18:08 27.06.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման արդյունքներով մամուլի համար հանդես է եկել հայտարարությամբ․
«Հարգելի՛ պարոն նախարար
Իմ բարեկամ և եղբայր Նիկոս
Տիկնա՛յք և պարոնա՛յք
Նախ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ լավ գործընկերոջը՝ Նիկոս Դենդիասին, ջերմ հյուրընկալության համար։ Ինձ համար մեծագույն պատիվ է գտնվել Աթենքում, հատկապես, երբ մենք նշում ենք Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։
Հայաստանի և Հունաստանի միջև դինամիկ զարգացող արդեն երեսնամյա միջպետական հարաբերությունները, իհարկե, առաջին հերթին, հիմնված են մեր երկու ժողովուրդների միջև հազարամյա բարեկամության, փոխօգնության և դավանած ընդհանուր արժեքների վրա։
Հայերը և հույները ապրել են կողք կողքի, պայքարել են կողք կողքի և արարել են կողք կողքի: Պատմության ոլորաններով անցած մեր համատեղ ճանապարհը կերտել է հայ-հունական մի ամուր եղբայրություն, որը ոչ ոք և ոչինչ կասկածի տակ դնել չի կարող: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ հարգանքի հավաստիքը հղել Հունաստանում հայկական համայնքին և Հայաստանում հունական համայնքին և գնահատել նրանց նշանակալի ներդրումը մեր ժողովուրդների և պետությունների միջև հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում։
Այսօր գործընկերոջս հետ մանրամասն քննարկեցինք մեր երկրների միջև քաղաքական երկխոսության և բազմաոլորտ համագործակցության խորացման հեռանկարները և նախանշեցինք առևտրատնտեսական, պաշտպանական, մշակութային, գիտական և այլ ուղղություններով իրականացվելիք համատեղ աշխատանքները:
Հավատացած ենք, որ Հայաստանի և Հունաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության ամրապնդման հսկայական ներուժ: Կարծում եմ, որ ընդարձակ երկկողմ իրավապայմանագրային հենքը և հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները կնպաստեն այդ ներուժի լիարժեք օգտագործմանը։
Հարգելի՛ գործընկերներ
Հայ-հունական հարաբերությունները զարգանում են ոչ միայն երկկողմ, այլև՝ բազմակողմ կարևոր հարթակներում: Այս առումով կցանկանայի երեք կարևոր թեմա արծարծել:
Առաջին հերթին՝ մեր քննարկումների կենտրոնում էր նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի շրջանակներում համագործակցությունը։ Այս կարևոր նախաձեռնությունը տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության հաստատման արդյունավետ միջոց ենք համարում, և լիահույս ենք, որ համատեղ ջանքերով կկարողանանք այն ծառայեցնել մեր երեք երկրների ու ժողովուրդների կենսական շահերի առաջմղմանը: Ինչպես նախարար Դենդիասը նշեց, այս ձևաչափի առումով ունենք շատ կարևոր ու կոնկրետ պայմանավորվածություններ:
Իհարկե, արագ փոփոխվող աշխարհում գնալով ավելի է կարևորվում տրանսպորտային հաղորդակցության ծրագրերի իրականացումը, որոնք ժամանակակից տնտեսության արյունատար անոթներն են: Այս առումով կարևորում ենք «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք ստեղծելու մասին» բազմակողմ Համաձայնագրի ստորագրումը: Կարծում եմ, որ շահագրգիռ կողմերի հետ միասին կարող ենք ավելի ինտենսիվ աշխատանքներ տանել և հաջողությամբ պսակել այս ուղղությունը ևս:
Մտքեր ենք փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն ու Արևելյան գործընկերությանը վերաբերող հարցերի շուրջ: Երկուստեք ընդգծել ենք, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը մեծ հնարավորություններ է ընձեռում նաև երկկողմ համագործակցության խորացման համար։
Տիկնա՛յք և պարոնա՛յք
Բնականաբար, անդրադարձ ենք կատարել միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։
Գործընկերոջս հանգամանալից ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ։
Անդրադարձել եմ տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքների, ինչպես նաև, ընդհանուր, խաղաղության համաձայնագրի գործընթացներին:
Ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առանցքային դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում: Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի դիրքորոշումը՝ ի աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և նրա մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ լավ բարեկամ Նիկոս Դենդիասին, որը 44-օրյա պատերազմի օրերին այցելեց Երևան, արտահայտեց Հունաստանի և հույն ժողովրդի զորակցությունը մեզ այդ օրհասական և կարևոր ժամանակահատվածում: Ռազմավարական գործընկերոջը հարիր այդ ժեստը մենք իսկապես երբեք չենք մոռանա:
Հարգելի՛ գործընկերներ
Ցավալիորեն պետք է փաստել, որ հրադադարից ավելի քան մեկուկես տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունները, իսկ ռազմատենչ, առավելապաշտական հռետորաբանությունը, ցավոք, ադրբեջանական ղեկավարության ամենօրյա խոսույթի անբաժանելի մասն է դարձրել։
Խախտելով միջազգային հումանիտար իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհայտ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված: Աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրները, կրկնում եմ, բոլոր քաղաքակիրթ երկրները, բոլոր հնարավոր առիթները օգտագործելով՝ պետք է նպաստեն, կոչ անեն ու պնդեն, որ Ադրբեջանը վերադարձնի մեր բոլոր գերիներին:
Հարգելի՛ ներկաներ
Հայ ժողովուրդը հազարամյակներ ընդգրկող պատմության ընթացքում հրաշագեղ եկեղեցիներ, հուշարձաններ, կոթողներ է ստեղծել, որոնք համայն մարդկության մշակութային ժառանգության անբաժանելի մասն են: Այսօր, ցավոք, այս ժառանգության մի մասը վերահաս ոչնչացման վտանգի տակ է: Ադրբեջանական իշխանությունների պետական, պաշտոնական քաղաքականության պատճառով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ունենք սրբապղծված եկեղեցիներ, ջարդուփշուր եղած հուշարձաններ, հայկականության հետքից մաքրված կոթողներ: Ի տարբերություն շատ այլ նմանատիպ անընդունելի դեպքերի, մենք չենք կարող պնդել, որ աշխարհը լռում է․ իսկապես՝ աշխարհը խոսում է և շատ հստակ է արտահայտվում: Եվ դրա վառ օրինակն է 2021թ. դեկտեմբերի ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի հրատապ միջոցներ կիրառելու մասին որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին դադարեցնել այս քաղաքականությունը:
Մենք ակնկալում ենք միջազգային հանրության հստակ, հասցեական ու շարունակական արձագանքն այս վարքագծի վերաբերյալ, ընդգծում ենք Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կազմակերպությունների ներգրավվածության հրատապությունը, հատկապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության իրականացումը, որը կարևոր քայլ կլինի այս ժառանգության փրկության համար։
Եվ, իհարկե, ցանկանում եմ հերթական անգամ ընդգծել, որ խաղաղությունը մեր սկզբունքը, մեր քաղաքականությունն ու ռազմավարությունն է: Մենք իսկապես ձգտում ենք կառուցել խաղաղ, անվտանգ և կայուն Հարավային Կովկաս, և հուսով ենք, որ մեր հարևանը կդադարեցնի իր առավելապաշտական նկրտումները և ավելի կառուցողական դիրքորոշում կցուցաբերի բոլոր հարցերում:
Հարգելի՛ պարոն Դենդիաս
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ջերմ ընդունելության և բովանդակային քննարկման համար, և ուրախ կլինեմ հյուրընկալել Ձեզ Երևանում»։
08:06 07.05.2025
Պե՞տք է արդյոք Հենրիխ Մխիթարյանին փոխել խաղակոշիկի չափսը. The Athletic-ի անդրադարձըThe Athletic-ը անդրադարձել է «Ինտերի» խաղին և թիմի տեղին համաշխարհային էլիտայում։ «Նրա գոլը «Բարսելոնայի» դարպասին չեղարկվեց միլիմետրերի պատճառով՝ VAR համակարգի որոշմամբ։ Այդ մանրուքը փչացրեց «Ինտերի» փայլուն երեկոն, այն թիմի, որն ապացուցել է իր տեղը եվրոպական էլիտայում»,– գրում է The Athletic-ը, մեջբերելով նաև Մխթարյանի հետևյալ խոսքը։ «Հաջորդ անգամ կխնդրեմ հանդերձապահին, որ փոքր չափսի խաղակոշիկ տա»։ Ապա […] ...
08:00 07.05.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետիցՄայիսի 6-ին, ժամը 04:53-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն գյուղի վերջնամասում ավտոմեքենան ընկել է սելավատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Վանաշեն գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս […] ...
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...