17:43 18.07.2025
Հուլիսի 23-ից Երևանում կմեկնարկի վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը մամուլի ասուլիսում ներկայացրել են առաջնության նախապատրաստական ընթացքը:
Անդրադառնալով այս տարվա չորրորդ միջազգային մրցաշարին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մինչև Երևան ժամանելը թիմերն անցել են բավականին լուրջ մրցապայքար. Հայաստան են ժամանելու ուժեղագույն թիմերը:
«Մեզ սպասվում են շատ հագեցած օրեր: Ֆեդերացիան մեծ ջանքեր է ներդրել այս առաջնությունը Հայաստան բերելու և այն լավագույնս անցկացնելու համար: Վստահ եմ՝ մրցաշարը կնպաստի նաև վոլեյբոլի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը: Ֆեդերացիայի հետ քննարկվում է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» ձևավորելու հնարավորությունը, քանի որ խաղային մարզաձևերի խթանման լավագույն եղանակներից մեկը դպրոցականների շրջանում սպորտի մասսայականացումն է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ խաղային մարզաձևերի զարգացման պետական շարունակական քաղաքականությունn ամրագրված է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024–2030 թվականների ռազմավարությամբ։
Վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն պատվիրակություններ Ֆրանսիայից, Լեհաստանից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Չեխիայից, Թուրքիայից, Բուլղարիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Ավստրիայից, Հունաստանից, Սերբիայից, Սլովենիայից և Ռումինիայից։ Առաջնության շրջանակում նախատեսվում է շուրջ 500 մարզիկի մասնակցություն և 60 հանդիպում, որոնք կանցկացվեն «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ առաջնության պատշաճ անցկացման նպատակով պետական բյուջեից շուրջ 130 մլն դրամ է հատկացվել, ձեռք է բերվել անհրաժեշտ գույք, ապահովվել է մարզադահլիճների համապատասխան կահավորում:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ սպորտային ենթակառուցվածքների բարելավումը սպորտի զարգացման քաղաքականության կարևոր ուղղություն է.
«Այս պահին բազմաթիվ տեղերում ավելի քան 100 սպորտային ենթակառուցվածքների կառուցման և վերակառուցման աշխատանքներ են իրականացվում: Բացի այդ՝ շատ կարևոր է նաև, որ կառուցվող և վերակառուցվող դպրոցական մարզադահլիճներn առանձին կահավորանք են ստանում վոլեյբոլով զբաղվելու համար: Այս ամենի հանրագումարով ստեղծվում են պայմաններ մարզաձևի մասսայականացման համար»:
Հաջողություն և հաղթական մրցելույթներ մաղթելով Հայաստանի մինչև 16 տարեկանների տղաների հավաքականին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև երկրպագուների աջակցությունն ու հրավիրել ներկա գտնվելու սպասվող հանդիպումներին:
«Վերջին տարիներին Կառավարությունը Հայաստանում միջազգային խոշոր սպորտային մրցաշարեր հյուրընկալելու ակտիվ քաղաքականություն է վարում: Սա թույլ է տալիս բարձրացնել Հայաստանի տեսանելիությունը սպորտային քարտեզում, ինչը շատ կարևոր է: Սպորտում հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է, որ երկիրn ունենա ոչ միայն տարբեր մրցաշարերի մասնակցելու, այլև դրանք կազմակերպելու և անցկացնելու կարողություն: Սա նաև մարզիկներին լրացուցիչ վստահություն է հաղորդում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Որպես կարևոր ազդեցություն՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև Հայաստանի ճանաչելիության բարձրացումը, ինչպես նաև խաղային մարզաձևերի զարգացումն ու մասսայականացումը:
«Թիմային մարզաձևերում, այդ թվում՝ վոլեյբոլում, մեր հավակնությունները բարձր են: Եթե հետևողական ջանք դնենք և գրագետ աշխատանք իրականացնենք, կարծում եմ` արդյունքներ կլինեն»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ ընդգծելով, որ աշխատանքներ են տարվում Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում ևս վոլեյբոլի մրցաշարեր անցկացնելու ուղղությամբ:
Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել՝ Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ առաջին նախաձեռնությունը կդառնա լավ նախադեպ՝ ապագայում ավելի շատ միջազգային միջոցառումներ Հայաստանում կազմակերպելու համար։
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը ևս ընդգծել է նմանօրինակ մրցաշար Հայաստանում հյուրընկալելու կարևորությունը:
«Մեզ համար մեծ պատիվ է, որ Հայաստանն ընդունում է վոլեյբոլի այսպիսի խոշոր մրցաշար: Նախկինում մենք անցկացրել էինք մի քանի միջազգային մրցաշարեր, այդ թվում` արևելաեվրոպական երկրների առաջնություններ: Այս մրցաշարերը բարձր մակարդակով անցկացնելուց հետո 2021 թ. որոշեցինք հայտ ներկայացնել Եվրոպայի առաջնության համար. 2022 թ. մեր հայտը հաստատվեց»,- ներկայացրել է Կարեն Ասմարյանը:
ՀՎՖ գլխավոր քարտուղարի խոսքով՝ մինչև 16 տարեկանների թիմը ձևավորվել է շուրջ 6 ամիս առաջ՝ անցնելով լիարժեք նախապատրաստական փուլ:
«Ունենք հավաքական, որը պատրաստ է մեծ պայքարի: Սպասելիքներ ունենք. նպատակը մինչև 5-րդ տեղը զբաղեցնելն է, քանի որ դա մեզ թույլ կտա մասնակցելու 2026 թ. աշխարհի Մ17 առաջնությանը: Հայաստանի հավաքականը ձեւավորվել է հունվար ամսին: Ունենք բարձրակարգ մարզիչ Ռուսաստանից, որն այս կարճ ժամանակում հավաքականը դարձրել է մարտունակ թիմ: Եվրոպայի առաջնությանը պատրաստվել ենք մի քանի փուլերով: Ունեցել ենք հավաքներ, ընկերական խաղեր․ հավատում ենք, որ տղաները կարող են ցանկալի արդյունք ապահովել»,- նշել է Կարեն Ասմարյանը:
Վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունը կանցկացվի հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը:
19:54 18.07.2025
Հանդիպել են ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպաններըՄոսկվայում հուլիսի 18-ին կայացել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հանդիպումը ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հետ։ Ինչպես հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, ջերմ մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ և մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ ...
19:46 18.07.2025
Ապօրինի հրազենի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Վայքի բաժնումԲնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ շարունակվում են Ոստիկանության իրազեկումները՝ գրանցելով արդյունքներ։ Համայնքային ոստիկանության Վայքի բաժին ներկայացած Եղեգնաձորի 31-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի որսորդական հրացան։ Նա հայտնել է, թե այն պատկանել է հանգուցյալ պապին: Քրեական պատասխանատվությունից խուսափելու համար Ոստիկանությունից հորդորում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
19:37 18.07.2025
Լևոն Արոնյանը հաղթել է Նակամուրային և դուրս է եկել Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչԼաս Վեգասում ընթացող Freestyle Chess Grand Slam սուպերմրցաշարի քառորդ եզրափակչում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթել է ՖԻԴԵ-ի դասակարգման վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, ամերիկացի Հիկարու Նակամուրային։ Արագ խաղի առաջին պարտիաներում Արոնյանն ու Նակամուրան փոխանակվել են հաղթանակներով, իսկ երկու բլից պարտիայում Արոնյանն առավելության է հասել՝ 1.5։0.5 հաշվով։ Կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը կխաղա հնդիկ ուժեղագույն գրոսմայստերներից մեկի՝ Էրջուն Էրիգայսիի […] ...
19:28 18.07.2025
Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալովՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին և հանձնել պետական բարձր պարգև։ Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Երվանդ Զորյանին և մեծապես գնահատել նրա գործունեությունը՝ ընդգծելով, […] ...
19:18 18.07.2025
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել էԱզգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Նա նշել է, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով […] ...