Գործարար համայնքը համարում ենք մեր կառավարության թիվ մեկ դաշնակիցը. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+29.09 oC

Գործարար համայնքը համարում ենք մեր կառավարության թիվ մեկ դաշնակիցը. Նիկոլ Փաշինյան

21:46 26.12.2019

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել է ընդունելություն: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ:

Շնորհավորական խոսքում վարչապետն անդրադարձել է անցնող 2019 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2020 թվականից ակնկալիքներին:

Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Գործարար համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Կառավարության հարգելի՛ անդամներ,

Այսօրվա Ամանորյա մեր հանդիպումը ես ուզում եմ սկսել, եթե կարելի է այսպես ասել, ընդդիմադիր հարձակումից: Իսկ ի՞նչ եղավ կամ եղա՞վ արդյոք տնտեսական հեղափոխությունը, որի մասին ես խոսում էի այս տարվա մեկնարկին: 11 ամիսների արդյունքներով Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 7,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ և մենք ամենապահպանողական սցենարով 7 տոկոսից ավելի տնտեսական աճ կունենանք: Սա թիվ մեկ ցուցանիշն է մեր տարածաշրջանում, ընդ որում տարածաշրջան ասելով նկատի ունեմ ոչ միայն Հարավային Կովկասը, այլև ավելի լայն տարածաշրջանը: Սա թիվ մեկ ցուցանիշն է Եվրասիական տնտեսական միությունում՝ ակնհայտ առավելությամբ, և սա թիվ մեկ ցուցանիշն է ԱՊՀ-ում:

Այս տարվա առաջին եռամսյակում մենք տնտեսական աճի ցուցանիշներով առաջինն էինք Եվրոպայում, մեծ հավանականությամբ մենք առաջիններից մեկը կլինենք Եվրոպայում և վստահաբար, 2019 թվականին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշներով եթե ոչ առաջին տասնյակի, ապա առաջին 15 երկրների մեջ կլինենք աշխարհի մակարդակով:

Բայց ի՞նչի համար եմ այս ամենը ասում: Այս ամենն ասում եմ՝ ձեզ բոլորիդ շնորհակալություն հայտնելու այս արդյունքներն արձանագրելու համար, որովհետև սովորաբար տնտեսական աճի լավ ցուցանիշներով պարծենում են կառավարությունները, բայց ճշմարտությունը մեկն է, որ այդ ցուցանիշները ստեղծում են, կերտում են գործարար համայնքի ներկայացուցիչները: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ մեր երկրի համար այսպիսի բարձր նշաձող սահմանելու համար և ուզում եմ հույս հայտնել, որ այս տարի ձեր արձանագրած հաջողությունները 2020 թվականին ավելի կոգևորեն և նոր ցուցանիշների կբարձրացնեն մեր երկիրը, մեր երկրի տնտեսությունը:

Հարց՝ իսկ արդյոք կառավարությունն ընդհանրապես որևէ դերակատարում ունի այս ցուցանիշների ստեղծման գործում: Այո՛, բավականին համեստ, բայց կարևոր դերակատարում: Առաջինը՝ ապահովել օրինականությունը երկրում, երկրորդը՝ ապահովել հավասար հնարավորությունները և երրորդը՝ ապահովել պետական մարմինների հավասար հարաբերությունները բոլոր գործարարների, բոլոր ընկերությունների հետ:

Ցավոք, չեմ կարող պնդել, որ մենք 100 տոկոսով այս պայմաններն ի կատար ենք ածել, բայց մեր տնտեսական ցուցանիշները վկայում են, որ մենք այս առումով որոշակի քայլեր արել ենք: Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ ձեր առաջ արձանագրել Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքը՝ այդ ճանապարհին շարժվել առաջ, վստահ, հստակ քայլերով: Կարծում եմ, որ մի բան կարող եմ վստահաբար պնդել, որ 2019-ի արդյունքներով ՀՀ-ում չկա մի գործարար, չկա մի ընկերություն, որը հնարավորություն կունենա պնդել, թե Հայաստանի կառավարությունն իր նկատմամբ ցուցաբերել է խտրական վերաբերմունք: Եթե Հայաստանի Հանրապետությունում որևէ ընկերություն արժանացել է խտրական վերաբերմունքի՝ դա նշանակում է առնվազն մեկ բան. դա նշանակում է, որ ես և կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները դրա մասին տեղյակ չենք և այն պահին, երբ կտեղեկանանք՝ այդպիսի վերաբերմունք ցուցաբերած պաշտոնյաները կարժանանան ամենախիստ պատժի:

