրապետությունում ծավալման աշխատանքների արդյունքում կավելացվի մոտ 350 սովորական և ռեանիմացիոն մահճակալ, ինչը 15 տոկոսով ավելին է, քան այսօր գործում է։
«Մենք արդեն տեղեկացրել ենք, որ տեղի են ունենում ծավալման նոր աշխատանքներ։ Անհրաժեշտ է ծավալման երկրորդ փուլ, մենք արդեն ունեցել ենք առաջինը, որն անկախ Հայաստանի պատմության ընթացքում աննախադեպ է եղել։ Առողջապահական համակարգը նման մոբիլիզացիա երբեք չի ունեցել։ Ծավալված այն 2000 մահճակալներից որոշները ծավալվել են զրոյից, նույնիսկ չօգտագործվող շենքային պայմաններում»,- ասել է Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ Դիլիջան բժշկական կենտրոնը 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով 2-3 օրից կմիանա կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին և կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների։ Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ-ի մեկ բաժանմունք (40 մահճակալ):
«Երևանում նույնպես շարունակվում են ծավալման աշխատանքները։ Մենք ունենք նոր ռեանիմացիոն մահճակալներ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղում, որտեղ դրանք 43-ն էին։ Այժմ ավելացվել է ևս 14-ը։ Մայրաքաղաքում կա ևս մեկ մասնավոր բժշկական կենտրոնի ներգրավում՝ «Արմենիա» ԲԿ-ն, որտեղ այսօր արդեն սկսված քննարկումների արդյունքում հավանաբար կծավալվի 50 մահճակալ միջին ծանրության դեպքերի համար և 8 մահճակալ ծայրահեղ ծանր և ծանր դեպքերի համար»,- ընդգծել է Արսեն Թորոսյանը։
Երկրորդ կուրսի ուսանողուհի, կամավոր Նուշիկ Ուռումյան-Եզեկյանը հասարակությանը հորդորել է դիմակներ կրել, ինչը կնպաստի կորոնավիրուսի դեմ պայքարին: Նուշիկ Ուռումյան-Եզեկյանն ասել է, որ դիմակ կրելով մարդիկ օգնում են բուժաշխատողներին հուսալ, որ իրենք հնարավորիս շուտ կազատվեն արտահագուստից և դիմակներից. դրանցով աշխատելը չափազանց դժվար է:
Նա պատմել է, որ եկել է Մարալիկ քաղաքից և կամավորության սկզբունքով աշխատում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վերակենդանացման բաժնում: «Ընտանիքիս անդամների հետ կապ եմ հաստատում միայն տեսազանգերի միջոցով. այդպես եմ նրանցից կարոտս առնում: Շատ կարևորում եմ իմ այս քայլը, հպարտ եմ իմ քայլով և կոչ եմ անում բոլորին ամենայն լրջությամբ մոտենալ իրավիճակին: Յուրաքանչյուրիս պարտքն է մեծ պատասխանատվությամբ վերաբերվել այս հարցին և անել հնարավորը համաճարակը հաղթահարելու համար»,- շեշտել է Նուշիկ Ուռումյան-Եզեկյանը:
21:20 26.06.2025
Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցըԵրևանը մշտապես իրականացվող փոփոխությունների կիզակետում է: Դրանք արտահայտվում են տարբեր բնագավառներում: Բայց որոնք են դրանց առանձնահատկությունները և ինչ է փոխվել մայրաքաղաքային կյանքում: Այս ու այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Երեվանի Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: ...
21:05 26.06.2025
Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ ԾառուկյանԽառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը դիմել է քննադատներին։ «Թքած ունեմ, թե ինչ են խոսում իմ մասին։ Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել ինձ։ Դուք միայն շատ դիտումներ եք բերում ինձ»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Red Corner MMA-ն։ Վնասվածքի պատճառով ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից հրաժարվելուց հետո Արման […] ...
20:50 26.06.2025
Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիներըՀունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...
20:37 26.06.2025
Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնությունՀունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...
20:25 26.06.2025
«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, ակումբը ոգևորված է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք […] ...
20:13 26.06.2025
Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետՀունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...