13:09 18.03.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը հաստատել է Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը: Հիմնավորման համաձայն՝ պետության կարևորագույն խնդիրներից է ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման ապահովումը՝ սոցիալական, զբաղվածության, կրթական, մշակութային և տնտեսական ծրագրերի և միջոցառումների ամբողջության միջոցով։ Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է զինվորական կապով հաշմանդամություն ունեցող 9022 անձ, որոնց 79 տոկոսը աշխատանքային տարիքի են: 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում վիրավորում ստացած 472 անձի սահմանվել է հաշմանդամություն, այդ թվում՝ 70 անձի 1-ին խումբ, 147 անձի՝ 2-րդ խումբ, 255 անձի՝ 3-խումբ։
Ծրագրի խնդիրներն են՝ զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց կարիքների գնահատման ապահովում բազմամասնագիտական թիմի կողմից, գնահատված կարիքների հիման վրա հասցեական և համալիր ծառայությունների մատուցում, անկախ կյանքի և համայնքում ներառվելու, զբաղվածության ապահովման գործուն մեխանիզմների ներդնում և այլն: Ծրագրով սահմանված նպատակներին հասնելու նպատակով նախատեսվում է սոցիալական ծառայությունների մատուցում, որն ընդգրկում է կարիքների գնահատում, անհատական սոցիալական ծրագրի մշակում, սոցիալական դեպքի վարում, շահառուի անկախ կյանքի հմտությունների ձևավորում, այդ թվում՝ ինքնախնամքի, ֆինանսների կառավարման, առօրյա կենսական հմտությունների, սննդի պատրաստման դասընթացներ, անձնական օգնականի ծառայություն, ուղեկցողի (հետևողի) ծառայություն, խնամքի կազմակերպման դասընթաց և խորհրդատվություն ընտանիքին, հոգեբանի խորհրդատվություն, սոցիալ-հոգեբանական աշխատանք շահառուի և նրա ընտանիքի անդամների հետ և այլն: Ծրագրով նախատեսված են նաև զբաղվածության ապահովման ծառայություններ, մասնավորապես՝ աշխատանք փնտրողներին խորհրդատվության տրամադրում և մենթորինգ, շահառուի ունակությունների, նախասիրությունների, կարողությունների, անձնային որակների բացահայտում, շահառուի մասնագիտական կոմպետենտության որոշարկում, կարողությունների գնահատում, կարիերայի անհատական ծրագրի կազմում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ միջազգային լավագույն փորձի հիման վրա նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ, որտեղ ծառայություններ կմատուցվեն պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց: «Կենտրոններում կիրականացվեն այդ անձանց ինքնուրույն կենցավարման ծրագրեր, անձնական օգնականի ծառայություններ, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման ծառայություններ: Առաջին փուլով այդ կենտրոնները նախատեսվում է ստեղծել 6 մարզերում, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց թիվը մի փոքր ավելի մեծ է: Այս պահին հիմնական ծառայությունները մատուցվում են Երևանում, ուստի Երևանից ավելին հեռու գտնվող մարզերում կստեղծվեն այդ կենտրոնները, որպեսզի հնարավորություն ունենանք ապահովել համաչափ հասանելիություն»,-ասել է նախարարը:
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է պատերազմի հետևանքով ստորին վերջույթների պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող բոլոր զինվորներին ժամանակակից ամենաբարձր չափանիշներին համապատասխանող պրոթեզներով ապահովելու գործընթացից: Ի պատասխան Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ գործընթացի առաջին փուլն արդեն ամփոփվել է: «Պրոթեզավորման կարիք ունեցող անձանց կարիքների համալիր գնահատում ենք իրականացրել՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Ընդ որում, բացի առողջապահական խնդիրների գնահատումից, իրականացվել է նաև նրանց միջավայրի, մասնավորապես՝ կենցաղային, տնային պայմանների գնահատում: Շատ հաճախ առկա տնային որոշակի սահմանափակումները հնարավորություն չեն տալիս նույնիսկ պրոթեզի պարագայում լիարժեք ինտեգրվել, հետևաբար՝ այս պահին այդ գնահատումն իրականացվել է: Միջազգային պրոթեզարանների հետ, մասնավորապես՝ եվրոպական և ամերիկյան, արդեն ունենք պայմանավորվածություններ, որտեղից ձեռք են բերվելու բոլոր անձանց համար միջազգային չափանիշներին համապատասխան բազմաֆունկցիոնալ պրոթեզներ: Առաջիկայում արդեն խումբ առ խումբ այդ պրոթեզավորումը կիրականացվի: Զուգահեռ կիրականացվի նաև տնային պայմանների հարմարեցումը, որպեսզի սահմանափակումները հնարավորինս նվազ լինեն»,- ասել է նախարարը:
Կկանոնակարգվի Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի իրականացումը