Նախկինում էլ ասել, եմ, որ տնտեսական հեղափոխություն իրականացնողի դերում պատկերացնում ենք մեր գործարար համայնքին և գործարար համայնքը մենք համարում ենք մեր կառավարության թիվ մեկ դաշնակիցը Հայաստանի զարգացման գործում բոլոր առումներով՝ տնտեսական զարգացման, քաղաքական զարգացման, անվտանգության զարգացման: Մենք այս տարի պարծենում ենք ՀՀ-ում աննախադեպ ծավալի ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու համար: Եվ ուզում եմ արձանագրել, որ մենք այդ հնարավորությունն ունեցել ենք ձեր վճարած հարկերի շնորհիվ: Մենք հաջորդ տարի այդ ամբիցիաների, ինչպես նաև կապիտալ ներդրումների առումով ավելի բարձր նշաձող ենք սահմանել, չնայած այդ ոլորտում թերակատարման խնդիր ունենք, և այդ նշաձողը սահմանել ենք՝ վստահություն ունենալով ձեր վրա, վստահություն ունենալով, որ Հայաստանի գործարար համայնքը, գործարարությամբ զբաղվող մարդիկ բացառիկ տաղանդավոր են և 2020-ին նրանք վստահաբար ավելի մեծ արդյունքներ կգեներացնեն իրենց ընկերություններում՝ ավելի մեծ արդյունքներ գեներացնելով Հայաստանի և նրա ժողովրդի համար:

Մենք պարծենում ենք, որ այս տարի մոտ 100 մլրդ դրամի չափով կգերակատարենք պետական բյուջեի հարկային եկամուտների մասը: Այդ եկամուտները մենք կատարում ենք և գերակատարում ենք ձեր վճարած հարկերի շնորհիվ: Եվ որպես շնորհակալության նշան մենք կայացրեցինք բացառիկ աննախադեպ որոշում՝ զրոյացնել ավելացված արժեքի հարկի դեբեդի պարտքերը, այն պարտքերը, որոնք պետությունը գեներացրել էր ձեր առաջ և եկեք խոստովանենք, որ որևէ մեկը հույս չուներ, թե երբևէ այդ պարտքերը կստանա: Բայց այս պահի դրությամբ մենք 40 մլրդ դրամ հին պարտքերից վերադարձրել ենք և ընդհանուր առմամբ այս տարի մենք բիզնեսին վերադարձրել ենք 150 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի գծով ունեցած պարտք: Սա աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: Եվ ինձ համար մեծ պատիվ է և չափազանց հաճելի է այսօր ձեզ հետ հանդիպել այսպիսի տրամադրությամբ, և անկեղծ ասած, ես ինչպես սկզբում ասացի՝ այստեղ եկել եմ բացառապես ձեզ շնորհակալության խոսքեր ասելու համար և նշելու, որ մենք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ես, որպես ՀՀ ժողովրդի ընտրված ներկայացուցիչ, հույս եմ դնում ձեզ վրա: Մենք հույս ունենք, որ 2020 թվականի այս օրը մեր տրամադրությունը կլինի շատ ավելի բարձր, քան այսօր ունենք, չնայած մեր տրամադրությունը կարելի է ասել աննախադեպին մոտ տրամադրություն է:

Եվ ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի այդ տրամադրությունն ապահովելու համար: Ես այսօր չեմ ուզում եմ խոսել խնդիրների մասին, բայց ուզում եմ վստահաբար իմանաք, որ ՀՀ կառավարության ամենամեծ խնդիրն է՝ ապահովել այն պայմանները, որ մեր առաջարկած «հարստացեք և հարստացրեք» կարգախոսի իրականացումը ՀՀ-ում լինի իրականանալի: Եվ ես ուզում եմ հույս հայտնել, որ 2020-ին Հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններին ի պատասխան գործարար համայնքին կմիանան ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ, որովհետև հաջորդ մեր կարգախոսը, որը մենք առաջարկել ենք և որում համոզված ենք, հետևյալն է՝ միայն աշխատանքով, միայն ու միայն աշխատանքով է հնարավոր լուծել այն խնդիրները, որ այսօր կան Հայաստանի Հանրապետության առաջ, յուրաքանչյուր մարզի առաջ, յուրաքանչյուր համայնքի առաջ, յուրաքանչյուր ընտանիքի առաջ: Եվ ես համոզված եմ, որ 2020 թվականը մեզ համար կլինի օրինական աշխատանքի տարի, և մենք կապացուցենք, որ հնարավոր է արդար քրտինքով վաստակել ոչ միայն հաց, ոչ միայն բարեկեցություն, այլև արդար հարստություն: Հայաստանում գործարարի կերպարի բնորոշիչները հենց սրանք են՝ արդար, օրինական, քրտնաջան աշխատանքով ձևավորված վաստակը՝ հենված կոնկրետ մեկ նպատակադրման վրա՝ հարստանալ և հարստացնել հայրենիքը, ժողովրդին, պետությունը:

Ես ուզում եմ շնորհավորել ձեր ընտանիքների Ամանորը և Սուրբ ծնունդը, ձեր գործընկերների, ընկերների, մերձավորների, և քանի որ այստեղ բազմաթիվ խոշոր գործատուներ են ներկա՝ ուզում եմ շնորհավորել նաև ձեր գործավորների Ամանորը և Սուրբ ծնունդը ու ցանկանալ, որ այս հարաբերություններն ամեն տարվա հետ լինեն ավելի դրական, ավելի արդյունավետ և ավելի դինամիկ:

Շնորհակալ եմ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

23:00 19.08.2025

Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. Ավինյան

Երևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

22:51 19.08.2025

«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները

«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

22:44 19.08.2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ

Դեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

22:35 19.08.2025

Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը»  մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։   ...

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

22:24 19.08.2025

Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

22:12 19.08.2025

Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համար

ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...

BACK_TO_TOP