Մեր առաջիկա խնդիրը տնտեսության վերականգնումն է և դրան զուգահեռ զարգացման օրակարգ ձևավորելը. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+25.09 oC

Մեր առաջիկա խնդիրը տնտեսության վերականգնումն է և դրան զուգահեռ զարգացման օրակարգ ձևավորելը. վարչապետ

15:06 09.02.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերը քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա մարմինների ղեկավարներն ու պաշտոնատար այլ անձինք:

Նախքան քննարկումը՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին: «Մինչ բուն քննարկմանն անցնելը ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա: Արդեն, ըստ էության, մեկ տարի Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ճգնաժամային կառավարման վիճակում: 2020 թվականի մարտից կորոնավիրուսը պաշտոնապես մուտք գործեց Հայաստան և, ինչպես աշխարհի շատ երկրներում, դարձավ սոցիալ-տնտեսական, առողջապահական, հումանիտար ճգնաժամի պատճառ:

Այդ ճգնաժամի գրեթե ողջ ընթացքում մեզ ի ցույց էին դրվում տարբեր օրինակներ, թե ինչպես է պետք կառավարել կորոնավիրուսի ճգնաժամը: Բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետությունը կարելի է ի ցույց դնել այլ երկրների, որոնք ժամանակին ի ցույց էին դրվում մեզ, թե ինչպես է պետք կառավարել կորոնավիրուսի ճգնաժամը: Եվ դարձյալ ուզում եմ բոլորիս և հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ, օրինակ՝ հունիսին, հուլիսին, օգոստոսին 24 ժամ այս թեման շրջանառվում էր, որին մեր արձագանքը հետևյալն էր, որ դեռ չի ավարտվել պատմությունը, եկեք սպասենք պատմությունն ավարտվի՝ հետո նոր արդյունքները կամփոփենք: Իսկ հիմա ոչ մեկը չի հիշում ոչ հունիսը, ոչ հուլիսը, ոչ օգոստոսը: Բայց մենք պետք է հիշենք հունիսը, հուլիսը, օգոստոսը և այն մեղադրանքները, որոնք մեզ ասում էին, թե մենք ճգնաժամային կառավարում իրականացնել ի վիճակի չենք:

Հաջորդը, իհարկե, եկավ պատերազմը և կորոնավիրուսին ավելացած պատերազմի ամենամեծ մարտահրավերը մակրոտնտեսական փլուզումն էր: Պետք է արձանագրել, որ ունեինք այդպիսի մարտահրավեր: Բայց այսօր շատ կարևոր է արձանագրել, որ կարողացանք պահպանել մակրոտնտեսական կայունությունը և այդ կայունության միջազգային ճանաչում ստանալ եվրոպարտատոմսերի աճող թողարկման միջոցով, որովհետև ամենատեսանելի և շոշափելի գնահատականն ինստիտուցիոնալ ներդրողների մոտեցումն է, երբ երկրին, կառավարությանը վստահում են իրենց ներդրումները: Ի վերջո, սա վստահության կարևոր ցուցիչ է: Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս թողարկումը մեզ հաջողվեց իրականացնել Հայաստանի պատմության համար ամենացածր տոկոսադրույքով: Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի առաջին հերթին տնտեսական, հասկանալիորեն նաև քաղաքական ապագային: Եվ, հետևաբար, մենք այսօր, ըստ էության, ձևակերպում ենք այսօրվա մեր անելիքը:

Ի միջի այլոց, ուզում եմ արձանագրել հետևյալ փաստը. մենք այս առումով ունեցել ենք և մի ճգնաժամային տարի, և մի ոչ ճգնաժամային տարի: 2019 թվականի արդյունքները փայլուն են եղել բոլոր առումներով, այդ թվում՝ տնտեսական: 2020 թվականը եղել է ճգնաժամի տարի, և, իհարկե, պատերազմի հետևանքները մեզ համար դառն են, բայց ես նշեցի, որ ճգնաժամային կառավարման առումով կարողացել ենք լուծել մեր առաջ դրված խնդիրը: Հիմա երկրորդ խնդիրը, որ ձևակերպում ենք մեր առաջ՝ վերականգնումն է և հաջորդ խնդիրը՝ վերականգնմանը զուգահեռ զարգացման օրակարգն ու զարգացման տեմպը վերադարձնել Հայաստանի Հանրապետություն: Եվ, իհարկե, այս առումով էկոնոմիկայի նախարարության դերակատարումն առանցքային է:

Այսօր կլսենք, թե ինչ ենք նախանշել, ինչ ենք պատրաստվում անել, ինչպիսի երաշխիքներ ենք ստեղծել: Շատ կարևոր է, որ մեր նախանշած պլաններն իրապես իրագործվեն՝ այն ինչ գրում ենք թղթի վրա, այն ինչ ունենք մտքում հնարավոր լինի կյանքի կոչել և դարձնել իրականություն»,- նշել է վարչապետը:

Այնուհետև ներկայացվել են տնտեսական աճի վերականգնման և բիզնես միջավայրի հետագա բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արտերկրի, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության, ԱՄՆ-ի և այլ տարածաշրջանների շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման աշխատանքներին: Նշվել է, որ Հայաստանը ձևավորել է 30-ից ավելի տնտեսական միջկառավարական հանձնաժողովներ արտերկրի գործընկերների հետ, որոնց շրջանակում պարբերաբար քննարկվում են տնտեսական կապերի խորացմանը, առկա օրենսդրական խնդիրների լուծմանը, բիզնես համաժողովների անցկացմանը վերաբերող հարցեր, որոնց նպատակն է աջակցել տեղական արտադրողներին՝ արտերկրում նոր գործընկերներ ձեռք բերելու, նոր շուկաներ մուտք գործելու հարցերում:

Զեկուցվել է, որ ԵԱՏՄ շրջանակում քննարկման արդյունքներով այս ուղղությամբ արդեն իսկ կայացվել են մի շարք կարևորագույն որոշումներ, որոնց թվում առանցքայիններից է Ռուսաստանի Դաշնության պետական գնումներին ԵԱՏՄ մյուս պետությունների, այդ թվում՝ հայաստանյան ընկերությունների մասնակցության հնարավորությունը: Այդ որոշումն ուժի մեջ է մտնելու արդեն այս տարվա հունիս ամսից: Հայկական և մյուս երկրների ընկերությունները կկարողանան մասնակցել 10 ոլորտներին վերաբերող ՌԴ պետական գնումներին, որոնց թվում են՝ թեթև արդյունաբերությունը, շինարարությունը, ռազմարդյունաբերությունը և այլն:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ տեղական ընկերություններին լիարժեք ու մանրամասն տեղեկատվության տրամադրումը և նկատել, որ այն կարող է բիզնեսի համար բացել գործունեության լայն դաշտ՝ զարգացման լուրջ հեռանկարներով:

Տեղեկացվել է, որ ներկայումս թարմացվում է արտերկրում Հայաստանի առևտրային ներկայացուցչությունների ինստիտուտը, ինչը ևս նոր ազդակ կարող է հաղորդել կոնկրետ ոլորտներում արտահանման ծավալների ավելացմանն ու հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնմանը: Համապատասխան աշխատանքներ են տարվում հայկական գինիների, ալկոհոլային խմիչքների, պահածոների, սննդամթերքի այլ տեսակների արտահանման պոտենցիալը մեծացնելու և տեմպերն ավելացնելու ուղղությամբ: Դրանց էապես նպաստում են նաև արտոնյալ մաքսատուրքեր ապահովող ԵՄ-ի հետ GSP+ և ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի հետ գործող GSP համակարգերը:

Այնուհետև քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցությանը, հանրային ներդրումների խրախուսմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող հարցեր:

Զեկուցվել է, որ Ներդրումների աջակցման կենտրոնը ներկայումս ներդրողների հետ քննարկում է 60 ներդրումային կոնկրետ ծրագրեր, որոնց ընդհանուր ծավալը հասնում է 1,5 մլրդ դոլարի: Նշվել է, որ ծրագրերի մի մասը տարբեր ոլորտներում արդեն իսկ գտնվում են իրականացման փուլում: Կենտրոնը ներդրողների հետ գտնում է մշտական կապի մեջ և օժանդակում նրանց տարբեր խնդիրների լուծման գործում:

Անդրադառնալով ներդրումային ծրագրերին՝ պատասխանատուները նշել են, որ ներդրողների կողմից մեծ հետաքրքրություն է առկա հատկապես ջրամբարաշինության ոլորտում: Վարչապետը կարևորել է երկրում նոր ջրամբարների կառուցումն ու այդ ուղղությամբ ներդրումների խրախուսումը՝ ընդգծելով, որ ջուրը դառնալու է տարածաշրջանային կարևորագույն գործոն: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ջրի շուկայի ազատականացմանը և հողերի խոշորացմանը միտված կառավարության հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև գազալցակայաններում և բենզալցակայաններում թերլցումների հետ կապված խնդիրների լուծմանը, ստանդարտների ինստիտուտի զարգացմանը, բիզնես միջավայրի բարելավմանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Շահումյան գյուղում

10:53 27.06.2025

Հրդեհ Շահումյան գյուղում

Հունիսի 27-ին, ժամը 03:15-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի Մայիսյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։53-ին, մարվել՝ 04։35-ին: Այրվել են տանը կից խորդանոցը, լոգարանը և անասնագոմը (ընդհանուր մոտ […] ...

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշոցքի բաժնի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նրանց վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

10:45 27.06.2025

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշոցքի բաժնի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նրանց վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշոցքի բաժնի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել բազմաթիվ քաղաքացիներից՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի պահանջների խախտմամբ վերջիններիս հաշվառման գործընթացը կազմակերպելու համար: Մասնավորապես՝  պարզվել է, որ Աշոցքի բաժնի պետի պաշտոնը […] ...

Մի խումբ անձանց կողմից ապօրինի ստեղծվել և ԶԼՄ-ներում տարածվել է ՀՀ Վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն. ՔԿ

10:39 27.06.2025

Մի խումբ անձանց կողմից ապօրինի ստեղծվել և ԶԼՄ-ներում տարածվել է ՀՀ Վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն. ՔԿ

2025 թվականի հունիսի 26–ին համացանցում հրապարակված ձայնագրությունում առկա են առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ մի խումբ անձինք, գործելով նախնական համաձայնությամբ, իրավաբանական հետևանքներ առաջացնելու նպատակով, համացանցում տեղադրել են «Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականը ԱԱԾ ու Քննչական պետերին» վերտառությամբ արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ ձայնագրություն, որում ՀՀ Վարչապետն իբրև թե կոնկրետ քրեական վարույթով հանձնարարություններ է տալիս ՀՀ իրավապահ […] ...

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները

10:20 27.06.2025

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները

Հունիսի 26-ին, Չինաստան պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ։ Նախարարները հանդես են եկել բացման խոսքով։ Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային թեմաներ։ Երկկողմ հարաբերությունների համատեքստում […] ...

Խաբի Ալոնսոն տարբեր սխեմաներ է փորձարկում

10:09 27.06.2025

Խաբի Ալոնսոն տարբեր սխեմաներ է փորձարկում

«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կանգնած է տակտիկական երկընտրանքի առաջ, գրում է Marca-ն: «Պաչուկայի» դեմ ԱԱԱ-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում նա ցույց տվեց, թե որ տակտիկական սխեմաներն է դիտարկում՝ հաջորդ մրցաշրջանում կիրառելու համար: Մադրիդյան թիմը խաղը սկսեց 4-5-1 սխեմայով, իսկ Ռաուլ Ասենսիոյի հեռացումից հետո անցավ 4-4-1-ի: Երկրորդ խաղակեսում, երբ Ռյուդիգերը խաղադաշտ մտավ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի […] ...

Հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցում

10:00 27.06.2025

Հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցում

Հունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային […] ...

BACK_TO_TOP