18:07 12.05.2021
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բանակցություններից հետո հանդես են եկել մամուլի համատեղ հայտարարությամբ: Այն ներկայացվում է ստորև.
Նիկոլ Փաշինյան – Մեծարգո պարոն Ղարիբաշվիլի, սիրելի Իրակլի, պատվիրակության հարգելի անդամներ, ուրախ եմ ձեզ ողջունել և հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում:
Ինձ համար մշտապես մեծ պատիվ և հաճույք է հանդիպել Վրաստանի կառավարության ղեկավարի հետ և բարեկամական մթնոլորտում քննարկել մեր երկու երկրների միջև համագործակցության օրակարգը:
Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։
Մեր երկու ժողովուրդները միահյուսված են բազմաթիվ թելերով: Մեր դարավոր բարեկամությունը, ինչպես նաև ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքները կազմում են այն ամուր հենքը, որի վրա խարսխված է մեր երկու պետությունների գործընկերությունը:
Վրաստանի հայ համայնքը, որը բազմադարյա պատմություն ունի, հանդիսանում է այն կամուրջը, որն էլ ավելի ամուր է կապում մեր երկու երկրները: Մենք ունենք դինամիկ զարգացող համագործակցության լայն օրակարգ: Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ:
Այսօր պարոն Ղարիբաշվիլիի հետ մենք հնարավորություն ունեցանք շարունակել Վրաստանի կառավարության հետ հաստատված կառուցողական երկխոսությունը:
Մենք անդրադարձանք տրանսպորտի, էներգետիկայի և տնտեսության այլ կարևոր ոլորտներում համագործակցության ընթացիկ վիճակին և զարգացման հեռանկարներին: Որոշեցինք մեր հարաբերություններում այսուհետ էլ ավելի մեծ շեշտադրում կատարել առևտրի և տնտեսական կապերի զարգացման վրա: Մեր կողմից, մասնավորապես, նշվեց տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների առավել արդյունավետ օգտագործման և տարանցման ներուժի զարգացման կարևորությունը: Ընդգծվեց երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ներուժն ու դրա օգտագործման անհրաժեշտությունը:
Ինչպես միշտ, քննարկվեցին նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության հարցեր:
Մտքեր փոխանակեցինք մեր երկրներում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ:
Իմ վրացի գործընկերոջ հետ անդրադարձանք նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին:
Մեզ համար աներկբա է, որ հայ-վրացական գործընկերությունը մեր տարածաշրջանում կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից է։
Անդրադառնալով տարածաշրջանային հիմնախնդիրներին՝ ես համոզմունք հայտնեցի, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է իր վերջնական կարգավորումը ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո գործընթացի շրջանակում և նրանց առաջարկած սկզբունքների հիման վրա: Ես նաև վստահություն հայտնեցի, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունը։ Այս առումով կարևորեցի միմյանց համար զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշման պահպանումը։
Ավարտելով խոսքս՝ վերստին ցանկանում եմ ողջունել մեր բարեկամներին և սիրով խոսքը փոխանցում իմ գործընկերոջը:
Իրակլի Ղարիբաշվիլի – Շնորհակալություն: Ինձ համար մեծ պատիվ է հերթական հյուրընկալությունը Հայաստանի Հանրապետությունում:
Մեր երկրներին կապում են բազմադարյան պատմական բարեկամական հարաբերությունները: Համոզված եմ, որ ապագա համագործակցությունը ևս այս ոգով կշարունակվի: Վրաստանն ու Հայաստանն աչքի են ընկնում իրենց մեծ պատմությամբ, ինքնօրինակ մշակույթով և հետաքրքիր ավանդույթներով: Այս արժեքների վրա պետք է կառուցվի մեր երկրների ապագան, որն ամրապնդում են հզոր պետական ինստիտուտները, ժողովրդավարությունը, բաց և թափանցիկ կառավարումը, տնտեսական առաջընթացը և նորարարությունը:
Համաձայնում ենք, որ այս ամենը ձեռք է բերվում միայն խաղաղության ու տարածաշրջանային կայունության պայմաններում: Մի կողմից Covid-19-ով հարուցված համավարակը, մյուս կողմից՝ պատերազմը Ղարաբաղում, իհարկե, էական դժվարությունների առջև է կանգնեցնել ողջ տարածաշրջանը: Կարծում եմ, որ խաղաղ բանակցություններն ու երկխոսությունն այլընտրանք չունեն:
Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության ու համագոյակցության կողմնակից, և այս կուրսը կշարունակվի հետագայում: Մենք պատրաստ ենք նպաստել տարածաշրջանային երկխոսություն վարելուն և զարգացնել տնտեսությունը, առևտուրը, այլ հումանիտար հարցեր: Հենց կայունության, խաղաղության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման նպատակով է վրաց ժողովուրդն ընտրել եվրոպական և եվրաատլանտյան ուղին:
Ուզում եմ նշել, որ այսօրվա մեր հանդիպման ժամանակ քննարկեցինք համագործակցության բոլոր ուղղությունները: Մենք ընդգծեցինք, որ պետք է ունենալ ինտենսիվ քաղաքական երկխոսություն, զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները, նոր նախագծեր քննարկել, համագործակցել այնպիսի ուղղություններով, ինչպիսին են տրանսպորտը, էկոնոմիկան, մշակույթը, նորարարությունները և զարգացնել արդեն առկա ինտենսիվ հարաբերությունները: Չնայած այդ հարաբերություններին՝ դեռ ունենք զարգացման հնարավորություն:
Հայաստանի կայունությունը և ժողովրդավարական զարգացումն անչափ կարևոր են Վրաստանի և ամբողջ տարածաշրջանի համար: Մենք համոզված ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն բաց և թափանցիկ, և հայ ժողովուրդը մեկ անգամ ևս ցույց կտա աշխարհին իր հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին:
Մենք պատրաստակամություն հայտնեցինք հանդիպումները շարունակել, բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկան պահպանել և նպաստել ոլորտային գերատեսչությունների համագործակցությանը:
Պարոն վարչապետ, ևս մեկ անգամ շնորհակալություն ընդունելության և արգասաբեր համագործակցության համար:
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...