Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի ներքո. վարչապետի հարցազրույցը իսպանական EFE-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+27.09 oC

Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի ներքո. վարչապետի հարցազրույցը իսպանական EFE-ին

21:39 28.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իսպանական EFE լրատվական գործակալությանը: «Արմենպրես»-ը հարցազրույցը ներկայացնում է ստորև.

EFE – Վերջերս Դուք մի քանի անգամ ասել եք, որ առաջնագծում իրավիճակը բարդ է: Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը կարծես թե ամեն օր հայտարարում է նոր տարածքներ վերահսկողության տակ վերցնելու մասին: Ի՞նչ կհավելեք այս կապակցությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պետք է արձանագրել, որ առաջնագծում իրավիճակը բավական բարդ է: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնապաշտպանվում է իրեն հասու բոլոր հնարավոր միջոցներով, և Հայաստանի ժողովուրդն էլ իրեն հասու բոլոր միջոցներով աջակցում է նրան:

EFE – Դուք միշտ ասել եք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Սակայն չորեքշաբթի (հոկտեմբերի 21-ին) հայտարարեցիք, որ առնվազն այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը չունի դիվանագիտական լուծում: Ի՞նչ է փոխվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իմ դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել: Մենք միշտ ասել ենք և ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ես ուրիշ բան եմ ասել իմ հայտարարության մեջ, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը միշտ պատրաստ են եղել և պատրաստ են խնդրի խաղաղ, դիվանագիտական կարգավորմանը: Բայց մենք ունենք հետևյալ բարդությունը՝ այն կոմպրոմիսին, որին համաձայնվում է Հայաստանը, արդեն իսկ չի համաձայնվում Ադրբեջանը: Կա կոմպրոմիսի անհրաժեշտություն, որպեսզի կողմերն իրենց դիրքորոշումները դարձնեն ավելի ճկուն: Սա նորություն չէ:

Միշտ է եղել այդպես: Երևի սկսած 2011 թվականից կոնկրետ փաստերով կարող ենք այդ իրողությունը տեսնել: Երբ Հայաստանը իր նախնական նշաձողից թեկուզ մի թեթև կամ ինչ-որ չափով իջեցնի նշաձողը և փորձի կոմպրոմիս գտնել, այդ պահից Ադրբեջանն արդեն համաձայն չէ դրան, ավելին է պահանջում: Եվ նաև քանի որ զուգահեռ ռազմական ճնշում է տեղի ունենում, ես հենց այդ համատեքստում եմ ասել, որ իրականում դիվանագիտական լուծումն այս պայմաններում հնարավոր չէ, որովհետև դիմացի կողմը չի ուզում դիվանագիտական լուծում:

Դիմացի կողմն ուզում է ռազմական լուծում: Հետևաբար, մենք ավելի շատ պետք է կենտրոնանանք ռազմական խնդիրների վրա, որպեսզի հնարավոր լինի դիվանագիտական լուծումը: Սա է ամբողջ պատմությունը:

EFE – Այս պատերազմում Ադրբեջանը ուժեղ դաշնակից ունի՝ ի դեմս Թուրքիայի: Ի՞նչ կասեք Հայաստանի մասին: Ռուսաստանը անվտանգության պայմանագիր ունի, Մոսկվան անո՞ւմ է ամեն ինչ՝ Երևանի հետ ռազմավարական դաշինքի շրջանակում ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ պետք է արձանագրել, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և այս առումով մենք զգում ենք նրա աջակցությունը: Բայց Ռուսաստանը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, որի խնդիրն է լինել միջնորդ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում, այսինքն՝ միջնորդ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Եվ նրա դիրքորոշումները և որոշումները տեղավորվում են այս ամպլիտուդի մեջ: Մենք, այո՛, զգում ենք Ռուսաստանի աջակցությունը՝ որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր և զգում ենք Ռուսաստանի միջնորդական ջանքերը: Մենք տեսնում ենք այդ միջնորդական ջանքերը՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու և հարցի խաղաղ կարգավորման հասնելու համար:

Ցավոք, այդ ջանքերն առայժմ արդյունքներ չեն տալիս: Մեկ պարզ պատճառով, որ Ադրբեջանը չի պահպանում իր ստանձնած պարտավորությունները՝ մասնավորապես, Մոսկվայի հայտարարության (հոկտեմբերի 10-ի հրադադար – հեղ.) մեջ արձանագրված: Իմիջիայլոց, ակնհայտ է, որ չի պաշտպանում Թուրքիայի դիրքորոշումների և քաջալերման պատճառով: Թուրքիան ամեն անգամ հայտարարում է, որ Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները և պետք է գնա հարցի ռազմական լուծման: Նաև սա է շատ կարևոր գործոն: Ադրբեջանը փաստորեն ավելի շատ ոչ թե սեփական ստանձնած պարտավորությունների նկատմամբ է ուշադիր, այլ Թուրքիայի հայտարարությունների:

EFE – Ձեր կարծիքով՝ ո՞վ կարող է կանգնեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում՝ Ռուսաստանը, ՄԱԿ-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կա բանակցությունների ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որի կազմում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Ձեր նշած հարցի պատասխանը պետք է փնտրել այս շրջանակում: Իհարկե, Ռուսաստանը առավել մոտ է տարածաշրջանին: Ռուսաստանն առավել մեծ լծակներ և ազդեցություն ունի, և նրա հնարավորություններն այս համատեքստում ավելի մեծ են: Եվ կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները պետք է աջակցեն և քաջալերեն Ռուսաստանին՝ այդ գործառույթն իրականացնելու համար:

EFE – Ի՞նչ պայմաններում Հայաստանը պատրաստ կլինի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Արդյոք կկարողանա՞ դա անել դա առանց միջազգային հանրության աջակցության:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, Հայաստանը կարող է ցանկացած պահի նման որոշում կայացնել: Բայց այդ որոշումը շատ ավելի իմաստավորված կլինի, եթե Հայաստանը գործի ոչ թե որպես առանձին վերցրած երկիր, այլ որպես միջազգային հանրության ներկայացուցիչ, որպես շարունակական պրոցեսի մեկ մասնակից: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ աշխարհում, նաև սփյուռքահայերի կողմից և քաջալերությամբ, սկսվել է շարժում Արցախի միջազգային ճանաչման համար:

Բայց ես ցանկանում եմ ընդգծել, որ այս ճանաչումն ամենևին սեպարատիզմի տրամաբանության մեջ չէ և կապ չունի սեպարատիզմի հետ: Տվյալ դեպքում Լեռնային Ղարաբաղում – և շարժումն սկսվել է այդ տրամաբանությամբ – Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի ներքո: Եվ մենք այս դեպքում ընդգծում ենք անջատում հանուն փրկության (remedial secession) սկզբունքը: Այսինքն՝ մարդիկ ոչ թե ուզում են անկախություն ձեռք բերել, որովհետև դա իրենց քմահաճույքն է կամ ուղղակի ցանկությունը: Այլ դա կենսական անհրաժեշտություն է, որովհետև այն, ինչ հիմա տեղի է ունենում և տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, ըստ էության, ցեղասպանության գործընթաց է, որն սկսվել է ընդդեմ Լեռնային Ղարաբաղի հայության: Սա շատ կարևոր նյուանս է, որը պետք է հաշվի առնել:

EFE – Ես նոր եմ վերադարձել Լեռնային Ղարաբաղից, և այնտեղ ապրող ժողովրդի մեծագույն վախերից մեկը ցեղասպանությունն է: Ի՞նչ եք կարծում՝ միջազգային հանրությունը տեղյակ է այս մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք բոլոր հնարավոր ձևերով բարձրաձայնում ենք այդ խնդիրը: Աշխարհի տասնյակ քաղաքներում տեղի են ունենում ցույցեր, հանրահավաքներ, երթեր, բողոքի ակցիաներ, որոնք բարձրաձայնում են դա: Միջազգային հանրությունը պետք է տեղեկանա, որ, իրոք, այդ վտանգը լուրջ է, և այդ վտանգը լուրջ է ոչ միայն առանձին վերցրած Լեռնային Ղարաբաղի համատեքստում: Զուգահեռ այստեղ կան աշխարհաքաղաքական վտանգներ, որովհետև սա ցեղասպանության միջոցով Թուրքիայի կայսերական քաղաքականության շարունակության փորձ է:

Եվ այս սպառնալիքը, ըստ էության, սպառնում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղին, այլև ընդհանրապես Հարավային Կովկասի հայությանը: Որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու իր կայսերական քաղաքականությունը դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք: Եվ սա պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում՝ Հունաստանի և Կիպրոսի դեմ, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում:

Պետք է նաև արձանագրել, որ եթե չլիներ Թուրքիան, այս պատերազմը չէր լինի: Նախ, թուրքական զորքերը Ադրբեջանի կողմից ոչ պաշտոնապես մասնակցում են այս պրոցեսներին՝ նաև իրենց Բայրաքթար անօդաչու թռչող սարքերով: Նաև Թուրքիան է վարձկան ահաբեկիչների վարձել և տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը մեկնարկելու համար:

EFE – Այդ խմբավորումների ենթադրվող առկայությունը տարածաշրջանում սպառնալիք ներկայացնո՞ւմ է միջազգային հանրության համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա արդեն ապացուցված փաստ է, որ նրանք այնտեղ օգտագործվում են: Համացանցում պաշտոնապես հրապարակվել է, և նաև մենք ենք հրապարակել նյութեր, որոնք անառարկելիորեն ապացուցում են այդ փաստը:

EFE – Ձեր արտաքին գործերի նախարարն այցելում է Վաշինգտոն՝ հանդիպումներ ունենալու համար: Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԱՄՆ հետ քննարկումներից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ այցը շատ վաղուց էր նախատեսված: Ասացի նաև, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և համանախագահությունն է այն ձևաչափը, որով պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Եվ, կարծում եմ, համանախագահները պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեն՝ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար:

EFE – Եթե չհաջողվի դիվանագիտական ճանապարհով կանգնեցնել սա, կա՞ իրական վտանգ, որ այս հակամարտությունը կարող է վերաճել ավելի մեծ խնդրի և ներառել տարածաշրջանային ավելի շատ խաղացողների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ վտանգը եղել է առաջին օրվանից և շարունակում է լինել: Եվ քանի դեռ պատերազմը կանգնեցված չէ, այդ վտանգը լինելու է:

EFE – Ինչո՞ւ Ռուսաստանը և Եվրոպական միությունն ավելի ակտիվորեն ներգրավված չեն դիվանագիտական լուծում գտնելու հարցում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Ես արդեն ասացի, պատճառը մեկն է՝ Ադրբեջանը որոշել է չդադարեցնել պատերազմը՝ ի հեճուկս իր իսկ ստանձնած պարտավորությունների: Եվ սրա պատճառը, արդեն ասացի, Թուրքիայի ապակառուցողական և ագրեսիվ դիրքորոշումն է:

Պատերազմը կանգնեցնելու համար միջազգային հանրությունը պետք է հստակ դատապարտի Թուրքիայի և ահաբեկիչների ներգրավվածությունն այս գործընթացում և նաև կոնկրետ միջոցներ ձեռնարկի, այդ թվում՝ պատժամիջոցներ, Թուրքիայի ագրեսիվությունը և Ադրբեջանի ագրեսիվությունը զսպելու համար: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, արդեն նշեցի, որ պետք է ավելի ակտիվ և գործնական ջանքեր գործադրեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:00 20.08.2025

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

22:58 20.08.2025

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

22:54 20.08.2025

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

22:49 20.08.2025

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

Օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

22:43 20.08.2025

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

Օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

22:37 20.08.2025

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...

BACK_TO_TOP