Ուոթերգեյթի ուրվականը. Washington Post-ն ու The New York Times-ն ընդդեմ Թրամփի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+28.09 oC

Ուոթերգեյթի ուրվականը. Washington Post-ն ու The New York Times-ն ընդդեմ Թրամփի

21:00 06.09.2018

The New York Times-ի տեղեկատվության գաղտնի աղբյուրը

«Ես Թրամփի վարչակազմում գոյություն ունեցող դիմադրության մաս եմ կազմում»: Այս վերնագրով էսսեն հրապարակվել է «Նյու Յորք Թայմզ»-ի սեպտեմբերի 5-ի համարում: Դրա հեղինակը Սպիտակ տանն աշխատող բարձրաստիճան պաշտոնյա է, որի անունը չի հրապարակվում: Հեղինակավոր պարբերականն այդ հրապարակման առաջաբանում նշում է, որ պետական պաշտոնյայի անունը չեն հրապարակում անվտանգության նկատառումներով: Այս հոդվածում անանուն աղբյուրը բացահայտում է, որ Սպիտակ տանը Թրամփին հակազդող խումբ կա, որն աշխատում է թույլ չտալ Թրամփին իրագործել իր օրակարգի որոշ հատվածներն ու վատ մտադրությունները: Ինքն էլ այդ խմբի անդամ է: Խումբը դեմ է արտահայտվում այն որոշումներին, որոնք համարում է սխալ և վնասակար, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայումը:

Սպիտակ տան ղեկավարն անձամբ է արձագանքել այդ հրապարակմանը և պահանջել  բացահայտել աղբյուրը: Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում, մասնավորապես, գրել է.

«Արդյո՞ք իրականում գոյություն ունի, այսպես ասած, «վարչակազմի բարձր դասի ներկայացուցիչը», թե՞ դա «Նյու Յորք Թայմզ»-ի ձախողումն է՝ հերթական կեղծ աղբյուրով: Եթե վախկոտ անանունը իսկապես գոյություն ունի, ապա ազգային անվտանգության նկատառումներով առաջնորդվելով՝ «Նյու Յորք Թայմզ»-ը պետք է հանձնի նրան»:

Դժվար թե «Նյու Յորք Թայմզ»-ը գնա այդ քայլին՝ նախ՝ պաշտպանելով իր աղբյուրի գաղտնիության իրավունքը, ապա նաև նման դեպքում դա կարող է պարզապես խոչընդոտել երկրի համար կարևոր բացահայտումների իրականացմանը: Մինչդեռ դա կարող էր հենց նույն՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը ծառայել:

Սա վերջին երկու օրվա ընթացքում ԱՄՆ նախագահին ամերիկյան ԶԼՄ-ի կողմից մատուցվող արդեն երկրորդ տհաճ անակնկալն է: Ընդամենը մեկ օր առաջ Թրամփի մասին սկանդալային բացահայտումներ էր արել «Վաշինգտոն Փոստ» թերթը՝ հրապարակելով հատվածներ թերթի հետաքննող լրագրող Բոբ Վուդվորդի «Վախ. Թրամփը Սպիտակ տանը» գրքից: Դրանում սկանդալային բացահայտումներ են արվում, այդ թվում այն, որ ըստ Վուդվորդի աղբյուրի՝ Թրամփն Ասադին սպանելու հրաման է տվել ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսին:

Վուդվորդի հրապարակումները հիմնված են ականատեսների և դեպքերին անմիջական մասնակցություն ունեցող անձանց հետ հարյուրավոր ժամերի հարցազրույցների վրա՝ օգտագործելով նաև անձնական օրագրեր և պետական փաստաթղթեր:

Սպիտակ տանը դա հորինվածք են անվանել: Որքանո՞վ է դա իրական: Փաստորեն, Սպիտակ տունը առաջատար երկու լրատվամիջոցների հրապարակումների հավաստիությունն էլ հարցականի տակ դրեց:

Գաղտնիք չէ, որ երկու լրատվամիջոցներն էլ, մեղմ ասած, լավ վերաբերմունք չունեն նախագահ Թրամփի նկատմամբ, բայց ստահոդ տեղեկությունների վրա սկանդալ ստեղծելը քիչ հավանական է:

Բացի այդ, երկու լրատվամիջոցների պատմության մեջ առաջինը չեն խոշոր հետաքննությունները, որոնք ԱՄՆ-ի պատմության մեջ հետաքրքիր զարգացումների տեղիք տվեցին՝ բացահայտումներ անելով ԱՄՆ տարբեր նախագահների մասին: Դրանց բոլորի դեպքում ԶԼՄ-ները գործեցին հանուն արդարության ու երկրի շահի՝ ամեն կերպ պահպանելով իրենց աղբյուրների գաղտնի մնալու իրավունքը:

 

«Խոր կոկորդն» ու  Ուոթերգեյթյան սկանդալը

Սպիտակ տան մասին բացահայտումներ արած Բոբ Վուդվորդն այժմ 75 տարեկան է: Նա այն երկու լրագրողներից է, ում շնորհիվ 70-ականների սկզբին բացահայտվեց Ուոթերգեյթյան սկանդալը:

Բոբ Վուդվորդն ու Կարլ Բերնսթայնը

1974թ. ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնը կարող էր հրաժարական չտալ, եթե չլինեին «Վաշինգտոն Փոստ» թերթի լրագրողներ Բոբ Վուդվորդի և Կարլ Բերնսթայնի գաղտնի աղբյուրի տրամադրած գաղտնի տեղեկությունները:

Լրագրողները նրան «Խոր կոկորդ» անվանեցին: Հենց նրա շնորհիվ հաջողվեց բացահայտել նախագահ Նիքսոնի ապօրինի գործողություններն ու սկիզբ դրվեց Ուոթերգեյթյան սկանդալին:

ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը պատրաստվում էր իր վերընտրության քարոզարշավին: Նրա նախընտրական շտաբը դարձել էր երկրի ամենահզոր կառույցներից մեկը և ուներ հատուկ ստորաբաժանում, որը տեղավորվել էր մայրաքաղաք Վաշինգտոնի Ուոթերգեյթ կոչվող վարչական շենքերից մեկում (այն հիմա հյուրանոց է): Այստեղ անօրինական գործակալները պահում էին պետական փաստաթղթեր, գաղտնալսում էին բարձրաստիճան պաշտոնյաներին և ԱՄՆ Կոնգրեսի անդամներին, իրականացնում էին ֆինանսական գործարքներ: Գաղտնալսումներն ԱՄՆ նախագահի գրասենյակից տեղափոխվում էին Ուոթերգեյթ և այնտեղ մշակվում:

«Վաշինգտոն Փոստ» թերթի բացահայտումները աղբյուր էին նաև մյուս լրատվամիջոցների համար: Ուոթերգեյթի գործն սկսեցին հետաքննել նաև այլ լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Նյու Յորք Թայմզ»-ը: Կասկածներն ավելանում էին: 1972 թվականի հունիսի 17-ին, երբ Սպիտակ տանը գաղտնի տեղադրված ձայնագրող սարքը և ժապավենները փոխում էին, մի պահակ նկատեց կեղծարարներին և աղմուկ բարձրացրեց: Ոստիկանությունը, կարծելով, թե գողություն է կատարվում, ձերբակալեց այդ մարդկանց: Լուրը մեծ աղմուկ առաջացրեց լրատվամիջոցներում: Կասկածները, որոնք առաջացել էին լրագրողների հոդվածներից, սկսեցին փարատվել: Պարզվեց, որ ձայնագրող սարքը փոխողները անօրինական աշխատող գործակալներն էին: Այսպես բացահայտվեց Ուոթերգեյթի ամբողջ ցանցը:

Բայց «Վաշինգտոն Փոսթ» թերթի տեղեկատվական աղբյուրի՝ «Խոր կոկորդի» ինքնության մասին մոտ 30 տարի այդպես էլ ոչ ոք չիմացավ: Նրա անունը հայտնի դարձավ միայն 2005թ. մայիսի 31-ին, երբ 90 տարեկան հասակում որոշեց բացահայտել իրեն՝ Մարկ Ֆելթ՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին աշխատակից:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի բարձրաստիճան աշխատակիցը պարզապես հանուն արդարության ու նույն ազգային անվտանգության շահերի՝ դեմ էր գնացել համակարգին ու տեղեկություններ տրամադրել լրագրողներին:

 

 Պենտագոնի փաստաթղթերը

«Վաշինգտոն Փոստի»ու «Նյու Յորք Թայմզ»-ի հետաքննությունը, որի արդյունքում դադարեցվեց Վիետնամի պատերազմը

70-ականներին նախ՝ «Նյու Յորք Թայմզ»-ը, ապա՝ «Վաշինգտոն Փոստ»-ը հետաքննական նյութերի շարք սկսեցին: Դրանք լույս տեսան «Պենտագոնի փաստաթղթեր» ընդհանուր անվամբ:

«Պենտագոնի փաստաթղթեր» հավաքական անունն էր կրում «Ամերիկա-վիետնամական հարաբերություններ, 1945-1967թթ. Հետազոտություն» անունն ստացած փաստաթղթերի հավաքածուն: Այն պատրաստված էր ԱՄՆ պաշտպանության նախարարության ներքին օգտագործման համար, բայց 1971–ին, երբ դեռ Վիետնամը պատերազմի մեջ էր, դրանց մի մասը հրապարակվեց ամերիկյան մամուլում:

Այդ գաղտնի փաստաթղթերը վկայում էին, որ ԱՄՆ այդ ժամանակվա նախագահ Լինդոն Ջոնսոնի վարչակազմը դիտավորյալ է միջոցներ ձեռնարկել Վիետնամում պատերազմի էսկալացման համար: Ավելին, ըստ այդ փաստաթղթերի՝ նախագահ Ջոնսոնի և Քենեդիի վարչակազմերը պարզապես ստել են հասարակությանը Վիետնամի պատերազմի հարցում:

 

Դենիել էլսբերգ. Բեն Բաղդիկյանի հրապարակումների գաղտնի տեղեկատուն

Այդ ժամանակ «Վաշինգտոն Փոստ» թերթի խմբագրի տեղակալը մեր հայրենակից Բեն Բաղդիկյանն էր: Նրա միջոցով այդ փաստաթղթերը հայտնվեցին թերթի էջերում:

Նրա տեղեկատվության գաղտնի աղբյուրը Պենտագոնի փորձագետ Դենիել Էլսբերգն էր: Ըստ մամուլի հրապարակումների՝ Վիտենամում ԱՄՆ դեսպանատանը երկու տարի աշխատելու ընթացքում նա հենց առաջին ձեռքից էր տեղյակ, որ ԱՄՆ-ն Վիետնամի պատերազմում չի հաղթի: Երկար ժամանակ մտածելուց հետո, թե ինչպես կարելի է դուրս գալ այդ պատերազմից, միակ միջոցը համարել էր հասարակական կարծիքի միջոցով Սպիտակ տան վրա ազդելը: Ուստի, նա պարզապես գողացել էր «Պենտագոնի փաստաթղթեր» կոչվող տրցակը, պատճենել և լրատվամիջոցներին հանձնել:

«Նյու Յորք Թայմզ»-ն ու «Վաշինգտոն Փոստ»-ը կանգնեցին դատարանի առաջ, բայց ԱՄՆ գերագույն դատարանը որոշում կայացրեց նրանց օգտին՝ նշելով, որ նրանք իրավունք ունեին հրապարակելու այդ փաստաթղթերը:

Լրատվամիջոցների փաստարկված այդ հրապարակումներն ավելացրին ԱՄՆ իշխանությունների նկատմամբ անվստահությունը: Ծայր առավ հակապատերազմական մի մեծ շարժում, որն ավարտվեց 1973–ին Վիետնամի պատերազմի ավարտով:

 

https://www.youtube.com/watch?v=VJVxQETW-YU

Էլսբերգը դատարանի առաջ կանգնեց դավաճանության մեղադրանքով, սակայն ավելի ուշ «Վաշինգտոն Փոստ»-ին դարձյալ հեղինակություն բերած հետաքննական մեկ այլ հրապարակումից հետո, որը հայտնի դարձավ «Ուոթերգեյթի սկանդալ» անվանումով, դատախազությունը քննություն իրականացնելիս եկավ այն եզրահանգման, որ Նիքսոնի վարչակազմը դիտավորյալ փորձել է վարկաբեկել Էլսբերգին:

Պենտագոնի փաստաթղթերի սկանդալից 40 տարի անց այդ փաստաթղթերն ամբողջությամբ գաղտնազերծվեցին ու հրապարակվեցին:

 

Տեղեկատվության աղբյուրներն ու մասնագիտական պատասխանատվությունը

Այսպիսի բացահայտումները հետք թողեցին համաշխարհային ողջ լրագրության մեջ՝ միաժամանակ ուշադրություն հրավիրելով մի շարք կարևոր հանգամանքների. 

