Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+20.09 oC

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

12:13 22.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գործադիրն առաջարկություն է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-23-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է.

«Օրենքների նախագծերի համաձայն առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ մեկ ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 20 մլն դրամ և 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 15 մլն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել է 37 տարեկանը: Մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ Զինված ուժերում օրենքով սահմանված 24 ամսյա ծառայության ժամկետը փոխարինել 12 ամսյա ժամկետով ծառայությամբ: Ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել է 2.5 մլն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն: Մինչև 16 տարին լրանալը, զինվորական հաշվառման տարիքի մասին է խոսքը, ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների համար դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 մլն դրամ: Օրենքների նախագծերի քննարկման արդյունքներով փաստվել է, որ նախագծերն ընդհանուր առմամբ կարիք ունեն պատշաճ նորմատիվ կարգավորումների և օրենսդրական տեխնիկայի կանոնների ապահովման նպատակով լրամշակման: Միաժամանակ, առկա են մի շարք սկզբունքային առաջարկություններ, որը ես կնշեմ: Հավելեմ նաև, որ նախաձեռնությունն Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանին է, և այն քննարկում է անցել նաև միջգերատեսչական հարթակում, ինչպես նաև անցել է նախարարական կոմիտեով: Ըստ այդմ՝ ձևակերպվել է հետևյալ առաջարկությունները՝ կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել մեկ ամսվա դեպքում 24 մլն դրամ և 4 ամսվա դեպքում 18 մլն դրամ: Յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին Կառավարության որոշման մեջ սահմանել տվյալ զորակոչին համապատասխան կրճատ ժամկետով ծառայություն անցնելու դիմումների առավելագույն քանակը և դիմումների ներկայացման կարգը: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն սահմանային տարիքը նախատեսել 32 տարեկանը, իսկ պետական տուրքի մասին օրենքում փոփոխության փոխարեն Պաշտպանության մասին օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով Հայաստանի Հանրապետության նկատմամբ 15 մլն դրամ գումարի չափով հանրային իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետական բյուջեի վճարմամբ՝ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում: Այս առաջարկները քննարկվել են պատգամավորի հետ և պարոն Հայկ Սարգսյանն ըստ էության համաձայն է այս փոփոխություններին և առաջիկայում մեր հաստատումից հետո այն կքննարկվի նաև Ազգային ժողովում: Հաշվի առնելով, որ փաթեթը բավականին լայն է և զգայուն է և անդրադառնում է հանրային բոլոր շերտերին, շատ կարևոր է, որ այն նաև պատշաճ քննարկում անցնի Ազգային ժողովում»,- իր խոսքն ամփոփել է Սուրեն Պապիկյանը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հետաքրքրվել է, թե արդյոք Կառավարության կողմից ներկայացված առաջարկությունների սկզբունքային առանձնահատկությունն ա՞յն է, որ յուրաքանչյուր զորակոչի դեպքում Կառավարությունը համապատասխան սահմանաչափ կհայտարարի, որը նաև թույլ կտա գնահատել այս միջոցառման արդյունավետությունը կամ կառավարել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ նման, շատ զգայուն՝ ինչպես դուք նշեցիք, և էական փոփոխությունների պարագայում:

Արձագանքելով՝ Սուրեն Պապիկյանը նշել է.

«Այս կետը մեզ համար սկզբունքային էր այն առումով, որ չնայած բարեփոխումը նպատակ ունի զորակոչիկների թիվն ավելացնել և տարբեր ճանապարհներով զորակոչից խուսափելու հնարավորությունները սահմանափակել, ընդհուպ՝ ամբողջությամբ արգելափակել, որպեսզի այն գումարները, որոնք տարբեր ուղիներով հոսում են տարբեր տեղեր, դրանք մտնեն պետական գանձարան, միևնույն ժամանակ, մեզ հնարավորություն տան մեծացնելու պրոֆեսիոնալ բանակի հնարավորությունները և թվաքանակը:

Ես պիտի հիշեցնեմ, որ այս նախագծի մի մասը դեռևս 2022 թվականին Կառավարության կողմից էր հենց առաջարկվել և հետագայում դրա մի մասն առկախվեց 2022 թվականի սեպտեմբերի դեպքերով պայմանավորված: Այն ժամանակ էր, որ մեր կողմից ընդունվեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որը ենթադրում է, որ այն ժամկետային զինծառայողը, որը 5 տարով պայմանագիր կկնքի Պաշտպանության նախարարության հետ, ծառայությունից հետո, կստանա նաև 5 մլն դրամ պարգևավճար: Եվ այստեղից էլ այս թվերը. խոսքը վերաբերում է 18 և 24 մլն դրամ Կառավարության առաջարկություններին, որը ենթադրելու է, որ հնարավոր կարճ ժամկետով ծառայելու պարագայում, երբ գումար կվճարեն պետական բյուջե, դրա միջոցով մենք կկարողանանք 5 տարի շարունակ 2 պայմանագրային զինծառայողի և՛ աշխատավարձ վճարել, և՛ նաև վճարել այն 5 մլն դրամ պարգևավճարը, որն ստանձնել է Կառավարությունը:

Բայց ինչպես նշեցիք՝ ամենակարևոր հատվածը վերաբերում է կարգին, որը դեռ պիտի սահմանի Կառավարությունը: Յուրաքանչյուր զորակոչից առաջ Կառավարությունը պիտի սահմանի թվաքանակը, թե ինչ թվով երիտասարդներ կարող են օգտվել այս հնարավորությունից: Բնականաբար, եթե չունենանք նման հնարավորություն՝ Կառավարությունն այդ զորակոչին նման որոշում չի ընդունի: Այսինքն՝ մեր այս առաջարկությամբ բոլոր հնարավոր ռիսկերն ու շրջանառվող մտահոգություններն ամբողջությամբ փարատվում են և կառավարելի են Պաշտպանության նախարարության կողմից»:

Տիգրան Խաչատրյանը հավելել է. «Ես միայն կցանկանամ լրացնել այն, որ վերջին տարիների ընթացքում Պաշտպանության նախարարության և Առողջապահության նախարարության կողմից մեծածավալ աշխատանքներ են տարվել այն ուղղությամբ, որ ինչպես Դուք նշեցիք, այլևայլ եղանակներով զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորությունները կանխվեն, հստակեցվեն այն կարգավորումները, որոնք տալիս են տարկետման այդպիսի իրավունքներ: Եվ այս բոլոր միջոցառումները մեկ ամբողջությամբ մեջ դիտարկելու արդյունքում է, որ մենք պետք է գանք այն վստահության, որ կարգավորումները գտնվում են ամբողջովին իրավական հարթության մեջ և այն հնարավորությունները, որոնք կարող են սահմանվել արտոնություններ կամ բացառություններ սահմանելու համար, նույնպես կառավարելի են լինելու Ձեր կողմից նշված ձևաչափերով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ունենք օրենքի նախագիծ, որ տրանսպորտից օգտվելու և չվճարելու դեպքում կլինեն տուգանքներ․ Միքայել Խաչատրյան

22:17 22.05.2025

Ունենք օրենքի նախագիծ, որ տրանսպորտից օգտվելու և չվճարելու դեպքում կլինեն տուգանքներ․ Միքայել Խաչատրյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանին։ Անդրադարձ է եղել մայրաքաղաքի խնդիրներին և թե ինչ անելիքներ ունեն այդ խնդիրների լուծման գործում Երևանի քաղաքապետարանն ու ավագանին։ Մասնավորապես, Միքայել Խաչատրյանը խոսել է հունվարից մայիս աղբահանության վճարը չվճարելու տույժ-տուգանքներից երևանցիներին ազատելու որոշման պատճառների, ընդհանուր աղբահանության, համայնքային կառույցների շինարարության, կոռուպցիոն բացահայտումների, նաև փողոցային խցանումների […] ...

Արգենտինական Պրիմերան ներկայացնող թիմի պաշտպանը ցանկություն է հայտնել խաղալ Հայաստանի հավաքականում

22:08 22.05.2025

Արգենտինական Պրիմերան ներկայացնող թիմի պաշտպանը ցանկություն է հայտնել խաղալ Հայաստանի հավաքականում

Արգենտինական Պրիմերան ներկայացնող «Բարակաս Սենտրալ» ակումբի պաշտպան Մաքսիմո Գարսիա Սելարայանը ցանկություն է հայտնել խաղալու Հայաստանի հավաքականում: «Ես հայկական արմատներ ունեմ: Իմ երկրորդ ազգանունը Սելարայան է: Ես Հայաստանի քաղաքացի չեմ, սակայն ցանկանում եմ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում»,- սոցցանցերում գրել է 20-ամյա ֆուտբոլիստը: Մաքսիմո Գարսիա Սելարայանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում: ...

SHANTNEWS

22:00 22.05.2025

SHANTNEWS

Գեղարքունիքի մարզում. «Toyota»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

21:50 22.05.2025

Գեղարքունիքի մարզում. «Toyota»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Մայիսի 22-ին, ավոտվթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հայրիվանք բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Գավառ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր […] ...

Նյու Յորքի ոստիկանությունը կուժեղացնի կրոնական օբյեկտների պաշտպանությունը Վաշինգտոնում տեղի ունեցած կրակոցներից հետո

21:41 22.05.2025

Նյու Յորքի ոստիկանությունը կուժեղացնի կրոնական օբյեկտների պաշտպանությունը Վաշինգտոնում տեղի ունեցած կրակոցներից հետո

Նյու Յորքի իրավապահ մարմինները լրացուցիչ ստորաբաժանումներ կուղարկեն կրոնական օբյեկտներն ու մշակութային հաստատությունները պաշտպանելու համար Վաշինգտոնի հրեական թանգարանում տեղի ունեցած կրակոցներից հետո, որի հետևանքով զոհվել էին Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։ «Չնայած Նյու Յորքի հետ որևէ կապի բացակայությանը, Վաշինգտոնում հրեաների և իսրայելցիների դեմ ուղղված սարսափելի հարձակմանն ի պատասխան, Նյու Յորքի ոստիկանությունը կմեծացնի իր ներկայությունը կրոնական վայրերում և […] ...

Էրիկ տեն Հագը և «Բայերը» մոտ են համաձայնության գալուն

21:28 22.05.2025

Էրիկ տեն Հագը և «Բայերը» մոտ են համաձայնության գալուն

Լևերկուզենի «Բայերը» առաջխաղացման է հասել Էրիկ տեն Հագի հետ բանակցություններում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Նիդերլանդցի մասնագետը պատրաստակամություն է հայտնել ստանձնել թիմի ղեկը, այն բանից հետո, երբ շփումներ է ունեցել գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Խաբի Ալոնսոն հեռանալու է «Բայերից»: ...

BACK_TO_TOP