Երիտասարդ տարիներիս այսքան խաղաղ չէի. Տիգրան Մանսուրյանն այսօր դառնում է 81 տարեկան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+27.09 oC

Երիտասարդ տարիներիս այսքան խաղաղ չէի. Տիգրան Մանսուրյանն այսօր դառնում է 81 տարեկան

16:31 27.01.2020

«Ես կարևորություն չեմ տալիս էդ տոնական օրերին, երբեք թույլ չեմ տալիս, որ իմ վրա իշխող դեր ունենան»:

Ո´չ տոնական օրերը, ո´չ փոխվող ժամանակները իշխանություն չունեցան այն տաղանդի վրա, որը Բեյրութից պիտի գար Հայաստան ու Հայաստանը ճանաչելի դարձներ աշխարհին:

Տիգրան Եղիայի Մանսուրյան 

«Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա: Իմ կարծիքով, հարուստը լռությունն է: Երբ ես անցնում եմ սահմանը՝ չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը: Երբ չեմ գրում՝ խեղդում է ունայնության զգացումը: Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ: Ինքնարտահայտման միջոց էլ չէ: Ես եմ: Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն: Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն: Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…

Մեր ամեն մի չծնված գործ՝ առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը և նրա պատմությունը ունեցած սիրո պակասի արտահայտություն է: Մարդ արժևորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել»:

Եվ ծնվեց հանճարը …

1939, հունվարի 27, Բեյրութ:

Հայկական ընտանիքում, բայց ոչ Հայաստանում ծնվեց Տիգրանը:

«Մորս հայրը… Մարաշում մարագի մեջ այլ տղամարդկանց հետ այրել են թուրքերը։ Մայրս հայտնվել է որբանոցում։ Նրա եղբայրն է փրկվել։ Մայրը հասել է Հալեպ, այնտեղ մահացել։ Հայրս նույն ճանապարհն է անցել։ Սա մեր ընտանիքի փաստագրությունն է»:

1940-ականներին ընտանիքը հայրենադարձության ճանապարհն էր բռնելու: Հասցեն` Հայաստան, Արթիկի շրջան:

«Ես ծնվել եմ Բեյրութում, Հայաստան գալն ինձ համար ճակատագրական էր։ Ես չեմ պատկերացնում իմ երաժիշտ լինելն առանց Հայաստանի: Իհարկե, կան արվեստագետներ՝ Գառզուն, Ժանսեմը, Ազնավուրը, ովքեր կայացել են արտասահմանում, բայց չեմ կարծում, որ իմ պարագայում այդպես կլիներ: Այդ տարիներին հեշտ չէր ինտեգրվել Հայաստանում, բայց ես շնորհակալ եմ դժվարությունների, ուրախությունների, կորուստների համար։ Մարդը պետք է չարչարանք էլ տեսնի: Այդ ամենն Աստծու տվածն են»:

Կրթությունը կարևոր է

Նախնական մասնագիտական կրթություն չունեցող հայրենադարձ պատանին հետո պիտի տաղանդին ավելացներ կրթության շեշտերը:

«Հորս երազանքն էր, որ երաժիշտ դառնամ: Ես երաժշտություն չեմ սովորել, երաժշտական դպրոց չեմ հաճախել, ինքս եմ սովորել նվագել. մեկը չկար, որ երաժշտության հետ կապված մի բան հարցնեի»:

Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան,  ապա 1960-1965 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ Ղազարոս Սարյանի դասարան, որի ղեկավարությամբ 1967 թվականին ավարտել է ասպիրանտուրան։

Պարտաճանաչ ուսանողից խստապահանջ դասախոս և նվիրյալ ռեկտոր՝ 1992-1995 թվականներին:

«Իմ անցած ստեղծագործական ուղին ծայրահեղ հագեցած էր՝ երաժշտության ճանապարհ մտնելու ամենասկզբից մինչև էսօր, մի լուրջ կռիվ է, տևական մի մեծ կռիվ է կայացման, և էդ պահը, որ պիտի վերջապես թողնեմ ինձ ազատ, դեռ չկա: Վերջին տարիներս էնքան բաներ եմ հայտնաբերել, որ պետք է սովորած լինեի, պետք է դրանով զբաղված լինեի։ Երազանքներ ունեմ, որ էդպես էլ մնացին անկատար։ Երբ մարդը գիտի լատիներեն լեզու, նա ուրիշ մարդ է։ Դա չեղավ: Ես անգլերեն չսովորեցի, շատ եմ ցավում, մեկ էլ տեսա, որ Չեխով վատ գիտեմ։ Հինգ պիես է թողել, որոնք աշխարհում համարվում են Շեքսպիրից հետո ամենաշատ ընթերցվող պիեսները։ Հետաքրքրությունները շատ են, ես սրանցով զբաղվում եմ հիմնականում գիշերները, երբ ոչ մի զանգ չի լինում… 

Մի բան, սակայն, լավ եմ սովորել, Ֆոլկներից եմ սովորել: Պարտվել իմանալ է պետք։ Ես 10 տարի տվել եմ Ֆոլկներին, այնպես, ինչպես ինքն է ինձ սովորեցրել իմանալ պարտվելը, ոչ մեկը չի սովորեցրել՝ գավառի այդ հսկան, Նոբելյան մրցանակի հասած։ Պետք է կարողանալ պարտվել հանուն հիմնականի, որ չկորցնես հիմնականի հետ քո կապը, քո եռանդը, քո հավատքը»։

Կոտրելով սահմաններ

Նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկը և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ ներմուծեց Հայաստան։

«Դեռ ուսանողության տարիներից մի օր հստակորեն զգացի, որ երաժշտություն գրելը այսպես չի լինում. չի կարող այսքան կարճ ու անխոտոր լինել ճանապարհը մտահղացումից մինչև իրագործում։ Մի օր իսպառ հավատս կորցրի բոլոր գրածներիս ու դրանց հետ կապված գովեստների հանդեպ։ Ինձ անխնա գովում էին, բոլո՛րը։ Ես ճանաչում էի այդ երաժիշտներին, երաժշտագետներին, գիտեի նրանցից շատերի նախասիրությունն ու հավատամքը երաժշտության մեջ։ Դրանք  հաճախ իրարից ծայրահեղ տարբեր էին լինում։ Այս համընդհանուր գնահատանքն ինձ ավելի շատ վիրավորում էր։ Մի օր հեշտ գրելու և գովելի լինելու դեմ ըմբոստացա։ Եվ փնտրեցի երաժշտություն գրելու առավել լուրջ դիմադրության ճանապարհ։ Այս ձևով շուտով հայտնաբերեցի Խորհրդային Միության տարբեր քաղաքներում ապրող և «հակասովետական» երաժշտություն գրող երիտասարդ կոմպոզիտորներից շատերին։ Նորագույն երաժշտության յուրացման այդ ժամանակաշրջանն իմ կյանքի ամենահագեցած և, միևնույն ժամանակ, ամենադժվար ժամանակաշրջանն է եղել»։

Կոմպոզիտոր, ում համար խորհրդային տարիներին կային փակ սահմաններ, բայց սահմաններ չունեին նրա ստեղծագործությունները: Լոնդոն, Փարիզ, Հռոմ, Միլան, Վիեննա, Մոսկվա, Վարշավա, Նյու Յորք, Լոս Անջելես , որտեղ էլ հնչում էր նրա ստեղծագործությունները, ընդունվում էին ծափերով: Մինչև իր համար էլ կբացվեին սահմաններ:

«Մեծ կորուստների գնով ունեցանք այս անկախությունը, թեև հիմնականում եղավ Արցախը։ Դա մեծագույն երևույթն էր, որ մեր ժողովրդի կյանքում, մեր պատմության ընթացքում տեղի ունեցավ»:

Մանսուրյանական սերը

Կնոջը սիրահարվել է առաջին հայացքից: 47 տարի միասին կիսել են սեր ու ներդաշնակություն, հաց ու անկողին՝ մեծացնելով 2 երեխայի:

«Ես հիմա միայնակ եմ ապրում: Իմ կինը, որի հետ ընկերություն ենք արել 47 տարի, արդեն 16 տարի է՝ ինձ հետ չէ: Մենք միասին ենք Կոնսերվատորիա ընդունվել, միասին ավարտել, ինքը՝ կարմիր դիպլոմով, ես՝ կապույտ: Նա շատ հասուն երաժշտագետ էր և կարող էր օգտակար լինել տարբեր ասպարեզներում, օրինակ՝ գրախոսություններ գրել, բայց կարծում էր, որ ոչ մի հոդված իրավունք չունի գրելու. կարծում էր՝ ինչ էլ գրի, ասելու են, թե իմ կարծիքն է, և երբևէ չփորձեց մանկավարժության ոլորտից դուրս գալ։

