Արմեն Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի անկախության 75-ամյակին նվիրված միջոցառմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Արմեն Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի անկախության 75-ամյակին նվիրված միջոցառմանը

21:30 15.08.2021

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի անկախության 75-ամյակին նվիրված միջոցառմանը և հանդես եկել ելույթով, որում մասնավորապես ասել է․

«Հարգարժան դոկտո՛ր Սահարսաբուդհե,

Ձերդ Գերազանցություն պարո՛ն դեսպան և տիկին Դևալ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Սիրելի՛ բարեկամներ,

Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցանկանում եմ ողջունել  Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի պատվիրակությանը Հայաստանում:

Ուրախ եմ նաև Հայաստանի կառավարության անունից հղել մեր ջերմ շնորհավորանքները Հնդկաստանի անկախության 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հնդկաստանն իր պետականությամբ և մշակույթով մշտապես կարևորագույն տեղ է զբաղեցրել համաշխարհային քաղաքակրթության մեջ: Եվ այսօր էլ մենք ականատես ենք լինում Հնդկաստանի հասարակության նշանակալի նվաճումներին, որոնք դրական ներգործությունն են ունենում համընդգրկուն առաջընթացի վրա։

Հայ և հնդիկ ժողովուրդների հարաբերությունները և պատմական կապերը սկիզբ են առնում հազարամյակների խորքից: Դրանք աշխուժացել են հատկապես 17-19-րդ դարերում, երբ Հնդկաստանի մի շարք խոշոր քաղաքներում կազմավորվել են զգալի թվով հայկական համայնքներ, որոնք ակտիվ դերակատարում են ունեցել Հնդկաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում:

Գոհունակությամբ պետք է նշել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանին և Հնդկաստանին հաջողվել է դարերի խորքից եկող  բարեկամական հարաբերությունները վերածել փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական ջերմ ու գործընկերային համագործակցության:

Վերջին տարիներին մեր երկրների միջև տեղի են ունեցել բազմաթիվ շփումներ և մշակութային միջոցառումներ: Արդյունավետ է նաև համագործակցությունը բազմակողմ հարթակներում:

Ցավոք, 2020թ. հունվարից կորոնավիրուսի համավարակի տարածումը, ինչպես նաև 2020թ. սեպտեմբերին  Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիան թույլ չտվեցին մեզ կյանքի կոչել մեր նախանշած ծրագրերը և փոխադարձ այցելությունները: Սակայն, ակնհայտ է, որ մենք դեռ բազմաթիվ անելիքներ ունենք՝ երկկողմ քաղաքական, անվտանգային, ռազմական, տնտեսական, գործարար, մշակութային ու կրթական համագործակցության չօգտագործված ներուժը իրացնելու ուղղությամբ։

Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում բարեկամ Հնդկաստանի կառավարությանը և ժողովրդին՝ կորոնավիրուսի համավարակի լիակատար հաղթահարման գործում: Հայաստանը մշտապես սատարել է Հնդկաստանին Ջամմու և Քաշմիրի հարցում: Միևնույն ժամանակ, մենք բարձր ենք գնահատում Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի, տարածաշրջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների, ինչպես նաև Հայաստանի սահմանների դեմ ոտնձգությունների առնչությամբ Հնդկաստանի իշխանությունների հասցեական հայտարարությունները:

Տնտեսական համագործակցության ակտիվացման տեսանկյունից մեծապես կարևորվում է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը և առաջիկայում գործարար համաժողովների անցկացումը:

Հեռանկարային է նաև երկու երկրների միջև համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, ռազմական, պաշտպանական, դեղագործության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության և մշակույթի և այլ ոլորտներում:

Հայաստանն ուշադիր հետևում է Հնդկաստանի ակտիվ ներգրավվածությանը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծում և Հնդկաստանի շահագրգռվածությանը` զարգացնելու Չաբահար նավահանգիստը և այն կապելու այդ նախագծին՝ պատրաստ լինելով ներգրավվել այդ ծրագրի իրագործման աշխատանքներում:

Հայաստանը շնորհակալ է Հնդկաստանի կառավարությանը և հնդիկ ժողովրդին՝ Հնդկաստանում հարյուրամյակների պատմություն ունեցող հայ համայնքին և հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Մենք արժևորում ենք Հնդկաստանի կառավարության աջակցությամբ Հայաստանում մի շարք ծրագրերի իրագործումը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկության և այլ ոլորտներում:

Մեր երկու ժողովուրդներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, և դա, առաջին հերթին, մարդկային ներուժն է՝ աշխատասիրությունը, նպատակաուղղվածությունը, ստեղծագործական նորարարության նկատմամբ ձիրքը, ինչպես նաև նվիրվածությունը՝ հարուստ պատմության, մշակութային ժառանգության և արժեքային համակարգի պահպանմանը:

Ինչպես ասել է հնդիկ մեծ մտածող և քաղաքական գործիչ Մահաթմա Գանդին, ում արձանը տեղադրվել է Երևանում՝ որպես մեր երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշներից մեկը, «հարաբերությունները հիմնված են չորս հետևյալ սկզբունքների վրա` հարգանք, ըմբռնում, ընդունում և երախտագիտություն»: Կարծում եմ, որ մեր ժողովուրդների և պետությունների միջև հարաբերություններում այս բոլոր սկզբունքներն առկա են:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր, հետադարձ հայացք գցելով հայ-հնդկական հարաբերությունների զարգացման ընթացքին, կարող ենք արձանագրել, որ Հայաստանն ու Հնդկաստանը ձևավորել են միջպետական համագործակցության դինամիկ ձևաչափ: Մենք հաստատակամ ենք զարգացնելու և որակապես նոր մակարդակի բարձրացնելու այդ համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների և երկրների»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP