19:19 22.02.2018
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիբանանի նախագահ Միշել Աունի՝ այսօր երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միշել Աունը հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են Հայաստանի և Լիբանանի միջպետական հարաբերություններին, որոնք, ըստ նախագահների, առանձնանում են հատուկ ջերմությամբ ու բարեկամական ոգով: Սերժ Սարգսյանը և Միշել Աունը խոսել են նաև երկու ժողովուրդների ընդհանուր պատմության, միասնաբար հաղթահարված դժվարությունների և հոգևոր-մշակութային մտերմության բազմաթիվ թելերով միահյուսված ճակատագրերի մասին:
«Հայ-լիբանանյան բարեկամության շառավիղը ձգվում է Անթիլիասից, Բուրջ Համուդից ու Այնճարից մինչև Երևանի սրտում գտնվող Բեյրութի փողոց և փողոցի հարևանությամբ տեղակայված աշխարհահռչակ լիբանանցի գրող, փիլիսոփա և արվեստի գործիչ Ջուբրան Խալիլ Ջուբրանի կիսանդրին: Անշուշտ, այս ամենին լավագույնս ձուլվում է Լիբանանի բազմահազարանոց հայ համայնքը՝ իր խաղաղ և ստեղծագործ կյանքով, Լիբանանին անմնացորդ նվիրումով և Հայաստանի հանդեպ որդիական սիրով: Բեյրութի փողոցներով քայլելիս հայկական շունչն առկա է ամենուր. մեծ հպարտության զգացումով եմ լցվում, որ մեր հայրենակիցները կարողացել են իրենց լավագույնս դրսևորել՝ որպես Լիբանանի արժանի և օրինապաշտ քաղաքացիներ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ իրենց նպաստը բերելով Լիբանանի զարգացմանը և բարգավաճմանը: Եվ մեծ երախտագիտության զգացումով եմ լցվում Լիբանանի ժողովրդի, Լիբանանի իշխանությունների հանդեպ, որ հայերին տրվել է ինքնադրսևորվելու այդ հնարավորությունը»,-ասել է Հանրապետության նախագահը:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ նաև դրա շնորհիվ է, որ լիբանանահայ համայնքը ոչ միայն ամուր օղակ է երկկողմ հարաբերություններում, այլև աշխարհասփյուռ հայության համար ծառայում է որպես հոգևոր, մշակութային և կրթական զարկերակ: Որպես ասվածի լավագույն օրինակ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Լիբանանում գործող բազմաթիվ կրթական, հոգևոր-մշակութային հաստատությունները և սփյուռքում գործող միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Հայկազյան համալսարանը, որի սաները, ըստ Նախագահի, շարունակում են իրենց նպաստը բերել նաև տարածաշրջանի և աշխարհի հայ գաղթօջախների կենսունակությանը:
Նախագահ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել բարեկամ Լիբանանին՝ պատմության ողբերգական պահերին հայ ժողովրդի կողքին լինելու, Ցեղասպանություն վերապրած նրա մի հատվածին սրտաբաց ընդունելու համար:
«Ցավոք այսօր էլ Մերձավոր Արևելքը շարունակում է ապրել նորանոր ողբերգություններ, որոնք վերահաստատում են, որ Հայոց ցեղասպանության տարիներին տիրող մտածելակերպը 21-րդ դարում դեռևս պահպանվում է, ուստի դրանց կանխարգելմանն ուղղված մեր պայքարն ավարտված չէ: Այստեղ ուզում եմ հատուկ ընդգծել Լիբանանին սատար կանգնելու Հայաստանի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ դարերի իմաստություն և հայրենասիրական արժեքներ կրող լիբանանցի ժողովուրդը պատվով և իրեն հատուկ համախմբվածությամբ կդիմագրավի բոլոր մարտահրավերները»,- ասել է Նախագահ Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ Լիբանանի նախագահի այցի օրերին քննարկված հարցերը և ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ապագայում կյանքի կկոչվեն՝ նորովի հարստացնելով հայ-լիբանանյան բազմաբովանդակ փոխգործակցության օրակարգը:
«Հայտնի արաբական իմաստությունն ասում է՝ իրական ընկերը մեկ հոգի է երկու մարմնում: Կարծում եմ՝ սա լավագույնս բնութագրում է հայ-լիբանանյան հարաբերությունները, որտեղ չկան անլուծելի հարցեր, որտեղ կողմերի փոխըմբռնումը լավագույնս ծառայում է երկու ժողովուրդների բարեկեցությանը և կայուն զարգացմանը:
Թույլ տվեք բաժակ բարձրացնել ի պատիվ Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Աունի, հանուն հայ-լիբանանյան բարեկամության հարատևման և մեր տարածաշրջանի խաղաղ ու բարգավաճ ապագայի։
Կեցցե՛ Լիբանանը, կեցցե՛ հայ-լիբանանյան հավերժ բարեկամությունը»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Լիբանանի նախագահ Միշել Աունը փոխադարձ բաժակաճառում երախտագիտություն է հայտնել նախագահ Սարգսյանին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ սա իր առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն, ու թեև այն պաշտոնական և քաղաքական այց է, սակայն կրում է առանձնահատուկ բնույթ:
«Այս պատմական հավատքով ու նահատակությամբ ծանրաբեռնված հողով անցնելը չի կարող լինել սովորական և ավանդական:
Ընտրել ենք երկու հուշակոթող, որոնք այդ պատմության վկայություններն են: Երեկ այցելեցինք Էջմիածնի Մայր տաճարը՝ աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկը, որտեղ դրսևորվում է եկեղեցու պատկառազդու պատերից ու հոգու խոնարհումից հավատքի այն ամրություն զգացողությունը, որը հայ ժողովրդին դարձրեց ժողովուրդների ու ազգերի առաջամարտիկը՝ պաշտոնապես հռչակելով իր ինքնությունն ու հավատքը առաջին դարերի ընթացքում: Դա քաջություն ու զոհաբերություն էր պահանջում այն ժամանակ, երբ հռոմեական հալածանքները իրենց գագաթնակետին էին հասել:
Երկրորդը՝ Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանն էր, որտեղ անմար կրակի ու մի ժողովրդի հերոսականությունը, տառապանքն ու վերքերն արտացոլող երեխաների, կանանց ու տղամարդկանց դաժան պատկերների առջև արագանում են սրտի բաբախյունները:
Այդ սարսափելի տեսարանները բացահայտում են անցյալ դարասկզբին մեր ողջ Արևելքը համակած վերացման գաղափարի գոյությունը: Այդ մտածելակերպը դիմացինի այլ տեսակի մեջ տեսնում էր թշնամու, որին պետք է սպանել, ոչնչացնել նրա մշակույթն ու քաղաքակրթությունը, և այն ի կատար ածեց ամենասարսափելի կոտորածները՝ իր հետևից թողնելով միլիոնավոր նահատակների: Մեր երկու ժողովուրդներն էլ այդ գաղափարի զոհերն էին. հայ ժողովուրդը սպանվեց սրով, լիբանանցի ժողովուրդը՝ սովի միջոցով: Ցավոք, այդ նույն մտածելակերպը վերստին ի հայտ եկավ վերջին տարիներին՝ խլելով հարյուր հազարավոր զոհեր: Վստահաբար անցյալի կոտորածները չճանաչելը և դրանց նկատմամբ հաշվետու լինելու բացակայությունը խրախուսում են ներկայիս ջարդերը»,- ասել է նախագահ Միշել Աունը:
Նա իր բաճակաճառում դրվատանքով է խոսել լիբանանահայ համայնքի մասին՝ ընդգծելով, որ այն Լիբանանի հասարակության անբաժան մասնիկն է:
00:00 08.05.2025
Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքերԵրևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...
23:51 07.05.2025
Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրելՎատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...
23:43 07.05.2025
Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...
23:31 07.05.2025
«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել ենԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:19 07.05.2025
Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:09 07.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ ՄերցինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...