Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Արևմտյան Ասիայի կանանց ֆուտբոլի առաջնության խաղերից մեկի ժամանակ։ «Արաբական ուղղափառ ակումբ» և հորդանանյան «Շաբաբ ալ-Օրդոն» կանանց թիմերի միջև խաղում կին ֆուտբոլիստներից մեկի հիջաբը թուլացել է, որից հետո նա կռացել է, որ այն ուղղի և թաքցնի երևացող վարսերը: Այդ պահին մրցակից ակումբի ֆուտբոլիստուհիներն արագ մոտեցել ու շրջափակել են նրան, որպեսզի նա կարողանա ուղղել հիջաբը: Քիչ անց, երբ ամեն ինչ կարգին էր, խաղը շարունակվել է, իսկ կանանց համերաշխության այս օրինակը հազարավոր հիացական մեկնաբանությունների է արժանացել: Թվիթերում տեսանյութն ավելի քան 4 մլն դիտում է հավաքել։