Նիկոլ Փաշինյանը և Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հանդես են եկել հայտարարություններով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+31.09 oC

Նիկոլ Փաշինյանը և Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հանդես են եկել հայտարարություններով

17:18 05.03.2024

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Եգիպտոսի նախագահն իր խոսքում նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյան,
Հարգելի ներկաներ և հյուրեր,

Նախևառաջ՝ ցանկանում եմ իմ ուրախությունը հայտնել բարեկամ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետին և նրա պատվիրակությանը հյուրընկալելու առթիվ, ինչը հաստատում է երկու կողմերի հետաքրքրությունն ու վճռականությունը` համագործակցության զարգացման և ամրապնդման ճանապարհին: Այդ համագործակցությունը կիրացնի երկու ժողովուրդների շահերը՝ նաև հենվելով պատմական երկարամյա հարաբերությունների վրա, որոնք կապում են երկու երկրներին:

Հազարավոր հայեր ապրել են Եգիպտոսում և իրենց նպաստը բերել եգիպտական հասարակության զարգացման մեջ տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և արվեստի։

Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ այսօր մեր կողմից անցկացրած բանակցությունները հաստատել են երկու երկրների սպասումները, որպեսզի ավելացնենք առևտրաշրջանառության ծավալները, ինչպես նաև ուժեղացնենք ներդրումային գործոնը երկու կողմերի միջև, ինչը կհամապատասխանի երկու երկրների միջև առկա քաղաքական հարաբերությունների մակարդակին։ Համագործակցությունը կարող է զարգանալ նոր ոլորտներում ևս, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, սննդային և դեղագործական արդյունաբերության։ Նաև այսօրվա խորհրդակցությունների ընթացքում հաստատել ենք եգիպտական փորձի փոխանակման պատրաստակամությունը` ենթակառուցվածքների, շինարարության, տրանսպորտի և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում: Ինչպես նաև մենք օգուտ կքաղենք հայկական փորձից, կոնկրետ հայկական այն ընկերություններից, որոնք աչքի են ընկնում արհեստական բանականության ոլորտում։

Քննարկումների ընթացքում առանձնահատուկ կերպով ընդգծվել է տնտեսական և տեխնիկական համագործակցության ոլորտում երկկողմ հանձնաժողովների համատեղ նիստերի կիրառման անհրաժեշտությունը:

Հարգարժան պարոնայք և հյուրեր,

Ես մեծարգո վարչապետին ներկայացել եմ այն ջանքերը, որոնք Եգիպտոսը գործադրում է Գազայի օկուպացված հատվածում, ինչպես նաև արևմտյան ափում հրադադարի հասնելու համար, որով հնարավորություն կստեղծվի պաղեստինյան հիմնահարցում ինքնավար Պաղեստինի Հանրապետության ձևավորմանը 1967 թվականի հունիսի 4-ի սահմանագծի հիման վրա և նրա մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմը: Անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն հաստատել` պատերազմի և ավերածությունների փոխարեն: Ինչպես նաև այս բանակցությունների ընթացքում հաստատել ենք Եգիպտոսի աջակցությունը ցանկացած նախաձեռնությունների, որոնք ձգտում են խաղաղության և կայունության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Մենք մեր ամբողջական աջակցությունն ենք հայտնում երկխոսությանը և բանակցային պրոցեսին` ձգտելով համապարփակ, արդարացի խաղաղության հաստատմանը: Սա կստեղծի նոր փուլ` աճի և զարգացման, ինչը կծառայի տարածաշրջանի ժողովուրդների շահերին:

Խոսքիս վերջում ցանկանում եմ կրկին ողջունել Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետի այցը Եգիպտոս: Ես իմ հույսն եմ հայտնում, որ այս այցով կլինի շատ կարևոր քայլ, որպեսզի երկու բարեկամ երկրների միջև բոլոր ոլորտներում ամրապնդվի և հզորանա համատեղ համագործակցությունը, ինչը կհարստացնի հարաբերությունները և պատմական կապերը, որոնք համախմբում են երկու երկրների ժողովուրդներին: Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ»:

Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է.

«Ձերդ Գերազանցություն, Եգիպտոսի Արաբական Հանրապետության մեծարգո նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսի,

Հարգելի ներկաներ,
Տիկնայք և պարոնայք,

Նախևառաջ՝ ցանկանում եմ անկեղծ երախտագիտությունս հայտնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության մեծարգո նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիին` Եգիպտոս պաշտոնական այց կատարելու հրավերի, ինչպես նաև ինձ և իմ գլխավորած պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար։
Եգիպտոսը Միջին Արևելքում Հայաստանի առանցքային գործընկերներից է, և ես բարձր եմ գնահատում հանդիպման այս հնարավորությունը: Մեր երկրների բարձրագույն քաղաքական ղեկավարության միջև շփումների պարբերականությունը, փոխշահավետ բազմաոլորտ համագործակցությունը ոչ միայն վկայությունն են մեր երկրների միջև ջերմ հարաբերությունների, այլև ապագային ուղղված համատեղ տեսլականի մասին են վկայում:

Պայմանավորված Հարավային Կովկասում և Միջին Արևելքում ստեղծված լարվածությամբ ու ծավալվող գործընթացներով՝ նախագահ աս-Սիսիի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել ենք անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերի, ինչպես նաև, համապատասխանաբար, Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի և Եգիպտոսի ջանքերին։ Կարևորելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային գործընկերների աջակցությունը՝ նախագահ աս-Սիսիին հայտնել եմ Հայաստանի բարձր գնահատանքն այդ հարցում Եգիպտոսի որդեգրած հավասարակշռված և կառուցողական դիրքորոշման համար:

Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի կառավարության պատրաստակամությունը՝ կարգավորելու հարաբերությունները՝ հիմք ընդունելով երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը և սահմանազատման գործընթացի իրականացումը՝ համաձայն 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի։ Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի կայունության համար առանցքային է նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման և փոխադարձության, հավասարության սկզբունքների հիման վրա։ Այս առնչությամբ մենք մշակել և ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի կյանքի կոչումը կարող է լիովին փոխել իրավիճակը տարածաշրջանում և փոխշահավետ համագործակցություն հաստատել՝ կապելով Արևելքն Արևմուտքին և Հյուսիսը Հարավին։

Պարոն նախագահ,

Հայաստանը ցավում է Գազայում ռազմական գործողությունների սրման հետևանքով տասնյակ հազարավոր անմեղ զոհերի փաստի կապակցությամբ: Մենք ինքներս վերապրել ենք քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ հարձակումների արհավիրքը և միանում ենք Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին: Այս հարցում բարձր ենք գնահատում Եգիպտոսի կողմից իրականացվող քայլերը՝ մարդասիրական օգնության անխափան մուտքը Գազա ապահովելու, վիրավոր պաղեստինցիներին ընդունելու և օտարերկրացիներին տարհանելու հարցերում։ Մենք նաև քննարկեցինք և Եգիպտոսի մեր գործընկերների աջակցության ու խորհրդատվության կարիքը ունենք` մեր կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված, և շնորհակալություն նախագահ աս-Սիիսին` այս հարցում օգնության պատրաստակամության համար: Արտգործնախարարներն այս հարցով կզբաղվեն: Ինչ վերաբերում է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, ապա Հայաստանը մշտապես աջակցել է միջազգային հանրության կողմից որդեգրած «երկու պետությունների» սկզբունքին։

Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ այսօր Հայաստանը և Եգիպտոսն արդյունավետ համագործակցում են քաղաքական, տնտեսական, գիտական, բարձր տեխնոլոգիաների, կրթական, մշակութային, զբոսաշրջային և այլ բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն է ձևավորվել նաև մի շարք բազմակողմ հարթակներում։ Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է նաև իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում և երկխոսության մեջ:

Չեմ կարող չնշել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններում առանձնահատուկ դերակատարություն ունի եգիպտահայ համայնքը, որը դարեր շարունակ իր նպաստն է բերում ինչպես Եգիպտոսի զարգացմանը, այնպես էլ՝ այսօր մեր երկրների միջև կապերի ամրապնդմանը։ Այս առնչությամբ հատուկ շնորհակալություն պետք է հայտնեմ այն հոգատարության համար, որը պետական մակարդակով մշտապես վայելել են ու շարունակում են վայելել Եգիպտոսում բնակվող մեր հայրենակիցները։

Մեծարգո նախագահ,

Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ եգիպտացի ներդրողների հետաքրքրության աճը. եգիպտական հայտնի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ են այցելել մեր երկիր՝ տեղում ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով։ Հուսով եմ, որ այս այցի շրջանակում եգիպտացի գործարարների հետ կայանալիք հանդիպմանը ևս լրացուցիչ խթան կհաղորդենք տնտեսական հարաբերություններին:

Ներկայումս առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվում են գործնական քայլեր։ Ընթացիկ տարում նախատեսվում է անցկացնել Հայաuտանի Հանրապետության և Եգիպտոuի Արաբական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, որի շրջանակում կգումարվի նաև գործարար համաժողով։ Տարվա ընթացքում ակնկալվում է ևս երկու ոլորտային գործարար համաժողովների անցկացում։ Հայաստանի կառավարությունը կխրախուսի հայաստանցի գործարարներին՝ մասնակցելու Կահիրեում կայանալիք նշյալ համաժողովներին։

Երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը։ Մեր քաղաքացիների համար Եգիպտոսը տարիներ շարունակ հանդիսանում է հանգստի նախընտրելի ուղղություններից մեկը, և տարեցտարի մեր զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճում է։

Մեծարգո նախագահ աս-Սիսի,

Ամփոփելով խոսքս՝ վերստին ցանկանում եմ ընդգծել վերջին երկու տարիներին բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությունը և մեր պետություններին մաղթել ամուր փոխհարաբերություններ և նոր ձեռքբերումներ համատեղ աշխատանքում՝ հանուն մեր ժողովուրդների բարօրության։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ջերմ հյուրընկալության համար։ Շնորհակալ եմ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին

15:22 12.06.2025

Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին

ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին, որն այս ձևաչափով Հնդկաստանի և Ֆրանսիայի գործընկերների կողմից կազմակերպվում է առաջին անգամ։ Նախարար Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը համատեղ կմասնակցեն պանելային քննարկման՝ «Հաջորդ հատուկ հարաբերությունները՝ Հնդա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Եվրոպայի միջև ռազմավարական գործընկերության խորացումը» խորագրի ներքո: ...

Ջենարո Գատուզոն կարող է դառնալ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

15:07 12.06.2025

Ջենարո Գատուզոն կարող է դառնալ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն կարող է դառնալ Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Հունիսի 8-ին Լուչիանո Սպալետին հայտարարել էր Իտալիայի հավաքականից հեռանալու մասին։ Հաղորդվում էր, որ նրան կարող են փոխարինել Կլաուդիո Ռանիերին և Ստեֆանո Պիոլին, սակայն երկու մասնագետներն էլ մերժել են առաջարկները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 47-ամյա Գատուզոն այժմ դարձել է գլխավոր թեկնածուն։ Իտալիայի […] ...

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները ծանոթացել են Տավուշի մարզի հուշարձանների վերականգնման ընթացքին

14:00 12.06.2025

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները ծանոթացել են Տավուշի մարզի հուշարձանների վերականգնման ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Ներկա են եղել նաև շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու (տեղական նշանակության նորահայտ հուշարձան) տարածքում աշխատակիցները դիտարկել են ընթացիկ աշխատանքները` ներկայացնելով որոշ դիտողություններ: Սրվեղ վանական համալիրի տարածքում (հանրապետական նշանակության […] ...

Աշոցքի ոստիկանները հայտնաբերել են Լեհաստանի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողի

13:50 12.06.2025

Աշոցքի ոստիկանները հայտնաբերել են Լեհաստանի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողի

Հունիսի 10-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Աշոցքի բաժին է ներկայացվել օտարերկրյա 36-ամյա մի քաղաքացի, որը 2021 թվականի փետրվարի 12-ից Լեհաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո։ ...

Կհաստատվեն շուրջ 7 միլիոն եվրո բյուջեով ծրագրեր. ՆԳ նախարարը հանդիպել է ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատարի հետ

13:42 12.06.2025

Կհաստատվեն շուրջ 7 միլիոն եվրո բյուջեով ծրագրեր. ՆԳ նախարարը հանդիպել է ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատարի հետ

Հունիսի 10-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատար Մարտա Կոսի հետ։ Մարտա Կոսը բարձր է գնահատել ձևավորված երկկողմ սերտ հարաբերությունները, ընդգծել՝ Հայաստանի հուսալի գործընկեր լինելու փաստը։ Նա շնորհակալություն է հայտնել նախարար Սարգսյանին ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցության գործում ներդրման համար։ Այս համատեքստում քննարկվել են համագործակցությունն առավել ընդլայնելուն վերաբերող հարցեր։ Մարտա Կոսը […] ...

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի

13:30 12.06.2025

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հայտնաբերել են ծանր հանցանքի մեղադրանքով հետախուզվողի

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացվել Մասիս քաղաքի 28-ամյա մի բնակիչ։ Նա 2024 թվականի դեկտեմբերի 3-ից Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

BACK_TO_TOP