19:09 28.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի ստորաբաժանման գործարկմանը նվիրված միջոցառմանը:
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Կառավարության հարգելի անդամներ,
Հարգելի դեսպաններ,
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ,
Ոստիկանության հարգելի ծառայողներ,
Սիրելի կապանցիներ,
Ահա տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք արդեն մի քանի տարի խոսում ենք: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Պարեկային ոստիկանությունն այլևս իրողություն է, և ես ուզում եմ բոլորիս շնորհավորել այս կարևոր առիթով: Մեր այսօրվա առաջին կետում՝ Արմավիրի մարզում, ասացի, որ սա մի վառ և բացահայտ օրինակ է, թե ինչպես են մտքերը ձևակերպվում, դառնում որոշումներ, ապա իրականացվում և արտահայտվում իրական կյանքի մեջ:
Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, միջազգային բոլոր այն գործընկերներին, ովքեր աջակցություն են ցուցաբերել Հայաստանում Պարեկային ոստիկանության հիմնադրմանը և աջակցություն են ցուցաբերելու Ոստիկանական բարեփոխումներին և բարեփոխումների օրակարգին:
Կրկին ուզում եմ ընդգծել, որ Պարեկային ոստիկանության հիմնադրման բյուջեն 29 մլրդ դրամ է, որից 20 մլրդը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, 6 մլրդը` Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, 3 մլրդը` Եվրամիության կողմից:
Ուրախ եմ, որ Պարեկային ոստիկանության հիմնադրումն ամփոփելով, մենք չենք ավարտում գործընթացը՝ և՛ Ոստիկանության բարեփոխումները, և՛ Պարեկային ոստիկանության լավարկումը շարունակելու ենք:
Մենք այսօր շատ հետաքրքիր վիճակագրություն տեսանք: Իհարկե, այնպես ստացվեց, որ Վայոց ձորը դարձավ մեր միակ մարզը, որտեղ Պարեկային ոստիկանության շարքերում կին ծառայող չունենք, բայց ուրախ եմ, որ Սյունիքի մարզում այդ վիճակագրությունը չշարունակվեց: Իհարկե, հենց բուն Պարեկային ծառայությունում մենք ունենք մեկ կին ծառայող: Ես տեսնում եմ, որ օպերատիվ կառավարման կենտրոնում կանանց թիվն ավելի շատ է: Ուզում եմ բոլորիդ հաջողություն մաղթել և ասել, որ մեր հաջորդ փուլի ամենակարևոր աշխատանքը Պարեկային ոստիկանությունում կանանց թիվը մեծացնելն է՝ առնվազն 30 տոկոսով: Մենք մեր ռազմավարությունների մեջ ասել ենք 30 տոկոս, բայց իրականում մեր մտադրությունն այն է, որ Պարեկային ոստիկանությունում ծառայող կանանց և տղամարդկանց թիվը պետք է լինի 50-50:
Տիկին լեյտենանտ, ուզում եմ Ձեզ դիմել՝ ես գիտեմ, որ Ձեզ համար հեշտ չի լինելու, առավել ևս այն պարագայում, որ Դուք արտաքին ծառայության փաստորեն միակ կին ներկայացուցիչն եք լինելու: Կարող եք համոզված լինել, որ մենք ամբողջությամբ աջակցում ենք Ձեզ: Բայց նաև ուզում եմ խոստանաք, որ բոլոր դժվարությունները և բարդությունները կհաղթահարեք: Ընդ որում՝ ես չեմ ուզում հիմա ասել, որ տղամարդիկ պետք է աջակցեն Ձեզ: Ես հույս ունեմ, որ Դուք ինքներդ Ձեր ծառայությամբ Ձեր տեղը կհաստատեք Պարեկային ոստիկանությունում, բայց դա իմացեք, առավել կարևոր է ոչ այնքան Ձեզ, այլ նրանց համար, ովքեր պետք է առաջիկայում դիմեն դասընթացների և համալրեն, այդ թվում՝ Սյունիքի, Վայոց ձորի և Հանրապետության Պարեկային ոստիկանությունը:
Ուզում եմ նաև շնորհավորել բոլորիդ այս կարևոր օրվա առիթով: Արդեն մասնակիցների կազմը պիտի ասի, թե ինչքան կարևոր միջոցառման ենք մասնակցում: Եվ պիտի նաև արձանագրենք, որ Պարեկային ոստիկանությունն, ըստ էության, Հայաստանի ամենահաս ծառայությունն է: Դուք բոլոր թաղերում եք, դուք բոլոր քաղաքներում եք, դուք բոլոր գյուղերում եք, դուք բոլոր մայրուղիներին եք: Մարդիկ, օգնության կարիք ունենալիս՝ առաջինը ձեզ են դիմելու: Մարդիկ, խնդիրներ ունենալիս, առաջինը ձեզ հետ են շփվելու: Շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրն արձանագրի, որ դուք Հայաստանի Հանրապետության դեմքն եք, Հայաստանի Հանրապետության նկարագիրն եք, որովհետև դուք եք ամենաշատը քաղաքացիների հետ շփվելու, և քաղաքացիներն են ամենաշատը շփվելու ձեզ հետ: Ընդ որում՝ պարտադիր չէ, որ այդ շփումը լինի անմիջական: Ամենուր մարդիկ տեսնում են ձեզ, ձեր աշխատանքը, լսում են ձեր աշխատանքի արձագանքները և պատկերացում են կազմում, ի վերջո, և՛ Ոստիկանության, և՛ Պարեկային ոստիկանության, և՛ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող գործընթացների մասին:
Ես ուզում եմ, որ Պարեկային ոստիկանությունը լինի սկզբունքային, լինի օրինապաշտ և հիշի, որ Ոստիկանության բարեփոխումների թիվ մեկ նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները, արժանապատվությունը և ազատությունը պաշտպանելն է:
Այս տարվա սկզբին հրապարակված վարկանիշային ցուցակում Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիների ազատության աստիճանով աշխարհի առաջատար երկրների ցանկում առաջին երեք տասնյակում է տեղ զբաղեցնում: Վերջերս հրապարակված մեկ ուրիշ վարկանիշի համաձայն, քրեածին իրավիճակով, այսինքն՝ ամենօրյա անվտանգության հարցերով, Հայաստանն աշխարհում 9-րդ երկիրն է, և դա այն պարագայում, երբ Պարեկային ոստիկանությունը դեռ ամբողջական հիմնադրված չէր, գործարկված չէր, այն պարագայում, երբ ոստիկանության բարեփոխումները և այլ բարեփոխումներ դեռևս չեն ավարտվել: Ես համոզված եմ, որ մենք այս ճանապարհին վստահ կքայլենք առաջ:
Շնորհակալ եմ նաև մեր միջազգային գործընկերներին իրենց հանձնառության համար՝ շարունակելու աջակցել Հայաստանի Հանրապետությանը, ընդհանրապես՝ բարեփոխումների օրակարգին և Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, օրենքի գերակայության, ազատության հաստատմանը և զարգացմանը:
Հարգելի ներկաներ,
Պարեկային ոստիկանության հարգելի ծառայողներ,
Բավարարվածությամբ եմ ամփոփում Պարեկային ոստիկանության հիմնադրումը Հայաստանի Հանրապետությունում: Բոլորիդ մաղթում եմ արդյունավետ, ազնիվ, սկզբունքային, պետականակենտրոն և մարդակենտրոն ծառայություն:
Բարի երթ Հայաստանի Հանրապետության Պարեկային ոստիկանություն:
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:
23:59 22.05.2025
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգըԿենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...
23:57 22.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 22.05.2025
2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...
23:50 22.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...
23:44 22.05.2025
Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...
23:40 22.05.2025
Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունըԻնչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...