12:22 23.02.2023
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի բավարարմանը:
Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,
Ինչպես գիտեք, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունն անցած տարվա դեկտեմբերին հրատապ կերպով դիմել էր Արդարադատության միջազգային դատարան ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակներում ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին պահանջով՝ դատարանին խնդրելով պարտավորցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը:
Ադրբեջանի կողմից սույն թվականի հունվարի 4-ին հայելային պահանջ էր ներկայացվել ընդդեմ Հայաստանի, որ վերաբերում էր Հայաստանի կողմից ականների ենթադրյալ տեղադրումներին:
Դատարանը երեկ հրապարակեց իր որոշումները՝ բավարարելով Հայաստանի պահանջը և մերժելով Ադրբեջանի պահանջը: Պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ, դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Դատարանը շեշտեց, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար:Հարգելի գործընկերներ,
Սա չափազանց կարևոր որոշում է, որի զուտ իրավական մեկնաբանությանը մասնագետ իրավաբաններն անդրադարձել են, բայց ես կուզեմ անդրադառնալ այդ որոշման քաղաքական ազդեցությանն ու նշանակությանը:
Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է: Սա կարող է մեր հանրությանը տարօրինակ արձանագրում թվալ այն իմաստով, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ակնհայտ է բոլորիս համար, բայց Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ Լաչինի միջանցքը փակ չէ: Ինչքա՞ն էին միջազգային հանրության ներկայացուցիչները հավատում, դա ուրիշ հարց է: Բայց սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպը, և դա արձանագրեց համաշխարհային բարձրագույն դատական ատյանը:
Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար, ըստ էության, լուրջ չհամարելով միջանցքն էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը, և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը:
Հաջորդ արձանագրումը՝ դատարանը վերահաստատեց Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, որ 2020 թվականի նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը նույն փաստաթղթով պարտավոր է երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ, և Լաչինի միջանցքը պետք է լինի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո: Ըստ էության, դատարանն արձանագրեց, որ սա Ադրբեջանի պարտավորությունն է՝ միջազգային պարտավորությունը:
Մյուս կարևոր հանգամանքը հետևյալն է, որ դատարանը հստակ արձանագրեց Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ըստ այդմ՝ նաև տվյալ հայտարարությանն ու նրա դրույթներին: Այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի և շփման գծի առկայության վերաբերյալ տրվեց միջազգային իրավական նշանակություն:
Միևնույն ժամանակ, դատարանն արձանագրեց, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով խաթարվել են սննդի, դեղամիջոցների, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղին, սահմանափակվել է էթնիկ հայերի հասանելիությունը մի շարք կենսական բժշկական ծառայություններին՝ այսպիսով հաստատելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը:
Դատարանը համարեց, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ հենց Ադրբեջանն է Լեռնային Ղարաբաղում բնական գազի և էլեկտրական հոսանքի մատակարարումների դադարեցումների մեղավորը: Իհարկե, նման վիճակի պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող խողովակի փականը գտնվում է Հայաստանի համար ոչ հասանելի տեղում: Նույնը կարելի է ասել նաև էլեկտրական հոսանքի անջատման կետի մասին: Այստեղ, իսկապես, ուղղակի անհերքելի ապացույցներ Հայաստանը չի կարողացել ներկայացնել: Բայց սա նաև նշանակում է, որ այն պահին, երբ մենք կկարողանանք ձեռք բերել ուղղակի ապացույցներ, այդ հիմքով կկարողանանք նորից դիմել դատարանին և հավանականությունը, որ դատարանը կբավարարի նաև այս հայցապահանջը, մեծ կլինի: Այս պահին, չնայած, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն իրականացվում է լիարժեք:
Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,
Ասացի արդեն, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ և աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ինչ-որ ականապատումների մեջ: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ արդեն մի քանի ամիս բոլոր միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքներն ականապատումների մասին, փլուզվեցին, և սա չափազանց կարևոր է:
Վերադառնալով Լաչինի միջանցքը բացելու Ադրբեջանի պարտավորությանը՝ սահմանված դատարանի կողմից, պիտի ընդգծեմ, որ Արդբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի, միջոցներ ձեռնարկի Լաչինի միջանցքը բացելու համար: Ամենասկզբում և ամենապրիմիտիվ քայլը կարող է լինել, օրինակ, իշխանության ամենաբարձարգույն օղակից՝ Լաչինի միջանցքը բացելու կոչ պահանջ հնչեցնելը «էկոակտիվիստներին»: Ամեն դեպքում, Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների:
Շնորհակալ եմ ուշադրության համար»:
16:38 01.06.2025
Անդրանիկ Օզանյանի տուն-թանգարանում անցկացվել է միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվանՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ Պրոբացիայի ծառայության հետ համատեղ, Կոմիտասի անվան այգում գտնվող Անդրանիկ Օզանյանի տուն-թանգարանում անցկացրել է միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են պրոբացիայի շահառուների 27 երեխաներ։ Ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի […] ...
16:20 01.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում հարվածներ են հասցրել արմատական ռազմական տասնյակ օբյեկտներիԻսրայելի ռազմաօդային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող տասնյակ արմատական ռազմական թիրախների։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ահաբեկչական տասնյակ թիրախների, այդ թվում՝ ականապատված ռազմական օբյեկտների, ստորգետնյա թունելների, դիպուկահարների դիրքերի և հակատանկային հրթիռային կայանքների, որոնք սպառնալիք էին […] ...
16:00 01.06.2025
Al Jazeera. Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 30-իԻսրայելական բանակի կողմից Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաքում մարդասիրական օգնության բաշխման կետի հրետակոծության հետևանքով զոհերի թիվը 15-ից հասել է 30-ի, մոտ 120 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Այս տարածքում մարդասիրական առաքելությունն իրականացրել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող կազմակերպություններից մեկը։ Հեռուստաալիքը հայտնում է, որ իսրայելական ուժերը կրակ են բացել անցակետի շուրջ […] ...
15:40 01.06.2025
Փոքրիկների «մեծ մտքերը». Արդարադատության նախարարությունը շնորհավորել է Հունիսի 1-ըՀՀ արդարադատության նախարարությունը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տեսանյութով ներկայացրել է փոքրիկների «մեծ մտքերը»։ ...
15:20 01.06.2025
Արքայազն Հարրին ցանկանում է վերցնել մոր ազգանունը. Daily MailՄեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ցանկանում է փոխել իր Մաունթբաթեն-Վինձոր ազգանունը, որը կրում են թագավորական ընտանիքի անդամները, Սփենսերի՝ իր մոր՝ արքայադուստր Դիանայի ազգանվան անունով, հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Հարրին իր ազգանունը փոխելու հնարավորությունը քննարկել է արքայադուստր Դիանայի եղբոր՝ Չարլզ Սփենսերի հետ՝ Մեծ Բրիտանիա կատարած ուղևորության ժամանակ։ «Սասեքսի դուքսը ակտիվորեն հետաքրքրվել […] ...
15:00 01.06.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերումՎթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 1-ին ժամը 13։50-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ակունք, Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս, Գեղաշեն, Կոտայք, Նոր Գյուղ, Մայակովսկի, Կապուտան, Հատիս, Զովաշեն բնակավայրերի, Աբովյան քաղաքի 10-րդ, 11-րդ փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարումը։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։ ...