17:43 19.08.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։
Ստորև ներկայացվում են երկու երկրների ղեկավարների հայտարարությունները.
Նիկոլ Փաշինյան. «Իրանի Իսլամական Հանրապետության մեծարգո նախագահ, նորին գերազանցություն պարոն Փեզեշքիան, Հայաստանի և Իրանի կառավարությունների հարգելի ներկայացուցիչներ, հարգելի ներկաներ,
Նախ և առաջ ցանկանում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում ջերմորեն ողջունել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ պարոն Մասուդ Փեզեշքիանին, ով առաջին անգամ է այցելում Հայաստանի Հանրապետություն։
Մեր կառավարությունների միջև հաստատված ակտիվ և կառուցողական երկխոսությունը Հայաստան-Իրան եղբայրական հարաբերությունների կայուն զարգացման գրավականներից է։ Վստահ եմ, որ նախագահ Փեզեշքիանի այցը նոր լիցք և որակ կհաղորդի Հայաստան-Իրան բարեկամական հարաբերություններին։
Անխոս, Հայաստան-Իրան ներկայիս ամուր և փոխվստահելի գործընկերության հիմքում ընկած է Հայաստանի և Իրանի ժողովուրդների ամուր բարեկամությունը, որը պատվով է անցել ժամանակի փորձությունը և ինչ-որ առումով նաև փոխկապակցել մեր երկու ժողովուրդների պատմական ուղին։
Մենք երկուստեք համաձայնեցինք, որ հասունացել է ժամանակը աշխատանքներ իրականացնել մեր երկրների հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի։
Հարգելի ներկաներ,
Նախագահ Փեզեշքիանի հետ մենք հանգամանալից քննարկեցինք տարածաշրջանային խաղաղության և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, որոնք մեր Կառավարության առանցքային առաջնահերթություններից են:
Այդ հարցում Հայաստանի Հանրապետության պատկերացումներն ամփոփված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը բազմիցս բարձր մակարդակով ողջունվել է բարեկամ Իրանի ներկայացուցիչների կողմից:
Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ։ Հայաստանի և Իրանի համար մեր պետությունների միջև միջազգային սահմանների անխախտելիությունն ու անխափան հաղորդակցությունն ունի կենսական նշանակություն։
Վերոնշյալի համատեքստում պարոն նախագահին ներկայացրել եմ օգոստոսի 8-ին ստորագրված համատեղ Հռչակագրի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրի մանրամասները: Այս գործընթացը միտված է մեծ հեռանկարներ բացելու ամբողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման համար։
Ես ուրախ եմ և շնորհակալ նախագահ Փեզեշքիանին այս համաձայնությունների մասին իր օբյեկտիվ գնահատականների համար։ Ադրբեջանի հետ մեր առանցքային համաձայնագրերից մեկը տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման մասին է՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար փոխադարձ հարգանքով։
Գործնականում սա նոր դռներ կբացի Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի երկաթուղային հասանելիություն դեպի Հայաստան և, ի վերջո, դեպի Սև ծով։ Սա ամբողջությամբ համապատասխանում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
Վստահ ենք, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պիտի ծառայի մեր տարբեր գործընկերների միջև երկխոսության խթանմանը։
Ցանկանում ևս մեկ անգամ հստակ ընդգծել, որ Հայաստանով անցնող հաղորդակցության ուղիները գտնվելու են բացառապես Հայաստանի իրավազորության ներքո, անվտանգությունն ապահովելու է Հայաստանը և ոչ թե որևէ երրորդ երկիր։
Հարգելի գործընկերներ,
Մենք ռազմավարական ուղենիշ ենք սահմանել Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վերաբերյալ՝ հասցնելով այն նախ մեկ, այնուհետև՝ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի: Ըստ էության, այսօր մենք կարող ենք արձանագրել, որ փաստացի մոտեցել ենք մեկ միլիարդի ուղենիշին և հետևողականորեն աշխատում ենք հաջորդ թիրախին հասնելու ուղղությամբ։ Այս իմաստով ԵԱՏՄ-ի անդամ պետությունների և Իրանի միջև ուժի մեջ մտած ազատ առևտրի համաձայնագիրը նոր հնարավորություններ է ընձեռում երկու երկրների գործարարների համար։