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի իրականացման կարգավորման անհրաժեշտությունից ելնելով։ Փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Սևանա լճում արդյունագործական նպատակներով որսի իրականացման գործընթացն առավել կանոնակարգված իրականացնելու հանգամանքով։ Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման ժամային գրաֆիկի հաստատման լիազորությունը լիազոր մարմնին վերապահելը միտված է որսի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու, ինչպես նաև ձկնորսների անվտանգության ապահովման պահանջից։ Համաձայն ԳԱԱ 2020 թվականի հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմում է 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը մոտ 586,2 տոննա է: Ինչպես նշել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, 2021 թվականի համար փորձարարական որսի երկրորդ փուլի շրջանակում սահմանվել է առավելագույնը 250 տոննա չափաքանակ:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շատ հաճելի է արձանագրել, որ ի վերջո Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների և կառավարության համագործակցության կոնկրետ կանոններ և հարթակ է ձևավորվել: Իհարկե, վերջին ամիսների փորձից ելնելով չենք կարող ասել, որ այդ համագործակցությունը կատարյալ է, բայց գործընթացը սկսվել է: Մենք անշեղորեն գնալու ենք կանոնակարգման ճանապարհով, որը ձեռնտու է լինելու առաջին հերթին Սևանա լճի խելամիտ շահագործմամբ հետաքրքրված մեր քաղաքացիներին: Ուզում եմ կրկնել այն միտքը, որ Սևանա լճում ձկան պաշարների բնականոն վերարտադրումը և զարգացումը ապահովելու համար կառավարության ձեռնարկած միջոցները կառավարության անդամների համար չեն նախատեսված: Ի վերջո, այս գործողություններն առաջին հերթին միտված են Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների բնականոն գործունեությունը և ոլորտի զարգացումը ապահովելու համար: Շատ կարևոր է, որ մենք առաջընթաց ունենք: Շատ կարևոր է արձանագրել նաև, որ այս տարի մենք հիմա Սևանա լճի մակարդակի աննախադեպ աճ ունենք»:
Արձագանքելով՝ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ այսօրվա դրությամբ նախորդ տարվա մարտի 18-ի հետ համեմատած լճի մակարդակի 15 սմ բարձր է: «Ընդհանրապես առավելագույն նիշը հունիս-հուլիս ամիսներին է արձանագրվում, բայց այս տարվա կանխատեսումով կարող եմ ասել, որ վերջին տասնամյակների համեմատ աննախադեպ նիշ ենք ունենալու, հասնելու ենք 1901 մետր նիշի մակարդակին: Կարող եմ նաև մատնանշել, որ դա նաև արդյունք է Արփա-Սևան ջրատարով, թունելով աննախադեպ քանակի ջրի ներհոսքի դեպի Սևանա լիճ, ինչպես նաև ոռոգման նպատակով, ոռոգման սեզոնին կանոնակարգված և խիստ հսկողության ներքո ջուր բացթողումների, որն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ջրային պետական կոմիտեի և մյուս գերատեսչությունների հետ համագործակցությամբ»,- ասել է նախարարը:
Վարչապետը հետաքրքրվել է ջրային պաշարների, ջրամբարների լցվածության մակարդակով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն տեղեկացրել է, որ այս փուլում ջրամբարների լցվածության մակարդակն առնվազն բավարար կարելի է գնահատել: «Միակ խնդիրը, որ այս պահին կա, դա Ախուրյանի ջրամբարում է՝ պայմանավորված հարևան երկրում ջրամբարների կառուցմամբ և ջրի ծավալների օգտագործմամբ: Բայց միևնույն ժամանակ պետք է նշենք, որ ձնհալը հիմնականում տեղի չի ունեցել, ձյան պաշարները բավականին շատ են: Կանխատեսումներն այնպիսին են, որ, ըստ էության, ջրի խնդիր այս տարի որպես այդպիսին քիչ կունենանք»,- ասել է ՏԿԵ նախարարը:
Կառավարության ղեկավարը այդ հարցում ընդգծել է ջրային պաշարների պատշաճ կառավարման ապահովումը: «Կարևոր է նաև, որ այն պատշաճ ձևով հասնի գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցներին: Համենայնդեպս գյուղատնտեսական տարվա ազդակներն այս պահի դրությամբ բավականին լավն են և պետք է նաև ծրագրերը հասցեական և արդյունավետ իրականացնենք: Հիշեցնեմ, որ նախորդ տարի մեր տնտեսության միակ ճյուղը, որ, ըստ էության, աճ է գրանցել՝ գյուղատնտեսությունն է եղել, և պետք է այս տեմպն անպայման պահել, որպեսզի ոլորտում նախանշվող դրական զարգացումները կարողանանք պահպանել և զարգացնել»,- Նիկոլ Փաշինյանը:
Կոտայքի մարզում կկառուցվի բնակելի թաղամաս. կիրականացվի ավելի քան 11 մլրդ դրամի ներդրում
Գործադիրը հավանություն է տվել «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի Զովունի բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրին և համաձայնություն առաջարկությանը՝ Եղվարդ համայնքի սեփականությունը հանդիսացող 3,3274 հա հողամասն ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով օտարման վերաբերյալ: Հիմնավորման համաձայն՝ հողամասը ներկայումս գտնվում է անբարեկարգ և աղտոտված վիճակում և համայնքային ծրագրերի շրջանակում հողամասի օգտագործում այլ նպատակով նախատեսված չէ և արդյունավետ օգտագործման համար այդտեղ նպատակահարմար է իրականացնել բնակելի թաղամասի կառուցման ծրագիր՝ ապահովելով բարեկարգ ու համահունչ միջավայրի առկայությունը: Զովունի բնակավայրում նախատեսվում է իրականացնել ավելի քան 11 մլրդ 898 մլն դրամի ներդրում: Ընկերությունն իրականացնելու է նաև դպրոցի, մանկապարտեզի և/կամ խաղահրապարակի՝ սահմանված կարգով փորձաքննություն անցած առնվազն 50 մլն դրամի նախահաշվային արժեքով վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ և արդյունքը նվիրելու է Եղվարդ համայնքին: Ամբողջ շինարարության ընթացքում կաշխատի մոտ 200-250 մարդ, իսկ թաղամասի շինարարությունը ավարտելուց հետո 35-40 մարդ կաշխատի թաղամասի սպասարկման ոլորտում: ՀՀ պետբյուջե կմուտքագրվի ընդհանուրը շուրջ 1.6-2.7 մլրդ դրամի հարկեր: Թաղամասը նախատեսվում է շահագործման հանձնել 5 տարվա ընթացքում:
23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:52 08.05.2025
Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համարՄիացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...