15:21 23.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է 2016թ․ իր գրած հոդվածներից մեկը։
«Սիրելիներ, այս հոդվածը գրել եմ 2016 թվականի օգոստոսին: Տպագրվել է «Հայկական ժամանակի» օգոստոսի 16-ի համարում: Վարչապետ ընտրվելուց հետո ամեն շաբաթ հիշում էի էս հոդվածի մասին ու որոշեցի ձեզ էլ ներկայացնել: Ներկայացնում եմ ստորև, առանց փոփոխության:
Վերնագիր – Մեր մեղքը. ազգային-արդյունավետ կառավարում
Ամառային մի օր Իջևանի մեր տան բակում նստած միտք էի անում պետության արդյունավետ կառավարման մասին: Փորձում էի հասկանալ, թե ինչու, այնուամենայնիվ, հնարավոր չի լինում մեր երկրում պետական արդյունավետ կառավարում իրականացնել:
Եվ այն ժամանակ, երբ ուր որ է` պետք է եզրակացնեի, որ դրա մեղավորը, ասենք, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն է, աչքս ընկավ մեր ծիրանի ծառին: Ամառվա այդ օրը, երբ հանրապետությունում ծիրանի բերքահավաքի ամենաթեժ շրջանն էր, մեր ծառի վրա ոչ մի ծիրան չկար:
Եվ սա բնական է, որովհետև ծիրանը Իջևանում բերք չի տալիս: Անգամ խոսակցություն կա, որ Իջևանում ծիրանը 17 տարին մեկ է բերք տալիս: Այս խոսակցությունը, սակայն, և ուրիշների, կամ ավելի ճիշտ՝ մեր պապերի դառը փորձը մեզ չի խանգարել, որ մենք մեր այգու լավագույն տեղում երկու հատ ծիրանի ծառ տնկենք: Ու ամեն գարուն մեր ծիրանի ծառը ծաղկել է` ծաղկի 70 տոկոսը ցրտահարվել է, 20 տոկոսը կարկուտն ու անձրևն են տարել, 10 տոկոսն էլ որդն է կերել:
Եվ այդպես, ամեն անգամ մենք չենք ընդունել մեր սխալը և մեզ հույս ենք տվել, որ հաջորդ տարի կարկուտ չի լինի, ցուրտ չի լինի, անձրև քիչ կգա: Բայց ամեն տարի նույնը կրկնվել է, որովհետև եղանակը, այնուամենայնիվ, շատ մեծ տատանումներ չի տալիս ու, այսպես թե այնպես, ամեն տարի հիմնականում նույնն է կրկնվում:
Եվ ահա, մեր ծիրանի ծառը ստիպեց ավելի լրջորեն մտածել արդյունավետ պետական կառավարման մասին և դա անել սեփական օրինակով: Հարցը հետևյալն է. մեզ` մեր ընտանիքին, բաժին է հասել այս փոքրիկ, երեք-չորս հարյուր քառակուսի մետրանոց հողակտորը: Դա մի տարածք է, որտեղ մենք և՛ նախագահ ենք, և՛ վարչապետ. կառավարիչ՝ կարճ ասած:
Եվ խնդիրը հետևյալն է. ինչքանո՞վ ենք մենք արդյունավետ իրականացնում մեզ բաժին հասած տարածքի կառավարումը և ինչքանո՞վ ենք այն կարողանում ծառայեցնել ինքներս մեր բարեկեցությանը: Հարցը կարևոր է ոչ միայն բարեկեցության, այլև արդյունավետ կառավարումը մեր մեջ որպես մտածելակերպ, գենետիկ կոդ սերմանելու իմաստով:
Որովհետև, եթե այսօր դու կառավարիչ ես 400 մետր հողակտորի և արդյունավետ չես կառավարում այն, ինչպես կարող ես երկիրը արդյունավետ կառավարել, եթե հանկարծ հայտնվես երկրի կառավարչի կարգավիճակում: Ու չէ՞ որ ՀՀ ամեն քաղաքացի կառավարման փորձը ձեռք է բերում առաջին հերթին իր տնտեսության, այգու, տնամերձի կառավարմամբ, ու սա այն քաղաքացին է, որ նախագահ, վարչապետ, նախարար լինելու իրավունք ունի:
Կարճ ասած՝ այն ժամանակ, երբ ես Հայաստանի անարդյունավետ կառավարման համար հզոր մեղադրանքներ էի պատրաստվում տեղալ, ասենք, պայմանականորեն՝ Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմի վրա, մեր ծիրանի ծառը ինձ համոզեց հանգիստ թողնել Քոչարյանին ու նրա ավազակախմբին:
Եվ եկեք նայենք, թե ինչպես ենք մենք կառավարում մեր տնամերձը: Գանք վերևից. բալի ծառ, որն, ըստ էության, երբեք բերք չի տալիս. հիվանդ է, ի՞նչ է` չգիտեմ: Կեռասի ծառ, որ, մեծ հաշվով, երբեք բերք չի տալիս՝ նույն պատճառով, ինչ որ ծիրանը: Կարալյոկ. երկու ծառ. այստեղ ամեն ինչ կարգին է: Հետո կողք- կողքի շարված են սև ու դեղին սալորի ծառեր:
Սրանք այն ծառերն են, որոնք Իջևանի պայմաններում հոյակապ բերք են տալիս, բայց մենք այդ ծառերը այնպես ենք լցրել իրար գլխի, որ նրանց, ըստ էության, զրկել ենք բերք տալու հնարավորությունից:
Հիմա գանք մեր տնամերձի բոստանային մասին. այստեղ ցանված են լոլիկ, վարունգ, լոբի, պղպեղ: Ամեն տարի համտեսում ենք մեր բոստանի բերքն ու իրար համոզում, թե շատ համով է: Բայց այսքան տարի չենք էլ նկատել, որ լոլիկը իջևանյան մեր բակում հասունանում է այն ժամանակ, երբ շուկայում այն լինում է 60-100 դրամ, ու, փաստորեն, գուցե շատ ավելի ձեռնտու է այն գնելը: Նույնը, ըստ էության, կարելի է ասել նաև մյուս մշակաբույսերի մասին:
Կարճ ասած՝ ակնհայտ է, որ մեր տնամերձը խայտառակ անարդյունավետ է կառավարվում: Ցանկապատի վրայով նայում եմ մեր հարևանների տնամերձներին՝ նույն վիճակն է: Ու այսպես, երկրում անարդյունավետ են կառավարվում հարյուր հազարավոր տնամերձներ, և այս պայմաններում անհասկանալի է, թե ինչու պետք է երկիրը արդյունավետ կառավարվի: Ինչի՞ հաշվին:
Ելք կա
Բնականաբար, մեր տնամերձի արդյունավետ կառավարման հարցը ես բարձրացրի մեր ընտանիքում: Ներկայացրի բոլոր փաստարկները ծիրանի, կեռասի, լոլիկի և մյուս բաների մասին: Ոչ մի հակափաստարկ չհնչեց: Սկսեցինք մտածել ելքի ուղիների մասին:
Եղբայրս, որ գյուղատնտես է, արեց թերևս ամենաօպտիմալ առաջարկը. անհրաժեշտ է տնամերձի ողջ տարածքով տնկել սև սալորի ծառեր և լրջորեն զբաղվել դրանց մշակմամբ: Հիմնավորումը հետևյալն է. սև սալորը Իջևանի պայմաններում հոյակապ բերք է տալիս, բուժման կարիք չունի, և դրա չիրը շուկայում մեծ պահանջարկ ունի ու թանկ արժի:
Սա իսկապես հոյակապ գաղափար է: Նշանակում է՝ հենց աշնանը այգին պետք է մաքրել ամեն տեսակ այլ ծառերից, գտնել լավ տնկիներ և ողջ տարածքը տրամադրել 6-8 սև սալորի ծառերի: Բայց մի փոքր պրոբլեմ կա. այս ամենը պահանջում է կամք, աշխատանք, համառություն: Համ էլ անհրաժեշտ է սալորաչիր անելու ձևը սովորել, հետո էլ անհրաժեշտ է այդ սալորաչիրը իրացնելու ուղիներ փնտրել: Լավ, լավ, վերջ տվեք. ո՞վ էդքան զահլա ունի:
Համ էլ մեզնից այգեգործ ու առևտրական դուրս չի գա: Ահա այսպես. հաջորդ մարտին մեր ծիրանը կրկին կծաղկի, ու ծաղիկը ցուրտը կտանի, մեր կեռասը կչեչոտի ու այդպես էլ կեռաս չի դառնա: Մեր լոլիկը կհասնի օգոստոսի վերջին, ու ես՝ մի շաբաթ-կիրակի Երևանից ժամանած լրագրողս, կհամտեսեմ այն, և թարմ լոլիկի հոտը ինձ կտանի դեպի իմ մանկության խորքերը, կհիշեցնի իմ կյանքի մոռացված դրվագներ, որոնք անսահմանորեն կհուզեն իմ հոգին:
Ահա այսպիսի տխմար արժեքների գերին ենք ես ու մեր ժողովուրդը»,- գրել է նա։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...