Լավ կյանք ապրեցինք միասին: Շատ էր ցանկանում, որ մի ստեղծագործություն նվիրեմ իրեն, և երբ արդեն գիտեի, որ ծանր հիվանդ է, Չարենցի տասը բանաստեղծություններով «Արվեստ քերթության» շարքն էի վերջացնում։ Ասացի՝ ուզում եմ քեզ նվիրել, կցանկանա՞ս, ասաց՝ իհարկե, չէ՞ որ երբ մենք երիտասարդ տարիներին այգի էինք գնում, միշտ ձեռքի տակ Չարենց ունեինք։ Ես դա չէի հիշում, բայց շատ տպավորվեցի»։

Այսօր էլ կարևոր հանդիպումներին և մեծ համերգներին կինը իր հետ է՝  ծոցագրպանում խնամքով պահվող լուսանկարի տեսքով:

Մարդ ում համար սերը մեկնաբանվում է այնպես, ինչպես Պողոս առաքյալի առաջին թուղթն էր կորնթացիներին.

«Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, կլինեմ ինչպես մի պղինձ, որ հնչում է, կամ ինչպես ծնծղաներ, որ ղողանջում են։ Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և գիտենամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։ Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրման, բայց սեր չունենամ, ոչինչ չեմ շահի։ Սերը համբերող է, քաղցրանում է. սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, չի հանդգնում, իրենը չի փնտրում, չի գրգռում, չարը չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է Ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս է տածում, ամեն բանի համբերում։ Սերը երբեք չի սպառվում …

Մնում են հավատը, հույսը, սերը, սրանք՝ երեքը, և սրանցից մեծը սերն է»։ (գլուխ 13, 1-8,13)

Մանսուրյանը

Երաժշտության պրոֆեսորից մինչև բոլոր հնարավոր վաստակներ: Ստեղծագործական լայն ներկապնակ, որոնք ամփոփում են Տիգրան Մանսուրյանի 81 ապրած տարին՝ բնավորությամբ, ապրումներով, զղջումներով, պայքարով ու հաղթանակներով, չվերջացող լավատեսությամբ ու Մանսուրյանական պարզությամբ:

«Երիտասարդ տարիներիս այսքան խաղաղ չէի, սակայն իմ մեջ միշտ հանդարտություն է եղել։ Ես չգիտեմ՝ դա որտեղից է գալիս, դա իմ էությունն է։ Հավանաբար դա ծնողներիցս եմ ժառանգել։ Մայրս տանել չէր կարողանում բարձր ձայն։ Քույրս մայրիկիս հրավիրել էր իր մասնակցությամբ «Անուշ» օպերային։ Այն տեսարանում, երբ քույրս Անուշի դերում պիտի գետը նետվեր, ճիչ կար։ Այդ ճիչից մայրս այնպես էր բարկացել… Սա բնություն է»։

Բնության ու բնականի հետ միշտ ներդաշնակ նա միավորեց արևմտյան և հայկական երաժշտության սկզբունքները՝ դասական երաժշտությունը դարձնելով լսելի և սիրելի արդեն մի քանի տասնամյակ:

«80-ն ինձ համար դրսի երևույթ է, ներսում ես դեռ ո´չ 80 եմ, ո´չ էլ դրա ժամանակը ունեմ»:

Տիգրան Մանսուրյանն այսօր դարձավ 81 տարեկան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում

23:00 21.08.2025

Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում

Գիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակում

22:57 21.08.2025

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակում

Տալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի, Վրաստանի, […] ...

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. Ավինյան

22:54 21.08.2025

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. Ավինյան

Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից՝ ձևավորելով ավելի մաքուր, գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր երևանցիների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «2023-2025թ. մինչև օգոստոսի 20-ը ապամոնտաժել ենք շուրջ 24.000 ինքնակամ տեղադրված արտաքին գովազդ: Տեսնո՞ւմ եք արդեն փոփոխությունը քաղաքում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

22:47 21.08.2025

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

22:42 21.08.2025

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Յուրիկ Մխիթարյանը 4 փայլուն հաղթանակներից հետո եզրափակչում է․ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱ

22:38 21.08.2025

Յուրիկ Մխիթարյանը 4 փայլուն հաղթանակներից հետո եզրափակչում է․ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱ

Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Աշխարհի առաջնությունում գերազանց է գոտեմարտում 60 կգ․ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Նա 4 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Իդեպ բոլորը գոտեմարտերում հայ ըմբիշը վաղաժամ է հաղթել։ Եզրափակչում Մխիթարյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP