Լեռնային Ղարաբաղում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայելու ԱՄՆ-ի կողմից առաջարկված գաղափարը պետք է համաձայնեցվի հակամարտության կողմերի հետ: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, նոյեմբերի 2-ին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Անհրաժեշտ է ամերիկացիներին հարցնել, թե որտեղից են այդ առաջարկներն ու գաղափարները: Հնարավոր մեխանիզմների բոլոր անհրաժեշտ չափորոշիչները պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի հետ խորհրդակցությունների ժամանակ»,- հայտարարել է նա:
Հարցին, թե ռուսական կողմին հայտնի է այդ գաղափարը, Ռուդենկոն պատասխանել է, որ հայտնի է միայն այն, ինչ ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը Կալիֆոռնիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ խոսել էր հակամարտության գոտում խաղաղապահներ ներգրավելու գաղափարի մասին։