Պետք է համակերպվելու քաղաքականությունը փոխարինենք հաղթահարելու քաղաքականությամբ. վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ ծրագրերի ընթացքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+30.09 oC

Պետք է համակերպվելու քաղաքականությունը փոխարինենք հաղթահարելու քաղաքականությամբ. վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ ծրագրերի ընթացքին

15:50 20.01.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը և Ռուբեն Սարգսյանը, Սոցիալական ապահովության ծառայության պետ Անի Ամիրշադյանը, գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանը և պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետ Փաշինյանը, դիմելով ԱՍՀՆ գործընկերներին, նշել է.

«Մենք, ըստ էության, արձանագրել ենք, որ պետական կառավարման համակարգը ռեստարտի անհրաժեշտություն ունի, և այսպիսի քննարկումներով նաև կփորձենք գործնականում իրագործել այդ ռեստարտը: Ի՞նչ է դա նշանակում գործնականում՝ որ մենք պետք է վերանայենք այն նախագիծը, որ իրականացնում ենք Հայաստանում և պատասխանենք շատ պարզ հարցի, թե որքանով են կենսունակ և ակտուալ այն ծրագրերը, այն նախագիծը, որ մենք ունեցել ենք պատերազմից առաջ, և պատերազմից հետո այդ նախագիծն ընդհանուր առմամբ և ըստ ճյուղերի ինչպիսի փոփոխություն պետք է կրի:

Հայեցակարգային առումով երկրում վարվող, մեր որդեգրած սոցիալական քաղաքականությունը, կարծում եմ, վերանայման անհրաժեշտություն չունի: Որովհետև ընդհանրապես ո՞րն է սոցիալական քաղաքականության այն փոփոխությունը հայեցակարգային մակարդակում, որը մենք իրականացնում ենք 2018 թվականից հետո՝ մենք փորձում ենք համակերպվելու քաղաքականությունը փոխարինել հաղթահարելու քաղաքականությամբ: Այսինքն՝ սոցիալական քաղաքականության մեջ, կարծես թե, կար և շարունակում է լինել այնպիսի միտում, որ շատ դեպքերում տպավորություն է, թե սոցիալական քաղաքականությունը վարվում է, որպեսզի մարդուն օգնենք, որ ինքը համակերպվի իր սոցիալական որոշակի իրադրության՝ հաշմանդամության, աղքատության, աշխատանքի շուկայում անմրցունակության հետ:

Բայց մեր հայեցակարգային պատկերացումն այն է, որ մենք պետք է մարդուն օգնենք, որ ինքը հաղթահարի այդ իրավիճակը: Եվ կոնկրետ հիմա՝ հետպատերազմական շրջանում, երբ քննարկել ենք պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած մեր զինվորների աջակցության թեման, առաջին կետում հետևյալն է, որ բացի անհրաժեշտ հաշմանդամության կարգ, պրոթեզավորում և այլն անհրաժեշտության դեպքում կազմակերպելուց, նույնքան կամ նույնիսկ ավելի շատ կարևոր է մեր զինվորների կրթության և մասնագիտական հետագա վերապատրաստման հարցը: Որովհետև, եթե մենք ուղղակի հաշմանդամության կարգ տանք, որոշակի սոցիալական աջակցություն առաջարկենք մարդկանց, անհրաժեշտ դեպքում պրոթեզավորում իրականացնենք, դրանով ընդամենը նրանց կաջակցենք, որպեսզի իրենք համակերպվեն իրենց այդ իրավիճակի հետ: Բայց մեզ հարկավոր է գործել այնպես, որ նրանք հաղթահարեն այդ իրավիճակը:

Նախկինում էլ մենք այդ ծրագրերն ունեցել ենք աղքատության հաղթահարման, աշխատաշուկայում մրցունակությունը բարձրացնելու առումով: Եվ, իհարկե, այս հայեցակարգը, կարծում եմ, որ հիմա նույնքան, եթե ոչ ավելի ակտուալ է: Այլ խնդիր է, որ մենք գործնականում պետք է արդեն կարողանանք որոշել, թե ինչպես ենք այս հայեցակարգային նպատակներն իրագործում իրական կյանքում: Այսօր մենք կքննարկենք նախարարության ընթացիկ աշխատանքները. նախ փորձենք հասկանալ, թե հետպատերազմական շրջանի բարդություններն ինչպես և ինչքանով ենք կարողանում հաղթահարել, ինչ նոր մարտահրավերներ են առաջացել և ինչ անել, օրինակ՝ մեր աշխատանքի որակն էականորեն բարձրացնելու համար:

Երբեմն շատ պարզ բաներ են տեղի ունենում, որ, այսպես ասած, հոսքագծային տրամաբանությամբ անընդհատ շարունակվում են: Նախարարի հետ մենք այդ թեման քննարկել ենք: Օրինակ, երբ պատերազմից հետո հայտարարություն է հրապարակվում, որ ենթադրենք հաշմանդամության կարգի ակնկալիք կամ այդպիսի իրավիճակում գտնվող մարդիկ թող այցելեն այս կամ այն տեղ: Մինչդեռ շատ պարզ բան է, և դա արագ արվեց, որ, կարելի է, հաշվի առնելով առանձնահատկությունները, ոչ թե իրենց հրավիրել, այլ սոցիալական աշխատողը կարող է ինքը գնալ և տեղում կարիքներին ծանոթանալ, ինչն ավելի արդյունավետ կլինի, ավելի որակյալ և քաղաքացու համար ավելի արժանապատիվ: Նկատի ունեմ, որ կան այսպիսի նրբություններ, որոնք, երբեմն, նույնիսկ չեն նկատվում, բայց շատ կարևոր նշանակություն ունեն ծառայությունների մատուցման որակի առումով: Այսօր մենք կքննարկենք նաև այդ տրամաբանությունը, թե ինչ կարող ենք անել, որպեսզի մատուցվող ծառայությունները սոցիալական ապահովության և աջակցության ոլորտում լինեն մաքսիմալ արժանապատիվ, մաքսիմալ որակյալ և մաքսիմալ արդյունավետ»:

Վարչապետը խոսքը փոխանցել է ԱՍՀ նախարար Մեսրոպ Առաքելյանին, ով ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող միջոցառումները: Նա նշել է, որ պատերազմական գործողությունները որոշակիորեն փոխել են սոցիալական ոլորտի առաջնահերթությունները, և դրանցով պայմանավորված՝ նախ և առաջ շարունակական իրականացվում են թիրախային խմբերին օժանդակության ծրագրեր: Նախարարն անդրադարձել է, մասնավորապես, պատերազմի հետևանքների մեղմացման նպատակով արցախահայությանը տրամադրվող աջակցության արդեն հաստատված և նախատեսվող նոր միջոցառումներին։ Նրա խոսքերով՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում ներկա դրությամբ Արցախին տրամադրվել է 15 մլրդ դրամից ավելի դրամական աջակցություն, ավարտված է արդեն 5 ծրագրի իրականացումը՝ ավելի քան 3 մլրդ դրամի չափով: Աջակցությունը միտված է Արցախում բնականոն կյանքի համար անհրաժեշտ պայմանների վերականգնմանը, սոցիալական խնդիրների լուծմանը: Արցախցիների վերադարձի, կյանքն Արցախում կազմակերպելու դինամիկան, ըստ նախարարի, խոսում է միջոցառումների դրական ընթացքի մասին:

Վարչապետը հետաքրքրվել է առկա խնդիրներից, ինչին ի պատասխան նախարարը պարզաբանել է, որ որոշ ծրագրերի մասով դժվարություններ կան՝ տեղեկատվական բազաների ճշգրտման և շահառուների նույնականացման հետ կապված: Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակական բնույթ է կրում:

Վարչապետ Փաշինյանին զեկուցվել է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց համար ձեռնարկվող միջոցառումների մասին: Մ. Առաքելյանը տեղեկացրել է, որ պարզեցվել են վիրավորներին աջակցող միջոցների տրամադրման ընթացակարգը և զինվորներին հաշմանդամության խմբի տրամադրման գործընթացը: Առաջիկայում նախատեսվում է պրոթեզավորման հատուկ ընթացակարգի ներդրում, ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ինտեգրման միջոցառումների իրականացում: Քննարկվել են այս ուղղությամբ անելիքները:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետությունը հոգալու է պրոթեզավորման կարիք ունեցող զինծառայողներին այդ ծառայության մատուցման ծախսերը՝ նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, և գործընթացը գտնվելու է պատկան մարմինների ուշադրության ներքո:

ԱՍՀ նախարարն անդրադարձել է նաև ոլորտային բարեփոխումներին՝ ներկայացնելով հաշմանդամության, ընտանիքի և երեխաների, աշխատանքի և զբաղվածության ոլորտներում, տեղեկատվական համակարգերի զարգացման ուղղությամբ աշխատանքները: Նշվել է, որ մշակվում են օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, որոնք կնպաստեն նշված ոլորտներում սոցիալական քաղաքականության հասցեականության ու արդյունավետության բարձրացմանը: Զեկուցվել է նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների բարեփոխման ընթացքի մասին, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել գործառութային և հաստիքային կառուցվածքի բարելավում: Այն հնարավորություն կտա սոցիալական ծառայությունները քաղաքացիներին մատուցել «մեկ պատուհանի» սկզբունքով։ Ակնկալվում է հանրապետության տարածքում ձևավորել 4 տասնյակից ավելի նման գրասենյակներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ

11:41 20.08.2025

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ

Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակներն արդեն տևական ժամանակ իրականացնում են շրջիկ սպասարկում՝ ընդլայնված ցանկով, հարմարավետ և հատուկ կահավորված ավտոմեքենաներով։ ՆԳ նախարարությունը շարունակաբար լավարկում է հանրային ծառայությունների մատուցման գործընթացն ու որակը՝ այն դարձնելով առավել մատչելի և քաղաքացիակենտրոն։ Եթե նախկինում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում կարող էին ներկայացնել միայն […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 20-ի 08։00 դրությամբ

11:35 20.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 20-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 20-ի 08։00 դրությամբ կազմել է 20.4 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Հակակոռուպցիոն դատարանն է քննելու Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյայլ Գլխավոր դատախազության՝ ընդդեմ Մայրապետյանի հայցը

11:30 20.08.2025

Հակակոռուպցիոն դատարանն է քննելու Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյայլ Գլխավոր դատախազության՝ ընդդեմ Մայրապետյանի հայցը

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի ապրիլի 30-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության (հիմնադիրներ՝ Սամվել Մայրապետյան և վերջինիս կին՝ Գոհար Քյալյան)՝ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 14-ի որոշմամբ՝ հայցադիմումի ընդունումը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ […] ...

CNN. Հունգարիան և Շվեյցարիան քննարկում են Ուկրաինայի գագաթնաժողովի հնարավորությունը

11:00 20.08.2025

CNN. Հունգարիան և Շվեյցարիան քննարկում են Ուկրաինայի գագաթնաժողովի հնարավորությունը

Սպիտակ տունը դիտարկում է Հունգարիան և Շվեյցարիան որպես հնարավոր վայրեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև առաջիկա հանդիպման, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հաջորդող եռակողմ գագաթնաժողովի համար։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան երեք պաշտոնյաների։ ԱՄՆ նախագահը անձամբ քննարկել է Բուդապեշտում հանդիպում անցկացնելու հնարավորությունը Հունգարիայի վարչապետ […] ...

Al Hadath․ Դրուզների առաջնորդը պահանջել է բացել մարդասիրական միջանցք դեպի Աս-Սուվեյդա

10:53 20.08.2025

Al Hadath․ Դրուզների առաջնորդը պահանջել է բացել մարդասիրական միջանցք դեպի Աս-Սուվեյդա

Սիրիայի հարավում գտնվող դրուզներով բնակեցված Աս-Սուվեյդա նահանգում վատթարացող մարդասիրական իրավիճակը պահանջում է միջազգային հանրության կողմից անհապաղ գործողություններ, Al Hadath հեռուստաընկերությանը հայտարարել է Իսրայելի լեռնային դրուզ համայնքի առաջնորդ շեյխ Մուվաֆակ Թարիֆը։ Նա ասել է, որ երեքշաբթի օրը Փարիզում հանդիպել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի հետ։ «Զրույցի ընթացքում ես ամերիկացի միջնորդին փոխանցեցի մեր պահանջը՝ բացել մարդասիրական […] ...

2025-ի հունվար-հուլիսին 2024-ի համեմատ ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը 2.4%-ով ավելացել է. նախարար

10:48 20.08.2025

2025-ի հունվար-հուլիսին 2024-ի համեմատ ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ արտահանումը 2.4%-ով ավելացել է. նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « 2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանումը կազմել է 1 մլրդ 788 մլն ԱՄՆ դոլար, ինչը 42 մլն դոլարով կամ 2.4%-ով ավելին է, քան 2024 թ. համապատասխան ցուցանիշը: Հատկանշական է, որ ​«ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ և դեկորատիվ կանաչ» ապրանքային ուղղության մասով աճը կազմել է 88.7% […] ...

BACK_TO_TOP