17:21 09.12.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառման շրջանակներում: Նա, մասնավորապես, նշել է.
«Ողջունում եմ բոլորիդ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առիթով Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղ կազմակերպված այս միջոցառմանը:
1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կողմից ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, որով հստակորեն ամրագրվեց միջազգային հանրության հանձնառությունն այլևս երբեք թույլ չտալ այս հանցագործության կրկնումը: Հայաստանը վճռական է իր ներդրումն ունենալ միջազգային հանրության՝ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցների մշակման համատեղ ջանքերում:
Հայաստանը միջազգային ասպարեզում հանդես է գալիս որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկ և հետևողականորեն աշխատել և աշխատում է ՄԱԿ շրջանակներում և իր բազմաթիվ գործընկերների հետ՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի, ատելության հողի վրա հանցագործություններին առնչվող շարունակական վտանգների և մարտահրավերների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև կանխարգելման իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման ուղղությամբ։ Ցեղասպանության կանխարգելման օրակարգի վերաբերյալ Հայաստանի կողմից նախաձեռնված բազմաթիվ բանաձևերն իրենց ներդրումն են ունեցել այդ օրակարգի շուրջ միջազգային ջանքերի համադրման առումով: 2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 69-րդ նստաշրջանին կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնած՝ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու վերաբերյալ բանաձևը:
Այսօր՝ ծայրահեղականության աճի, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի միջազգային հանձնառության անկման ժամանակաշրջանում, այս և մարդկության առջև ծառացած այլ լրջագույն մարտահրավերների դեմ արդյունավետ առերեսման հարցում կրթությունն առանցքային նշանակություն ունի: Առանցքային է նաև ցեղասպանությունների կանխարգելումը: Այս հարցում կրթությունը պետք է լինի այն շարժիչ ուժը, որը համախմբում և ուղղորդում է հասարակությունների և պետությունների՝ կանխարգելմանն ուղղված քաղաքական, դիվանագիտական, սոցիալ-տնտեսական և մշակութային ջանքերը:
Այս համատեքստում Հայաստանը հետևողականորեն բարձրաձայնել է վաղ կանխարգելման կարևորության և առաջնայնության մասին, ինչը պահանջում է բավարար կարողություններ իրավիճակների վաղ նախազգուշացման նշանների հայտնաբերման, ուսումնասիրման և դրանց արձագանքելու համար, որոնք չլուծվելու դեպքում կարող են հանգեցնել անվերահսկելի վատթարացումների՝ ընդհուպ մինչև զանգվածային ոճրագործությունների իրականացումը։ Վաղ կանխարգելումը նշանակում է վաղ գործողություններ, որոնց առանցքը իրազեկվածությունն է: Կանխարգելումը սկսվում է հենց ազգային մակարդակով։
Այս առումով այսօրվա միջոցառումը, «Ցեղասպանության կանխարգելում» թեմայով ելույթ-շարադրությունների մրցույթի կազմակերպումը և անցկացումը ևս մեկ հարթակ է երիտասարդների ձայնը լսելի դարձնելու և նրանց միջոցով իրազեկելու լայն հասարակությանը ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ գործադրված ջանքերի և միջազգային հանրության միասնական գործողությունների մասին: Եվ սա վկայում է հետագա ցեղասպանությունների կանխարգելման ճանապարհին երիտասարդների` ցեղասպանության հիշողությունը պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու պատրաստակամության կարևորության մասին:
Ժխտողականությունը և անպատժելիությունը կանխարգելման հիմնական խոչընդոտներն են: Ժխտված արդարությունը հետապնդում է ցեղասպանության վերապրածների սերունդներին և խոչընդոտում է իրական հաշտեցումը: Ժխտողականության դեմ պայքարը եղել և մնում է մեզ համար ամենամեծ գերակայություններից մեկը: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք գիտակցում ենք նաև մեր պարտավորությունը «այլևս երբեք»-ի օրակարգի առաջմղման հարցում: Այս համատեքստում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն ուղղակի քայլ է մեր արդարությունը ճանաչելու, այլ նաև քայլ է ցեղասպանությունները կանխարգելելու ուղղությամբ, որովհետև դա պատգամ է, որ անպատժելիությունը չի աշխատելու: Այն անհրաժեշտ է ոչ այնքան պատմությանը կամ պատմաբաններին, որքան այսօր համայն մարդկությանը և հատկապես ինքնության հողի վրա կատարվող հանցագործությունների պոտենցիալ զոհերին: Այն անհրաժեշտ է ցեղասպան ընկալումների հաղթահարման և մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության համար: Միջազգային համակարգում ցեղասպանության կանխարգելմանը միտված գործիքների ամրապնդումը, իրավական և գործնական հնարավորությունները զարգացնելը մշտական մարտահրավեր և գործառույթ է: Դա շարունակական գործընթաց է, և մենք շարունակաբար աշխատելու ենք այդ ուղղությամբ:
Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշելու և այս հարցին հնչեղություն տալու նպատակով 2015 թվականից Հայաստանը կազմակերպում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումներ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ից 11-ը Երևանում կայացավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը՝ նվիրված կրթության, մշակույթի և թանգարանների միջոցով ցեղասպանության հանցագործության կանխարգելմանը, որն իրականացվել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի գրասենյակի և անձամբ հատուկ խորհրդական պարոն Ադամա Դիենգի գործուն աջակցությամբ: 2020թ. նախատեսվում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի անցկացումը:
Այսպիսի ֆորումների անցկացման կարևորագույն նպատակներից է նաև կրթության և գիտության միջոցով ցեղասպանության հանցագործության կանխարգելման հիմնահարցերի ուսումնասիրությունը, ցեղասպանության վերաբերյալ կրթությանն առնչվող առկա մարտահրավերների բարձրաձայնումը և այդ մարտահրավերներին դիմակայելուն միտված կիրարկվելիք քայլերի, արդյունավետ մեթոդների քննարկումը:
Մենք բոլորս ունենք կարևոր մի պարտավորություն՝ դա հիշելու պարտավորությունն է: Եվ հետևաբար, էական է, թե ինչպես է այդ հիշելու պարտավորությունն արտացոլվում պատմությանը վերաբերվող տարբեր նյութերում՝ դասագրքերում, հոդվածներում, գիտական աշխատություններում: Ցեղասպանությունների զոհերի՝ Մեծ Եղեռնի, Հոլոքոստի, ինչպես նաև Կամբոջայում, Ռուանդայում, Դարֆուրում հիշատակի օրերը պետք է լինեն սգո օրեր ոչ միայն զոհերի սերունդների, այլև հանցագործների սերունդների համար, քանզի այս օրերը պետք է մարդկությանը տանեն դեպի ճանաչում և հաշտեցում։
Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով բոլորիդ մասնակցության համար և ընդգծելով նման ձևաչափով միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը և արդյունավետությունը ցեղասպանությունների կանխարգելման միջոցառումների շարքում՝ հայտնում եմ այս հարցում մշտապես հետևողական աշխատանքի շարունակականության պահպանման մեր վճռականության մասին և ակնկալում եմ հետագայում ևս ձեր ակտիվ մասնակցությունը այդ աշխատանքներին: Մաղթում եմ մրցանակակիրներին և մրցույթի մյուս մասնակիցներին իրենց հետագա գործունեության և աշխատանքի մեջ նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ»:
20:40 07.08.2025
Նոր էջ հեռուստատեսային ոլորտում. վարկանշային չափումները նոր ընկերություն կիրականացնիՀայաստանում հեռուստատեսության համար նոր էջ է բացվում: Այսուհետ հեռուստատեսային արտադրանքի վարկանիշի չափումներ միջազգային փորձով ընկերություն է իրականացնելու: Հիշեցնենք, որ աուդիտի արդյունքում պարզվել էր, որ հեռուստատեսային չափումներով զբաղվող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության համակարգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
20:25 07.08.2025
Մոտայի «Լուդոգորեցը» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշը» ոչ-ոքի են խաղացելՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Լուդոգորեցն» ու «Ֆերենցվարոշը» գոլեր չեն խփել։ «Ֆերենցվարոշում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը բացակայում էր այս հանդիպման հայտացուցակից։ «Լուդոգորեցն» էլ մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։ Հունգարիայի ու Բուլղարիայի չեմպիոնների պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բուդապեշտում։ ...
20:16 07.08.2025
Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով մտել են Սևանա լիճ և աղտոտել լճի ջրերը. պարզվել է իրավախախտում կատարած անձանց ինքնությունըՇՄՆ էկոպարեկային ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Վարդավառին «ՈՒԱԶ»-ներով Սևանա լիճ մտնելու և լճի ջրերը աղտոտելու ահազանգին։ «Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից ՇՄՆ էկոպարեկային ծառայության պաշտոնական էջին տրամադրվել էր տեսանյութ այն մասին, թե ինչպես են Վարդավառի տոնակատարության ժամանակ երկու քաղաքացի Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր բնակավայրի լողափերից մեկում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով մուտք գործել Սևանա լիճ և աղտոտել լճի […] ...
19:54 07.08.2025
«Նյուքասլը» թիմից հեռացրել է Ալեքսանդր Իսակին«Նյուքասլը» հարձակվող Ալեքսանդր Իսակին արգելել է մարզվել թիմի հետ, հաղորդում է talkSPORT-ը։ Շվեդ ֆուտբոլիստին թույլատրվել է մարզվել միայն թիմից առանձին: Ավելի վաղ 25-ամյա ֆուտբոլիստը բաց էր թողել ակումբի նախամրցաշրջանային շրջագայությունն Ասիայում՝ «Լիվերպուլ» հնարավոր տրանսֆերի հետ կապված: Իսակին թիմից հեռացնելու որոշումը կայացրել է գլխավոր մարզիչ Էդի Հաուն։ ...
19:50 07.08.2025
Քննարկվել են սողանքավտանգ վայրերում անտառապատման և ջրահեռացման աշխատանքների, ապօրինի ծառահատումների նկատմամբ վերահսկողության խստացման վերաբերյալ հարցեր2025 թվականի օգոստոսի 7-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահում էր ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Կամո Ցուցուլյանը ողջունելով ներկաներին` կարևորել է նման քննարկումներն ու դրանց արդյունքում սերտացող համագործակցությունը: Նա նշել է, որ աշխատանքային […] ...