22:03 27.07.2023
Արցախի ԱԳՆ-ը մեկնաբանություն է տարածել Մոսկվայում եռակողմ հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԳ նախարարի կողմից մամուլի համար արված հայտարարության վերաբերյալ։
«2023 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների արդյունքներով ՌԴ արտաքին գործերի նախարարի կողմից լրատվամիջոցների համար արված մեկնաբանության առնչությամբ հարկ ենք համարում նշել հետևյալը.
Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության երկարամյա միջնորդական ջանքերը, որոնք իրականացվում են ինչպես անհատապես, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։ Երախտապարտ ենք Ռուսաստանին Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի դադարեցման գործում ունեցած բացառիկ ավանդի և Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության համար։
Ի գիտություն ենք ընդունել, որ հանդիպման ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է իր գնահատականներն այն քայլերի վերաբերյալ, որոնք խիստ ցանկալի է ձեռնարկել անմիջապես և առանց հապաղելու՝ հօգուտ Արցախի բնակչության՝ սննդամթերքով, դեղորայքով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովման, ինչպես նաև ապահովել էլեկտրաէներգիայի և գազի անխափան մատակարարումը։
Կասկածի տակ չառնելով Ռուսաստանի ձգտումը օգնել կողմերին՝ հասնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ լուծման, և նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության ռուսական կողմի առաջարկած տեսլականը հավասարակշռված չէ: Պնդումը, թե անհրաժեշտ է վարել երկխոսություն՝ համաձայնեցնելու միջազգային պարտավորություններից, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին կոնվենցիաներից բխող իրավունքները, արտացոլում է միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի տեսակետը։ Նման մոտեցումը կանխորոշում է հնարավոր երկխոսության արդյունքը և դրանով իսկ խաթարում և արժեզրկում է դրա իմաստը։
Պնդումը, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ազգային փոքրամասնության իրավունքների ապահովման խնդիր է, կեղծ խոսույթ է, որն առաջ է քաշվում Ադրբեջանի կողմից՝ խեղաթյուրելու հակամարտության էությունը և հիմնավորելու իր հրաժարումը ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք, որին Ռուսաստանն ինքն է բազմիցս հղումներ կատարել: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծումն ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման տրամաբանության շրջանակներում գտնելու փորձերը կտրված են իրականությունից և չեն կարող հանգեցնել արդար, հավասարակշռված և արժանապատիվ խաղաղության։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը բացահայտ կերպով արհամարհում է 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, ինչպես նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումների իրագործման, միջազգային հումանիտար իրավունքի պահանջների կատարման և ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ իր միջազգային պարտավորությունները, ցանկացած պնդում, թե Ադրբեջանը հոժար կամքով կպահպանի ինչ-որ մեխանիզմներ, ամբողջությամբ հիմնազուրկ է: Հակամարտության կարգավորման նման տեսլական պարտադրելու փորձերը հղի են աղետալի հետևանքներով։
Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե բանակցությունների ամենազգայուն հարցը «եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման խնդիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում և նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների կողմից Ալմա-Աթայում 1991 թվականին ստորագրված հռչակագրին լիովին համապատասխան», տեղին ենք համարում կրկին հիշեցնել, որ նախքան այդ փաստաթղթի ստորագրումը, Արցախի Հանրապետությունն արդեն ավարտել էր Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու գործընթացը՝ Խորհրդային Միության օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։
Ավելին, Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչպես և ցանկացած միջազգային փաստաթուղթ, պետք է առաջնորդվի ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի այլ համընդհանուր նորմերով ու սկզբունքներով։ Հետևաբար, Ալմա-Աթայի հռչակագիրը պարունակում է նույն սկզբունքներն ու նորմերը, ինչ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքը։ Միևնույն ժամանակ, տարբեր իրավական նորմերի հարաբերակցության մեկնաբանումը ենթարկվում է միջազգային իրավունքի և միջազգային պրակտիկայի զարգացման ընդհանուր տրամաբանությանը: Այս առումով հարկ ենք համարում ընդգծել, որ մարդու իրավունքների զանգվածային լուրջ խախտումների և խտրական քաղաքականության դեպքերում ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա հիմնված անջատման իրավունքը գերակա է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ։ Այս բանաձևը, մասնավորապես, նկարագրված է Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում, որին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը բազմիցս հղում է արել։ Համակարծիք ենք ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հարաբերակցության վերաբերյալ ռուսական կողմի բազմիցս հնչեցրած մեկնաբանության հետ: Տվյալ մոտեցումն ամրագրված է նաև տարբեր երկրների դատական պրակտիկայում։
Խստորեն հորդորում ենք միջազգային դերակատարներին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջնորդվել բացառապես միջազգային իրավունքի սկզբունքներով և մարդկանց շահերով, ովքեր արդեն շուրջ 8 ամիս է գտնվում են հումանիտար աղետի եզրին և էթնիկ զտումների աճող սպառնալիքի տակ»,-նշված է հաղորդագրության մեջ։
17:35 13.05.2025
Ֆլիկն ու «Բարսելոնան» նոր պայմանագիր են համաձայնեցրել«Բարսելոնան» գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի հետ նոր պայմանագիր է համաձայնեցրել, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: Պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի այն ժամանակ, երբ «Բարսելոնան» ապահոված լինի Լա լիգայի չեմպիոնությունը: «Բարսելոնան» Ֆլիկի գլխավորությամբ առաջին մրցաշրջանում նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը և գավաթը: Իսպանիայի առաջնության ավարտից երեք տուր առաջ էլ «Բարսելոնան» […] ...
17:29 13.05.2025
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանի գլխավորած պատվիրակությանըՄայիսի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր էմիրաթական «Royal Investment Bureau» ընկերության ղեկավար կազմը։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ձևավորված սերտ տնտեսական […] ...
17:24 13.05.2025
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ու զեկույցըԽորհրդարանը մայիսի 13-ի նիստում քննարկում է 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը: Այն ներկայացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Անդրադառնալով ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման […] ...
17:19 13.05.2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության գծով խորհրդականի հետՄայիսի 13-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ընդգծվել է տնտեսական համագործակցության խորացման ընթացքը և անվտանգության ոլորտի ընթացիկ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև միջազգային և […] ...
17:14 13.05.2025
Վանաձորցի տղամարդը ձերբակալվել է թմրանյութ պահելու կասկածանքովՀամայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մայիսի 9-ին ձերբակալել և «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել Վանաձոր քաղաքի բնակիչ 37-ամյա տղամարդու: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ»-ի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել են ընդհանուր 9 գրամից ավելի դեղնակաչավուն զանգվածներ և մոխրացած հետքերով […] ...
17:09 13.05.2025
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններըՄայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել համագործակցությանը նոր թափ հաղորդել՝ երկու երկրներում պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելով: Անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային […] ...