Հայաստանի հույները․ ինչո՞ւ են հույները սիրում Հայաստանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

Հայաստանի հույները․ ինչո՞ւ են հույները սիրում Հայաստանը

00:17 03.10.2022

Նախօրեին հունական Ethnos լայն տարածում ունեցող լրատվական կայքում հրապարակվել է Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևայի հոդվածը, որի հայերեն ամբողջական թարգմանությունը ներկայացրել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Հայաստանի հույները։ Ինչո՞ւ են հույները սիրում Հայաստանը։
Ինչո՞ւ են հույները սիրում Հայաստանը․․․ Քանզի այս երկիրը նրանց հիշեցնում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը դեռևս այն ժամանակներից, երբ համաշխարհային քարտեզն այլ տեսք ուներ։
Ինչո՞ւ են հայերը սիրում հույներին։ Հավանաբար նրա համար, որ չկա մեկ այլ ժողովուրդ, ում հետ այսքան ընդհանուր բան ունենանք պատմության, մշակույթի, անգամ մտածելակերպի մեջ։
Կա՞ որևէ մեկը, ով հույներից ավելի լավ է հասկանում հայերի ցավը։
Թերևս հիշենք Ռիգաս Ֆերեոսի «Թուրիոսը», որտեղ ասվում էր․
․․․Բուլղարացինե՛ր ու արվանացինե՛ր, հայե՛ր ու հույնե՛ր
Արաբնե՛ր ու սպիտակնե՛ր, միահամուռ ավյունով
Ազատության համար սուր կապե՛ք․․․
Ինչի՞ համար էր այս նախաբանը։ Նրա համար, որ Հայաստանում և Արցախում չկա անգամ մի հողակտոր, որտեղ «հույն» բառն անծանոթ է եղել ո՛չ հիմա, ո՛չ էլ հազարավոր տարիներ առաջ։
Հույների ու հունականության ներկայությունը Հայաստանում հազարամյակների պատմություն ունի։ Հնագետները հայտնաբերել են բազմաթիվ արձանագրություններ՝ գրված հին հունարենով։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հույներն այստեղ պարզապես ճամփորդներ չեն եղել, և հունարենը Հայաստանում չի եղել օտար լեզու։ Հայաստանում հայ գրականության և պատմագրության մեջ հունարենի լայն կիրառությունն արտահայտվում է Երևանի Մատենադարանում գտնվող հարյուրավոր ձեռագրերում։
Սակայն հույների մեծ ներհոսքը Պոնտոսից տեղի է ունեցել մոտ 300 տարի առաջ։ Պոնտացի հույների ներգաղթը Հայաստան կապվում է պղնձահանքերի բացման և մշակման հետ։ Այդպիսով, 1752 թվականից Արգիրուպոլիս, Տրապիզոն, Կարս քաղաքներից այստեղ են տեղափոխվում հազարավոր հույներ, որոնք բնակություն են հաստատում հետևյալ բնակավայրերում․ Ալավերդի, Ախթալա, Մադան, Շամլուղ, Բենդիկ, Յաղդան, Կողես, Ալեքսանդրապոլ (Գյումրի), Բայանդուր, Կավարտ, Միսխանա (Հանքավան), Մեհմանա։
Այս բոլոր տարիների ընթացքում Հայաստանի հույն ազգաբնակչությունը հայերի հետ կիսել է թե՛ լավ, թե՛ վատ օրերը և երբեք Հայաստանում չի համարվել երկրորդ խավ։
Հայ պատմիչ Լեոն նշում է․ «Հույնը գալիս է հեռվից, իր հետ բերում է մի քիչ փող, նստում ու իր գործն է անում։ Եվ այն, ինչ անում է, անում է լավ, գերազանց։ Եվ այդ գործը համարվում է հույնինը։ Եթե հույնը մոտ չգա հանքերին, ոչ ոք դա չի անի»։
Սակայն Հայաստանի հույները չեն սահմանափակվել միայն հանքերում աշխատելով։ Շատ տարիներ բնակվելով այստեղ՝ նրանք ստեղծել են ընտանիքներ, հիմնել բնակավայրեր, դպրոցներ, եկեղեցիներ։
Այդ եկեղեցիներից մեկը Սյունիքի Կավարտ գյուղի Սուրբ Խարալամբոս եկեղեցին է։ Հունական այս բնակավայրը հիմնվել է 19-րդ դարի կեսերին։ 1853 թվականին հույն արդյունաբերող Խարալամբի Կոնդուրովն այստեղ կառուցում է պղնձի առաջին գործարանը՝ աստիճանաբար մեծացնելով իր հզորությունը։ Տրապիզոնից այստեղ են տեղափոխվում հարյուրից ավել հույն բանվորներ, որոնք այստեղ հաստատվելով, կառուցում են իրենց տները։ Հույները նաև հիդրոէլեկտրակայան են կառուցում, հիմք դնում նոր ձեռնարկությունների՝ հացի փռեր, տնտեսական տարբեր խանութներ։ Նրանք էին, որ իրենց հարստությունն օգտագործեցին ի բարօրություն համայնքի՝ արժանանալով բարերարի կոչմանը։
1865-ին Կոնդուրովները կառուցեցին Սուրբ Խարալամբոս հունական եկեղեցին, որը տեղացիներն անվանում էին «Բերձենների եկեղեցի», այսինքն՝ հույների եկեղեցի։ Եկեղեցին կա մինչ օրս, սակայն կիսավեր վիճակում։
Եկեղեցին գմբեթավոր շինություն է՝ կառուցված իրար հետ ներդաշնակորեն համադրված մուգ դարչնագույն տուֆաքարից և բազալտից։ Պատուհանների շրջանակների և շենքի այլ մասերի համար օգտագործված սպիտակադեղնավուն կրաքարը եկեղեցուն հաղորդում է յուրահատուկ երանգ։ Եկեղեցու արևմտյան ճակատին կից գտնվում է զանգակատունը։
Հունական եկեղեցիներ են կառուցվել նաև Գյումրիում, Մադանում, Յաղդանում, Հանքավանում։ Հանքավանը երբեմնի հունական գյուղ է։ Մինչև 1989 թվականն այս գյուղում բնակվել է մոտավորապես 250 հույն։ Հանքավանում հունական հետքի վկան Այոս Գեորգիոսն (Սբ Գեւորգ) է՝ առանց գմբեթ բազիլիկ հատակագծով եկեղեցին։ Այոս Գեորգիոս եկեղեցին այսօր էլ շարունակում է մնալ Հայաստանի հույների սիրելի այցեվայրը և խորհրդանշում է հույների դարավոր ներկայությունը Հայաստանում։
Այսօր Հայաստանի հույների մեծ մասը բնակվում է Լոռիում, հատկապես Ալավերդիում և շրջակա բնակավայրերում՝ Ախթալա, Շամլուղ, Կողես, Յաղդան, Մադան։ Վերջինիս «փոքր հայրենիք» էին անվանում 1752 թվականին այն կառուցած հույները։
Արցախի Մեհմանա գյուղը հիմնվել է միջնադարում, սակայն կենդանացել է հատկապես 18-րդ դարում, երբ այստեղ հաստատվեցին Պոնտոսի հույները։ 18-րդ դարում երկրագործները գյուղի մերձակայքում հայտնաբերում են մեծ քանակությամբ մետաղ։ Հանքերում հիմնականում հույներ էին աշխատում, որոնք էլ ավելի ուշ Պոնտոսից այստեղ տեղափոխեցին իրենց ընտանիքները։
Հենց հունական Մեհմանա գյուղում է ձևավորվել Արցախի հունական համայնքը, որը հավերժ իր բախտը կապել է արցախահայության ճակատագրի հետ․․․
90-ականների սկզբին, այսինքն՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, շատ հույներ արտագաղթեցին Հայաստանից՝ գնալով Հունաստան, Ռուսաստան և այլ երկրներ։
Մինչ Հայաստանի անկախացումը հույները ներառված չէին կազմակերպված համայնքներում։ Համայնքների կազմակերպման և ֆեդերացիայի մեջ միավորման գաղափարը ստեղծվեց 1994-ին։ 2019 թվականին հունական հասարակական կազմակերպությունների միությունը վերանվանվեց «Հայաստանի հունական համայնքների միություն» հասարարական կազմակերպության։
Այսօր Հայաստանի հունական համայնքը բաղկացած է 900 անդամներից՝ գրեթե բոլորը խառնամուսնական ընտանիքներից։ Թեև Հայաստանի հունական համայնքը փոքր է, հույներն ամբողջովին ինտեգրվել են տեղի հասարականությանը և արդեն բազում տարիներ աչքի են ընկնում ամենատարբեր ոլորտներում, մասնակցում երկրի քաղաքական, մշակութային, հասարարական և գիտական կյանքին։
Հայաստանի հունական համայնքների միությունը սերտ կապեր ունի Հայաստանում հունական դեսպանության և առհասարակ հունական կառավարության հետ։ Շնորհիվ այդ համագործակցության՝ իրականացվում են հունարենի անվճար դասընթացներ, հունարեն դասավանդողները հնարավորություն են ունենում Հունաստանում վերապատրաստումների մասնակցել, մեր երեխաները մասնակցում են հունական սփյուռքի համար նախատեսված ճամբարներին, երիտասարդությունը մասնակցում է Հունաստանում անցկացվող տարբեր ֆորումների։
Սակայն, թերևս, արժե նշել նաև մեր համագործակցությունը հայկական կառավարության հետ։ Հայաստանի հույները երկրի ազգային փոքրամասնություններից մեկն են, և Հայաստանի կառավարությունը ֆինանսապես աջակցում է այն միջոցառումների կազմակերպմանը, որոնք նպաստում են մեր ազգային ինքնության պահպանմանը։ Այդպիսով, ֆինանսավորվում են հայաստանաբնակ հույն երեխաների համար կազմակերպվող ամենամյա ճամբարները, որոնք եզակի հնարավորություն են երկրի հույների փոքր սերնդի համար հիշելու իրենց արմատները և ավելի լավ ճանաչելու իրենց ավանդույթները։
Հույներին ու հայերին միավորում են ոչ միայն հին ժամանակներն ու փառավոր անցյալը, այլ նաև կորուսյալ հայրենիքի և ցեղասպանության զոհ դարձած նախնիների համար ցավը։ Հենց այս պատճառով է, որ ամեն տարի ապրիլի 24-ին հույները կանգնում են հայերի կողքին, իսկ մայիսի 19-ին հայերն են ապրումակցում ու վշտակցում հույներին՝ հարգելով միմյանց նախնիների հիշատակը»,- նշված է հոդվածում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:45 09.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ներդրվել է առցանց տեսադիտարկման ծրագիր. Տիգրան Ավինյան

08:35 09.05.2025

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ներդրվել է առցանց տեսադիտարկման ծրագիր. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ներդրվել է առցանց տեսադիտարկման ծրագիր, որը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար»:   ...

Թրամփ. ԱՄՆ-ը և Եվրոպան կաշխատեն Ուկրաինային խաղաղություն բերելու համար

08:30 09.05.2025

Թրամփ. ԱՄՆ-ը և Եվրոպան կաշխատեն Ուկրաինային խաղաղություն բերելու համար

ԱՄՆ-ը Եվրոպայի հետ ձգտելու է հաստատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն զինադադարի, որը կհանգեցնի խաղաղության։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ամեն շաբաթ հազարավոր երիտասարդ զինծառայողներ են մահանում Ուկրաինայում, և բոլորը պետք է ցանկանան, որ դա դադարեցվի: Ես ուզում եմ, որ դա դադարեցվի, և Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես: Որպես […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:19 09.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Մայիսի 9-ը՝ հաղթանակի և խաղաղության տոն

08:10 09.05.2025

Մայիսի 9-ը՝ հաղթանակի և խաղաղության տոն

Այսօր՝ մայիսի 9-ին, նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով (Խամփերյանց), Սերգեյ Ագանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Հովհաննես Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, […] ...

Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ

08:00 09.05.2025

Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում, ի պատիվ օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ընթրիքի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ:   ...

BACK_TO_TOP