Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+9.91 oC

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին

17:50 24.01.2025

Սահմանադրությամբ նախատեսված հնարավորությամբ ձեւավորվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել օրենքի նախագծի քաղաքացիական նախաձեռնությամբ: Այս մասին ասել է նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 24-ի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը:

Նիստին ներկա են եղել նաեւ նախաձեռնող խմբի անդամներ:

«52 հոգի ձեւավորել են նախաձեռնող խումբը, որը հաստատվել է նոտարի կողմից: Օրենքով սահմանված ժամկետում նախաձեռնող խումբը հավաքել է 60 հազար ստորագրություն «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի տակ»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած բարեկեցիկ երկիր, հռչակում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը:

Արտակ Զեյնալյանը նշել է, որ ստորագրությունների իսկությունը հաստատել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ստորագրությունները հավաքվել են հանրապետության համայնքների մեկ քառորդ մասից:

Ներկայացնելով նախագծի հիմնավորումները՝ Արտակ Զեյնալյանը նշել է՝ օրենքի նախագծի ընդունման նպատակն առաջադեմ, քաղաքակիրթ, զարգացած մարդկության ընտանիքին անդամակցելու՝ Հայաստանի ժողովրդի, նրա ներկա իշխանության կամքի, վճռականության ամրագրումն է:

Ըստ զեկուցողի՝ «Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը՝ ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, կնպաստի Հայաստանի ազգային անվտանգության ապահովման հնարավորությունների մեծացմանը, պետության ազգային բանակի համապատասխանեցմանը ԵՄ անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին:

Նախաձեռնող խմբի համոզմամբ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի նաեւ մարդու իրավունքների շարունակական զարգացմանը եւ պաշտպանությանը, տնտեսական անվտանգության մեխանիզմների ստեղծմանը՝ գործող մենաշնորհների վերացմամբ, տնտեսության բազմազանեցմամբ, արտադրողականության եւ ապրանքների ու ծառայությունների որակի բարձրացմամբ, որը հնարավոր է միայն Արեւմուտքի եւ ԵՄ-ի հետ համագործակցությամբ, ներդրումներին ու տեխնոլոգիաներին հասանելիության ապահովմամբ, արդյունաբերության վերագործարկմամբ, տնտեսության կառուցվածքի փոփոխությամբ եւ ռեալ հատվածի մասնաբաժնի մեծացմամբ, լոգիստիկ նոր կապերի ստեղծմամբ, հայկական արտադրանքը եվրոպական շուկայում մրցունակ դարձնելով:

ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչությունը նախագիծը ենթարկել է իրավական, ֆինանսատնտեսագիտական եւ սոցիալական փորձաքննության՝ տալով եզրակացություն՝ նշելով, որ նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցելու օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համապատասխանության տեսանկյունից:

Առաջարկ է ներկայացրել Կառավարությունը: Առաջարկվել է տեքստում առկա «հռչակում է» արտահայտությունը փոխարինել «հայտարարում է» արտահայտությամբ, որն ընդունվել է:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված նախագիծը համահունչ է վերջին տարիների Հայաստանի եւ ԵՄ ու ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացման դինամիկային, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին: Ըստ նախարարի տեղակալի՝ այն համապատասխանում է նաեւ Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների ծրագրում ամրագրված ԵՄ եւ ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացման հանձնառությանը: Նախարարի տեղակալի խոսքով ԵՄ-ն արտահայտել է իր քաղաքական աջակցությունը Հայաստանի ղեկավարությանը: Հայաստան-ԵՄ մերձեցման համատեքստում քայլեր են ձեռնարկվել ոլորտային համագործակցության խորացման եւ ընդլայնման հնարավորություններն իրացնելու ուղղությամբ, նշանակալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը: Հարակից զեկուցողի ներկայացմամբ ներկայում բանակցություններ են ընթանում Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ: Հայաստան-ԵՄ փոխգործակցության շրջանակը համալրվել է նոր ուղղություններով, այդ թվում՝ անվտանգային եւ պաշտպանական: Գործընկերության նոր օրակարգը ներառում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, ազատությանը, շարժունակությանը, տնտեսական եւ ոլորտային համագործակցությանը: Հայաստանը մեծապես կարեւորում եւ համագործակցում է ԵՄ հետ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ դրա ճանապարհային քարտեզի ամբողջական կիրառման ուղղությամբ:

Առաջնային կարեւորության հարցերի շարքում նախարարի տեղակալը գնահատելի է համարել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը, Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Նշվել է, որ ԵՄ-ն շարունակելու է հանդիսանալ Հայաստանում զարգացման համագործակցության խոշորագույն դոնորն ու իրականացվող բարեփոխումների հիմնական աջակիցը: ՀՀ ԱԳ նախարարությունն առաջարկել է դրական եզրակացության արժանացնել ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախաձեռնությունը:

Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, ներկայացրել պարզաբանումներ գործընթացի վերաբերյալ: Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին՝ նախարարի տեղակալը նշել է, որ բարդ է կանխորոշել համակարգը ներդնելու ժամկետները, քանի որ տարբեր երկրներում այն տարբեր է եղել:

Ելույթներում մասնակիցները կարեւորել են օրինագծի քննարկումը՝ նշելով, որ այս ընտրությունն արժեքային, քաղաքակրթական եւ աշխարհաքաղաքական է: Ընդգծվել է օրինագծին հավանություն տալու անհրաժեշտությունը: Քաղաքացիական նախաձեռնության, Հայաստան-ԵՄ քաղհասարակության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել գործընթացին աջակցության համար:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը նշել է, որ այսօր խորհրդարանում քննարկվում է մեր պետության 60 հազար քաղաքացու պահանջը:

Հանձնաժողովի անդամ Արմեն Գեւորգյանի դիտարկմամբ պետք է գիտակցել կայացվող որոշումների հնարավոր զարգացումները եւ հետեւանքները:

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, անդրադառնալով հնչած տեսակետներին, նշել է, որ այս ճանապարհը մեր արտաքին քաղաքական բալանսավորման ճանապարհն է:

Եզրափակիչ ելույթում Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար՝ անդրադառնալով հնչած տարբերակված մոտեցումներին, տեսակետներին:

Հանձնաժողովի՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամերը չեն մասնակցել օրենքի նախագծի քվեարկությանը:

Լրամշակված օրինագիծը ստացել է դրական եզրակացություն: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 19.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Արդեն իսկ կատարվել են շուրջ 25.000 քմ աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում

23:55 19.05.2025

Մարդ-վայրի բնություն կոնֆլիկտ. Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում միջոցառում Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում

Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա միջոցառումների շարքում մայիսի 19-ին հերթական հանդիպումն անցկացվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC), որի նպատակն էր ընդգծել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնախնդրի հրատապությունը և վեր հանել համատեղ լուծման հնարավոր ուղիները։  Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Չիլինգարյանը, […] ...

Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

23:52 19.05.2025

Հայտնաբերվել է 370 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Մայիսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5297 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 156, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 340, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 860, առանց […] ...

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով

23:50 19.05.2025

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով

Գյումրիում կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող ընկերությունը Կառավարության աջակցությամբ վերազինվել է ժամանակակից սարքավորումներով. հոսքագծերը ձեռք են բերվել պետական լիզինգի ծրագրով: Գյումրիում արտադրվածը սպառվում է ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում է: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում է

23:45 19.05.2025

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Էստոնիայում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում հայկական պատվիրակությունը մասնակցել է Տարտուի համալսարանի թանգարանում Խաչատուր Աբովյանին նվիրված ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Խ. Աբովյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ: Ցուցադրությանը Տարտուի համալսարանի գրադարանի պահոցներից ներկայացվել է Խաչատուր Աբովյանի նվիրաբերած 13-րդ […] ...

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

23:39 19.05.2025

Անահիտ Ավանեսյանը պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է պատասխանել Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 5: 50 Ապահովագրության ներդրումից հետո արդյո՞ք քաղաքացին ինքն է ընտրելու` որ բժշկական կենտրոնում սպասարկվի: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP