Հանդիպում Մարտունին պաշտպանած և պաշտպանող հրամանատարի ու զինվորների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+27.09 oC

Հանդիպում Մարտունին պաշտպանած և պաշտպանող հրամանատարի ու զինվորների հետ

15:07 05.02.2021

Գիտե՞ք, թե ինչ խորհուրդ ունի Արցախի դրոշի սպիտակ եռանկյունաձև նախշանկարը (հայկական գորգի նմանությամբ)։ Այն խորհրդանշում է Արցախի՝ մայր Հայաստանից անարդարացիորեն բաժանումը, վերահաստատումը, որ անկախ աշխարհաքաղաքական իրողություններից, Արցախը «փոքր Հայաստան է՝ Հայաստանից կտրված»։ Մեր փոքր Հայաստանը հիմա ավելի է փոքրացել, անարդարությունը հիմա ավելի է խորացել, բայց հիմա էլի կանգուն է, վիրավոր է, բայց կանգուն է ու ոչ մի ձեռք չի կարող կոտրել նրան դեռ այնքան ժամանակ, որքան անկոտրում կլինեն նրա պահապանները:

․․․Նորից Արցախում ենք, իսկ Արցախում սրանում չես կարող չհամոզվել։ Խաղաղապահների անցակետերը հաղթահարելուց հետո հասնում ենք Ստեփանակերտ, հետո Մարտունի՝ մեր փոքր Արցախից մնացած մի փոքր նշխար։

Մարտունին ինչպես պատերազմի օրերին, այսօր էլ ամուր ձեռքերում է՝ նաև իր  հրամանատարների ու զինվորների շնորհիվ։ Նրանք այսօր էլ օրուգիշեր, ցրտին ու տապին, ինչպես միշտ սահմանին են՝ զենքը ձեռքում ամուր բռնած, որ այդ մի փոքր նշխարն այդպես էլ անառիկ մնա։

Մարտունին անառիկ պահած զինվորներին ու նրանց հրամանատարին ենք հանդիպում զորամասում։ Գնդապետ Գոռ Իշխանյանի հրամանատարությամբ մեր տղաները անսասան են պահել Մարտունին, կանխել թշնամու հազարավոր հարձակումներ ու տվել արժանի հակահարված։ Եվ նրանց շնորհիվ է նաև, որ այսօր մարտունեցին նորից իր տանն է, նորից իր առօրյա հոգսերով։

․․․Հրամանատարն իր աշխատասենյակ է ուղեկցում։ Աշխատասենյակում, առաջինը որ աչքի է զարնում, գլխավերևում կախված Մոնթեի նկարն է։ Զրույցի ենք բռնվում։ Գոռ Իշխանյանը երեք պատերազմ է տեսել ու երեքն էլ պատվով հաղթահարել, հաղթել է հրամանատարը։ Ինչպես և ենթադրում էի, Մոնթեի զինվորն է եղել։ Հպարտությամբ է ասում այդ մասին։

Դժվար էր, բայց պահեցինք Մարտունին, հրամանատար,- ասում եմ զրույցի ընթացքում։

«Երբ  արդեն հակառակորդը ահագին տարածքներ էր գրավել, ինձ երբեմն հարցնում էին՝ բա որ հանկարծ Մարտունին հանձնեք, զորքը որտեղո՞վ է անցնելու, ես ասում էի՝ չի կարող նման բան լինել, Մարտունին, որ հանձնենք, էլ մնում ենք ի՞նչ անենք։ Ես նախընտրում էի կանգնած մնալ դիրքերում ու զոհվել հենց այնտեղ՝ Մարտունիի մատույցներում, բայց թույլ չտալ թշնամին ոտք դնի այս սուրբ հողի վրա։ Այդպես է դաստիարակվել մեր սերունդը, այդպես է դաստիարակված նաև այժմյան սերունդը»,- ասում է Մարտունիում ծնված ու մեծացած Գոռ Իշխանյանը։

20 տարեկան էր, երբ Արցախյան առաջին պատերազմը սկսվեց։ Այդ ժամանակ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի երրորդ կուրսի արցախցի ուսանողը չէր կարող հեռվում մնալ, ապրել Երևանում ու շարունակել ուսումը, ասես, իր ծննդավայրում ոչինչ էլ չի կատարվում։ Թողնում է ամեն ինչ ու Արցախ շտապում։

«Երբ որ Սովետական միությունը արդեն փլուզվում էր, սովետական բանակը դուրս եկավ, իմ ընկերներն արդեն այստեղ զենքը ձեռքներին կանգնած էին հակառակորդի դեմ դիմաց, ես չէի կարող ինձ թույլ տալ մնալ Երևանում և ուսումս շարունակել։ Առանց ծնողներիս հետ նույնիսկ համաձայնեցնելու իրերս հավաքեցի և եկա Մարտունի։ Մի շաբաթ նույնիսկ «Էրեբունի» օդանավակայանում հերթ կանգնեցի՝ մինչև ուղղաթիռ եղավ, նստեցի ու եկա Մարտունի»,- նշում է զրուցակիցս։

Մարտունիում արդեն ընկերներին է միացել ու լծվել են հայրենիքի պաշտպանության  գործին։ Իշխանյանները երեք եղբայրներով էլ զինվորագրվում են։ Երեք եղբայրներից ամեն մեկն առանձին ջոկատում է ներգրավվում։

«Մեծ եղբայրս մեր գյուղի հրամանատարն է եղել, և մենք էլ, ընդօրինակելով, մեր դաստիարակությունից ելնելով, բոլորս էլ մտանք շարժման մեջ, ես ներգրավվեցի հատուկջոկատայինների կազմի մեջ և 1993 թվականին նշանակվեցի վաշտի հրամանատարի տեղակալ, 1994 թվականի սկզբին՝ հենց մարտի ժամանակ, երբ իմ հրամանատարը ծանր վիրավորվեց, ռադիոկապով ինձ նշանակեցին վաշտի հրամանատար։ Երբ պատերազմը ավարտվեց, ասացին՝ ով ուզում է, կարող է դուրս գալ բանակից, բայց կարևոր խնդիր կար լուծելու, բանակ կազմավորելու, ես էլ արդեն գումարտակի հրամանատարի տեղակալ էի»։

Հրամանատարը նորից է հիշում Մոնթեին։ Ավոն նրան ու ընկերներին ուղարկել է ամենապատասխանատու ուղղություններում խնդիրներ կատարելու։ Երբ Իշխանյանը Մոնթեին նորից հիշեց, անդրադարձանք գլխավերևում կախված նկարին։ Պարզվում է՝ պատահական նկար չէ։ Այն Իշխանյանի մոսկվայաբնակ մտերիմ նկարիչն է նվիրել։ Երբ գնդապետից հարցրել է, թե որ նկարը կնախընտրի Մոնթեի, հենց սա է ցույց տվել։

«Ընկերս հարցրեց ինչո՞ւ հենց այս նկարը, ասացի, որովհետև գիտեմ՝ որտեղ է նկարվել, որտեղ է Մոնթեն կանգնած, որ ծառի տակ է նկարված։ Նկարվելու հենց այդ պահին ես էլ կողքից նրան էի նայում։ Հենց դրա համար ընտրվեց այս նկարը»,- պատմում է Գոռ Իշխանյանը։

Էլի ասում է՝ Մոնթեի զինվոր լինելը պարտավորեցնող է: Պատերազմի ամենաթեժ օրերին էլ հրամանատարի ձայնը հասանելի է եղել իր բոլոր զինվորներին։ Ընկերների միջոցով հատուկ կապ ու միջոցներ են ստեղծել, որ Իշխանյանի ձայնը հասանելի լինի նրանց։

«Ես որ խոսում էի իմ ստորաբաժանումներից որևէ մեկի հրամանատարի հետ, բոլոր իմ զինվորները իմ ձայնը լսում էին։ Ես կարծում եմ՝ դա էլ մեծ օգուտ է բերել։ Դրա շնորհիվ անընդհատ զինվորը, ջոկի հրամանատարը զգում էին հրամանատարի ձայնը, շունչն իր թիկունքում։ Զգում էին, որ հրամանատարը կողքին է։ Իրենք մենակ չեն»,- նշում է նա։

Հրամանատարը նաև ծանր դեպքերն է հիշում: Պատմում է, որ իր սերժանտներից Արգամը, որը հիմա էլ շարքում է, հրամանատարների զոհվելուց հետո կապվել է Իշխանյանի հետ ու ավագ հրամանատարն ու սերժանտը միասին անառիկ են պահել այդ դիրքը, որտեղ Արգամն էր ու ընդամենը մի քանի հոգի։ Մեր զրույցի ընթացքում հրամանատարը մի պահ լռում է: Պարզվում է՝ ընդամենը մեկ ժամ հետո իր երկու զինվորների հուղարկավորությանը պիտի մասնակցի։ Հուզմունքը կոկորդում խեղդելով՝ պատասխանում է հարցին, թե այս պայմաններում հիմա ի՞նչ կոչով է դիմում իր զինվորներին․

«Չընկճվել երբեք և արժանի ապրել, գլուխը չկախել»,- ահա Գոռ Իշխանյանի պատգամը։

Հրաժեշտ ենք տալիս Իշխանյանին՝ բարի ու անփորձանք ծառայություն մաղթելով։ Մինչ զորամասից դուրս կգայինք, սակայն, զինվորներից մեկին հանդիպեցինք։ Հետաքրքրվեց՝ հրամանատարի հե՞տ էիք զրուցում։

«Շատ լավն է մեր հրամանատարը, մարտի դաշտում իսկական հրամանատար էր։ Մինչև վերջ կանգնած էր կողքներս։ Ոգևորում էր, ճշգրիտ հրամաններ տալիս»։

․․․Հեռացանք Մարտունուց՝ ևս մեկ անգամ համոզվելով, որ այս հրամանատարն ու այս զինվորը իրենց նորանոր սխրանքներով դեռ հիշեցնելու են իրենց մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվեց. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

11:50 13.08.2025

Բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվեց. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 9-ի գիշերը Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի առանձնատներից մեկից կատարված գողության վերաբերյալ հաղորդում չեղավ, սակայն Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները երկու օր անց դրա մասին ստացան օպերատիվ տեղեկություն: Առանց փաստարկ բերելու, թե ինչու չի դիմել իրավապահներին` տանտիրուհին այնուամենայնիվ հաղորդում տվեց: Նախաձեռնվեց քրեական վարույթ, և հետագա գործողություններով հիմնավորվեց, որ օգոստոսի 9-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում, […] ...

Մբապեի դուբլն ու «Ռեալի» խոշոր հաշվով հաղթանակը

11:42 13.08.2025

Մբապեի դուբլն ու «Ռեալի» խոշոր հաշվով հաղթանակը

Մադրիդի «Ռեալն» ընկերական խաղում 4-0 հաշվով հաղթել է ավստրիական «Տիրոլ» ակումբին։ Դուբլ է գրանցել Կիլիան Մբապեն, մեկական գոլ խփել են Էդեր Միլիտաոն ու Ռոդրիգոն։   ...

ԱՄՆ-ն Սիրիայի վերակառուցման համար օգնություն է առաջարկում զիջումների դիմաց․ The National

11:26 13.08.2025

ԱՄՆ-ն Սիրիայի վերակառուցման համար օգնություն է առաջարկում զիջումների դիմաց․ The National

Միացյալ Նահանգները Սիրիայի նոր իշխանություններին առաջարկել է օգնություն սոցիալ-տնտեսական վերականգնման գործում՝ պայմանով, որ Դամասկոսը փոխի իր կուրսը էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Նախաձեռնությունը առաջարկվել է Սիրիայի, ԱՄՆ-ի և Հորդանանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին Ամմանում, հաղորդում է The National թերթը ՝ հղում անելով աղբյուրներին: «Ամերիկյան գաղափարն այն է, որ ստեղծվի պետությունների […] ...

Դատախազական ներգործության արդյունքում` վերականգնվել է պետությանը պատճառված՝ 390,000 ԱՄՆ դոլարին համարժեք 150,000,000 դրամ վնասը

11:17 13.08.2025

Դատախազական ներգործության արդյունքում` վերականգնվել է պետությանը պատճառված՝ 390,000 ԱՄՆ դոլարին համարժեք 150,000,000 դրամ վնասը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ երկաթեղենի, ներկերի, թերթապակու, ջրմուղի ու ջեռուցման սարքավորանքի և շինանյութի մանրածախ ու մեծածախ վաճառքի գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը, ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում, առանձնապես խոշոր չափերով՝ 500 միլիոն 721 հազար դրամ հարկեր չվճարելու նպատակով, խախտել է Հարկային […] ...

Յուրաքանչյուրդ պետք է մաս կազմի մեծ փոփոխության և առաջընթացի Հայաստանում. տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը

11:08 13.08.2025

Յուրաքանչյուրդ պետք է մաս կազմի մեծ փոփոխության և առաջընթացի Հայաստանում. տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը

Պետություն-հասարակություն կապն ամրապնդելու, ավելի արդյունավետ ու բազմակողմանի պետական կառավարում ապահովելու նպատակով ՆԳ նախարարությունը շարունակում է ակտիվ համագործակցությունը հանրության տարբեր շերտերի հետ։ Այդպիսի համագործակցության հերթական օրինակը ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի ձևավորումն էր: Նպատակը երիտասարդների ձայնը պետական կառավարման օրակարգում լսելի դարձնելն է։ Օգոստոսի 12-ին՝ Երիտասարդների միջազգային օրը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին։ […] ...

Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ

10:56 13.08.2025

Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ

Թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով  Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման դեմ: Oրերս Ագարակ սահմանային անցման կետում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և  պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները, մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ժամանած […] ...

BACK_TO_TOP