Ակտիվ քաղաքական երկխոսությանը զուգահեռ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր փոխգործակցությունն ընդգրկում է բազմաթիվ այլ բնագավառներ՝ տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ, առողջապահական, մշակութային, բնապահպանական և այլն, որոնցից յուրաքանչյուրում տարեցտարի սահմանում ենք նոր հորիզոններ։
Հայաստանի և Իրանի միջև առկա ենթակառուցվածքային մի շարք ծրագրեր արդեն իսկ թևակոխել են գործնական փուլ, և պետք է նշեմ, որ այդ ծրագրերը ռազմավարական կարևորություն ունեն Հայաստանի համար:
Ռազմավարական նշանակություն ունեցող այդ ծրագրերից է Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհային հատվածը, որի շինարարությունը հայկական կողմը վստահել է իրանական ընկերությանը: Համոզված եմ, որ 32 կիլոմետր երկարության ճանապարհը շահագործման կհանձնվի սահմանված ժամանակահատվածում, և իմ գործընկերոջ հետ առիթ կունենանք նշելու մեր երկու պետությունների հերթական հաջողությունը։
Հաշվի առնելով մեր պետությունների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը՝ համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ։
Էներգետիկ ոլորտի ընթացիկ կարևորագույն նախագիծը Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծն է։ Հարգարժան գործընկերոջս հետ այդ հարցը ևս քննարկեցինք և ունենք հստակ փոխըմբռնում, որ նախագիծը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում ավարտվի։
Երրորդ գծի շահագործման շնորհիվ Հայաստանը կկարողանա ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրանի Իսլամական Հանրապետություն։
Ձերդ գերազանցություն, մեծարգո պարոն Փեզեշքիան,
Ամփոփելով՝ պետք է վերահաստատեմ, որ Հայաստանը չափազանց կարևորում է Իրանի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունները: Վստահ եմ, որ մեր կառավարությունների շարունակական ակտիվ ջանքերի շնորհիվ երկուստեք կյանքի կկոչենք նոր համատեղ ծրագրեր՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների և պետությունների:
Շնորհակալ եմ»:
Մասուդ Փեզեշքիան. «Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Կառավարությանը, մեծարգո պարոն Փաշինյանին, ժողովրդին՝ ջերմ ընդունելության համար:
Հայաստանը մեր կարևոր հարևաններից է և պատմությունը վկայում է մեր հարաբերությունների խոր արմատների մասին։ Իրանի հայ համայնքի ներկայությունը Իրանում, հատկապես սահմանակից հատվածներում, խոսում է մեր քաղաքակրթական և մշակութային ընդհանրությունների, ինչպես նաև սահմանների երկու կողմում բարեկամության ամուր կապերի մասին: Մեր սահմանն անցյալ տարիների ընթացքում եղել է բարեկամության և ժողովուրդների միջև կապի կամուրջ:
Ուզում եմ ընդգծել, որ մենք մեր հարևաններին խաղաղություն և հանգստություն ենք ցանկանում, հատկապես՝ մեր հարևան պետություն Հայաստանի համար:
Եվ գտնում ենք, որ ինտեգրացիան, ինչպես նաև բարեկամությունը լավագույն գործոններն են անվտանգության պահպանման համար, ինչպես նաև դեպի զարգացման ուղով շարժվելը։
Մենք միշտ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանել ենք, և դա մեր քաղաքականությունն է: Եվ դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ուժի կիրառմանը:
Գտնում ենք, որ տարածաշրջանում ղեկավարումը պետք է լինի կովկասյան, և խնդիրների արտահանձնումը տարածաշրջանից դուրս արտատարածաշրջանային տերություններին՝ տարածաշրջանի իրավիճակը ավելի կբարդացնի:
Խաղաղությունը Կովկասում՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները:
Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը եղել է տարածաշրջանում, Կովկասում սահմանների անփոփոխության մասին, և գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ մրցակցության պատճառ դառնալ:
Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում իր հարաբերությունները զարգացնել և հասցնել ռազմավարական մակարդակի։
Հարգարժան պարոն վարչապետի հետ ունեցել ենք հիանալի քննարկումներ:
Այսօր փաստաթղթեր ստորագրվեցին և դրա արդյունքում նաև ընդգծվել է փոխադարձ այցերի կարևորությունը: Մենք մեծ կամք ունենք զարգացնելու համագործակցության մակարդակը, հատկապես՝ տնտեսական ոլորտում: Երկու երկրները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկայի, ինժեներատեխնիկական ծառայությունների, մշակութային և առողջապահության, դեղագործության ոլորտում համագործակցության ներուժ ունեն:
Իրանը և Հայաստանը Պարսից ծոց-Սև ծով, միջանցքի ակտիվացման հարցում ունեն ընդհանուր շահեր: Տարանցիկ երկաթգծի, ցամաքային և ծովային ճանապարհի զարգացումը կնպաստի երկու երկրների միջև առևտրի զարգացմանը, ընդհանուր տնտեսական ազատ գոտիների ստեղծմանը: Դրանք համարվում են մեր երկու երկրների համագործակցության ոլորտները, որոնց շուրջ մենք կառուցողական երկխոսություն ենք ունեցել։
Եվ մենք նաև ընդգծել ենք սահմանների անվտանգության հարցը:
Ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար: Հայաստանի ժողովրդին ցանկանում եմ քաջառողջություն և երջանկություն: Ցանկանում եմ նաև վարչապետին շուտով հյուրընկալել Իրանում»:
19:55 19.08.2025
Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակիՀայաստանն ու Իրանը համագործակցության 10 հուշագիր են ստորագրել այսօր: Դա տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպման շրջանակում: Երկու ղեկավարները նախ հանդիպեցին առանձնազրույցի ձևաչափում, ապա նաև ընդլայնված կազմերով, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյան-Մասուդ Փեզեշքիան հանդիպման կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում: ...
19:50 19.08.2025
Ի՞նչ տարաձայնություն ունեն «Ռեալն» ու Վինիսիուսը«Ռեալը» խնդիրներ ունի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագրի երկարաձգման բանակցություններում, հաղորդում է ESPN-ը: Բանակցությունները փակուղի են մտել մի քանի շաբաթ առաջ, երբ բրազիլացու ներկայացուցիչները «Ռեալի» առաջարկի ընդունումը ցանկալի չեն համարել: Վինիսիուսի ներկայացուցիչները հույս ունեին ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը բարձրացնել մինչև 20 միլիոն եվրո, որը պարգևավճարներով կհասներ 30 միլիոնի: Սակայն մադրիդցիների առաջարկը կազմել է ընդհանուր 20 միլիոն: […] ...
19:45 19.08.2025
Հանրապետության նախագահը հանդիպել է Իրանի նախագահի հետՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է իր պաշտոնակցին՝ ընդգծելով երկկողմ բարեկամական կապերի կարևորությունը և վստահություն հայտնել, որ Իրանի նախագահի այցը կնպաստի Հայաստանի և Իրանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը։ Նախագահ Փեզեշկիանն իր […] ...
19:38 19.08.2025
Ուկրաինան և ԵՄ-ն չեն քննարկել Կիևի համար 90 միլիարդ դոլարի զենքի գնումըՈւկրաինան և ԵՄ-ն Վաշինգտոնում չեն քննարկել Կիևի համար ԱՄՆ-ից եվրոպական գումարով զենք գնելու հարցը՝ ընդհանուր առմամբ մինչև 90 միլիարդ դոլարի չափով, ինչը Զելենսկին Վաշինգտոնում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Արիանա Պոդեստան։ «Վաշինգտոնում կայացած բազմակողմ հանդիպման ժամանակ Ուկրաինան և ԵՄ-ն այս հարցը չեն քննարկել», – […] ...
19:30 19.08.2025
WSJ. Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու խումբըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և եվրոպացի առաջնորդները համաձայնության են եկել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կգլխավորի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ մշակելու աշխատանքային խումբը, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ խմբում կներառվեն ազգային անվտանգության խորհրդականներ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, իսկ ԱՄՆ-ը «համակարգող» դեր կխաղա քննարկումների գործընթացում։ Եվրոպացի պաշտոնյաները նաև […] ...