  1. Ամեն կերպ պահպանել տեղեկատվության աղբյուրի անվտանգությունը և պաշտպանվածությունը: Լրագրողի գործունեության ընթացքում լինում են դեպքեր, երբ տեղեկություն տրամադրող անձը համաձայնում է խոսել միայն չբացահայտվելու պայմանով։
  2. Սա իր հետ բերում է նաև պատասխանատվություն հենց լրագրողի համար, որ պարզի աղբյուրի գաղտնի մնալու շարժառիթը և միայն դրանից հետո խոստանա չբացահայտել։
  3. Պատասխանատու լինել սեփական խոսքի հանդեպ և անանուն աղբյուրին դիմել՝ միայն բացառիկ դեպքերում, հակառակ դեպքում դա կարող է նվազեցնել լրատվամիջոցի նկատմամբ վստահելիությունը: Քիչ չեն դեպքերը, երբ տեղեկատվության աղբյուրի պաշտպանությանը հղում անելով՝ ստահոդ տեղեկություններ ու բամբասանքներ են տարածվում:
  4. Առաջնային համարել «հանրային հետաքրքրությունը», բայց հանրային հետաքրքրությունը չշփոթել հանրային հետաքրքրասիրության հետ: Հանրային հետաքրքրություն` նշանակում է, թե որքանով է այն ոչ թե, ուղղակի, հետաքրքիր, այլ կարևոր հանրության համար, որքանով է արտահայտում հանրային շահը:
  5. Գործել հանուն պետության շահի՝ բարձր պահելով մարդկային արժանապատվությունն ու մասնագիտական բարձր պատասխանատվությունը:

 

Պատրաստեց Քրիստինե Ալագուլյանը

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամբոջան ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ է արել Թաիլանդին դադարեցնել կրակը

10:47 26.07.2025

Կամբոջան ՄԱԿ-ի ԱԽ նիստում կոչ է արել Թաիլանդին դադարեցնել կրակը

Կամբոջան Անվտանգության խորհրդի փակ նիստի ժամանակ կոչ է արել հրադադար հաստատել, հայտարարել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Կեո Չհեան։ «Կամբոջան կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը», – լրագրողներին ասել է նա։ Իրենց հերթին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, ըստ նրա, կոչ են արել երկու կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և դիվանագիտություն։ ...

Իրանում զինված անձինք հարձակվել են դատական ​​վարչության վրա

10:32 26.07.2025

Իրանում զինված անձինք հարձակվել են դատական ​​վարչության վրա

Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքի դատական դեպարտամենտը հարձակման է ենթարկվել զինված անձանց կողմից, հաղորդում է IRIB գործակալությունը։ «Մի քանի րոպե առաջ անհայտ զինված անձինք հարձակվել են Զահեդանի դատական ​​վարչության վրա», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ ...

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկից

10:09 26.07.2025

Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկից

Հուլիսի 25-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկը խափանվել է. քաղաքացիները մնացել են բարձրության վրա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները երեք քաղաքացու անվնաս իջեցրել են խափանված կռունկից։ ...

Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել է

09:45 26.07.2025

Թրամփը հայտարարել է, որ անտառային հրդեհներից տուժածներին օգնելու համար նախատեսված գումարը անհետացել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելուն ուղղված ԱՄՆ FireAid նախաձեռնությունը անվանել է խարդախ սխեմա և հայտարարել, որ դրա համար հավաքագրված միջոցներից 100 միլիոն դոլարը անհետացել է։ «FireAid-ը լիակատար աղետ է։ Դա նման է դեմոկրատների կողմից ևս մեկ խաբեության: 100 միլիոն դոլարը կորել է», – գրել է նախագահը իր Truth Social էջում: […] ...

Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքև

09:29 26.07.2025

Ալավերդիում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, քաղաքացին ընկել է ներքև

Հուլիսի 26-ին, ժամը 04:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի […] ...

Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետո

09:21 26.07.2025

Սթարմեր. Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետո

Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X-ում հրապարակված տեսաուղերձում: «Ես մեր ամենամոտ դաշնակիցների հետ աշխատում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ռազմավարության վրա՝ կենտրոնանալով գործնական լուծումների վրա, որոնք կփոխեն պատերազմի հետևանքով տառապողների կյանքը։ Այս ռազմավարությունը կներառի այն կոնկրետ քայլերը, որոնք […] ...

BACK_TO_TOP