Ռուստամ Բադասյանը պատասխանել է Դավիթ Հարությունյանի փաստարկներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+36.09 oC

Ռուստամ Բադասյանը պատասխանել է Դավիթ Հարությունյանի փաստարկներին

22:43 13.12.2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մասին արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկումներին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, դեկտեմբերի 11-ին անդրադառնալով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, չորս կետով իր դիտարկումներն էր ներկայացրել իմ կողմից նախկինում հայտարարված մի շարք փաստարկների վերաբերյալ: Խորապես հարգելով նման ձևաչափով մասնագիտական նկատառումներ ներկայացնելու մոտեցումը՝ ներկայացնեմ նաև իմ հակափաստարկները՝ ի պատասխան արդարադատության նախկին նախարարի դիտարկումների:

1. Փաստարկ 1-ում բարձրացված հարցի կապակցությամբ պետք է նշել, որ արդարադատության նախարարությունը երբևէ չի նույնացրել գործող «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված վաղ կենսաթոշակի մոդելը առաջարկվող տարբերակի հետ և մի շարք դեպքերում շեշտել է դրանց տարբերությունները: Գործող վաղ կենսաթոշակի համակարգի վկայակոչումը նպատակ է հետապնդել միայն մատնանշել, որ մեր օրենսդրությամբ արդեն իսկ առկա է վաղ կենսաթոշակի համակարգ, որի առհասարակ գոյության հնարավորությունը մի շարք անձանց կողմից կասկածի տակ էր դրվում: Հատկանշական է, որ հենց պարոն Հարությունյանը իր տեքստում (Փաստարկ 1, երրորդ պարբերություն, երկրորդ նախադասություն) գործող հնարավորությունը անվանում է «վաղ կենսաթոշակ»: Պարոն Հարությունյանը նշել է, որ տրամաբանական է վաղ կենսաթոշակի իրավունք տալ միայն առնվազն 12 տարի պաշտոնավարած դատավորներին, ինչը «արդարացված է ՍԴ դատավորների կարգավիճակի միասնականացման տեսանկյունից, քանի որ 2015թ․ սահմանադրական փոփոխություններից հետո ընտրված ՍԴ դատավորների պաշտոնավարման առավելագույն ժամկետը 12 տարի է»: Այս դիտարկումը ևս մեկ անգամ հիմնավորում է 2015թ․ սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանի նոր մոդելի կյանքի կոչման անհրաժեշտությունը, քանի որ հենց պարոն Հարությունյանը ինքը գործող վաղ կենսաթոշակի համակարգը հիմնավորում է սահմանադրական փոփոխություններից հետո ՍԴ դատավորի կարգավիճակը միասնակացնելու պահանջով: Մեր կողմից առաջարկվող հնարավորությունը ևս մեկ գործիք է Սահմանադրական դատարանը դարձնելու այնպիսին, ինչպիսին 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված է՝ հաշվի առնելով ինչպես դատավորների պաշտոնավարման տարիքի տարբերությունները, այնպես էլ ընտրման մեխանիզմը և այլն: Բացի այդ նշվել է, որ Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակի տարբերակումը՝ ըստ հին ու նոր դատավորների, հակասում է Վենետիկի հանձնաժողովի մոտեցմանը, որտեղ հստակ արձանագրված է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից՝ նրանք նշանակվել են Սահմանադրության 2015թ․ փոփոխությունները ուժի մեջ մտնելուց առաջ, թե հետո, պետք է օգտվեն միևնույն կարգավիճակից (հանձնաժողովի կարծիքի 60-րդ կետ 1-ին նախադասություն): Մինչդեռ, Վենետիկի հանձնաժողովի եզրակացության 60-րդ կետի բառացի շարադրանքն է.

«Նախ և առաջ Վենետիկի հանձնաժողովը շեշտադրում է, որ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները պետք է ունենան միևնույն կարգավիճակը՝ անկախ նրանից՝ նշանակվել են մինչև Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունները, թե դրանից հետո: Ինչ վերաբերում է մինչև 2015 թվականը նշանակված դատավորների վաղ կենսաթոշակի համակարգին, Վենետիկի հանձնաժողովը նախկինում քննադատել էր վաղաժամկետ կենսաթոշակային համակարգերը, երբ դրանք պարտադիր էին, կամ երբ նրանք ազդում էին մեծ թվով դատավորների վրա: Սակայն, այս քննադատությունը չի կարող տարածվել այն դեպքերի վրա, երբ հրաժարականը կապված է Սահմանադրական դատարանի դատավորների կամավոր որոշման հետ:»: Այսպիսով՝ կարելի է եզրահանգել, որ Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների միևնույն կարգավիճակ ունենալը, իսկ վաղ կենսաթոշակի համակարգը ակնհայտորեն քննարկվում է մինչև Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունները նշանակված դատավորների համատեքստում: Գործող վաղ կենսաթոշակի համակարգի և առաջարկվող տարբերակի միջև ստացվող գումարների տարբերությունների մասին փաստարկը որևէ կերպ չի հերքվել, ավելին ընդգծվել է իմ կողմից Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելիս:

2. Փաստարկ 2-ում նշված դրույթները տրամաբանական հակասության մեջ են Փաստարկ 1-ում ներկայացված այն մտքին, որ ՍԴ դատավորների կարգավիճակի միասնականացման տեսանկյունից արդարացված է վաղ կենսաթոշակի գործող համակարգը (առնվազն 12 տարի պաշտոնավարած դատավորների համար): Եթե սահմանադիրը գիտակցաբար ելել է այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանի նոր մոդելը պետք է կյանքի կոչվի աստիճանաբար, ժամանակի ընթացքում, ինչպես պնդում է պարոն Հարությունյանը, և յուրաքանչյուր օրենքի կարգավորում, որը նպաստում է ավելի արագ կյանքի կոչվելուն հակասահմանադրական է և անթույլատրելի, ապա առնվազն նման գնահատականներ պետք է հնչեն նաև գործող «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված վաղ կենսաթոշակի նկատմամբ, ինչը, սակայն, որակվել է որպես «տրամաբանական և արդարացված»: Բացի այդ, անհասկանալի է նաև այն հիմնավորումը, որ Սահմանադրական դատարանի նոր մոդելը պետք է կյանքի կոչվի աստիճանաբար, ժամանակի ընթացքում, որպեսզի հնարավոր չլինի ամբողջ ՍԴ կազմը ձևավորել միանգամից և միայն մեկ գերակա քաղաքական ուժի կողմից։ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ ՍԴ դատավորները ընտրվում են Հանրապետության նախագահի, Կառավարության և դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջարկած թեկնածուներից՝ Ազգային ժողովի կողմից: Առաջադրման այս համակարգը ինքնին ապահովում է թեկնածուների ներկայացումը այնպիսի մարմինների կողմից, որոնք չեն կարող պատկանել մեկ քաղաքական ուժի: 2015թ. փոփոխություններով Սահմանադրության 213-րդ հոդվածի մասին խոսելիս չպետք է մոռանալ նաև, որ այն նախատեսում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների շարունակում այն դեպքում, երբ մնացած բոլոր դատարանների նախագահների համար նախատեսված է նոր ընտրության կարգ:

3. Միջազգային փորձի առնչությամբ նախ հարկ է նշել, որ վկայակոչված երկրներում առկա փորձի մատնանշումը նպատակ է հետապնդել ներկայացնելու վաղ կենսաթոշակի վերաբերյալ առկա կառուցակարգերի տարբեր դրսևորումները, ինչը բազմիցս նշվել է նախագծի հեղինակների կողմից: Հիմնավորումները ներկայացնելիս ներկայացվել է միջազգային պրակտիկայի ամբողջական պատկերը: Այսպես՝ օրինակ Հունգարիայի և Լեհաստանի փորձը առանձնացվել է որպես վաղ կենսաթոշակի հարկադիր կառուցակարգի օրինակ՝ Նախագծի հիմնավորումներում բառացիորեն նշելով հետևյալը. «Դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու՝ Հունգարիայի և Լեհաստանի մոդելները ԵՄ և ԵԽ կառույցների, այդ թվում՝ ՄԻԵԴ կողմից խնդրահարույց են որակվել դատարանների անկախության, դատավորների անփոփոխելիության սկզբունքի խախտման և տարիքի հիմքով խտրականության (Եվրոպական հանձնաժողով) տեսանկյունից:»:

4.  Վկայակոչվել է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության 2007 թվականի զեկույցը՝ նշելով, որ դրանում անկողմնակալ քննադատություն է հնչում Վրաստանում կիրառված այս ռեֆորմների վերաբերյալ՝ դրանք բնութագրվելով որպես մի շարք փորձառու կադրերի ռեզերվ ուղարկելու, երկար ժամանակ դատարանները փորձառու կադրերով համալրել չկարողանալու, դատական համակարգը կառավարության ազդեցության տակ դնելու, իսկ Գերագույն դատարանի պարագայում՝ «դատավորներին սպառնալու միջոցով հրաժարական պարտադրելու» գործընթաց։ Մինչդեռ, հարկ է նշել, որ նշված զեկույցում քննադատության է արժանացել ոչ թե Նախագծի կարգավորումները, այլ այն, որ Նախագծով ամրագրված վաղ կենսաթոշակի կառուցակարգը օգտագործվել է որպես որոշ դատավորներին՝ նրանց լիազորությունները դադարեցնելու և նրանց բոլոր արտոնություններից զրկելու սպառնալու գործիք:

5.Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի կողմից վաղ կենսաթոշակի վերաբերյալ եզրակացությանը՝ նշվել է, որ վաղ կենսաթոշակից օգտվելու հնարավորությունը սահմանափակելով խիստ սեղմ ժամկետով՝ Նախագիծը Վենետիկի հանձնաժողովի կողմից նշված պայմանները դարձրել է ֆիկցիա, մինչդեռ անհրաժեշտ է նշել, որ Վենետիկի հանձնաժողովը վաղ կենսաթոշակի իրացման ժամկետային պայմաններ չի քննարկել և չի անդրադարձել այդ իրավունքի իրացման համար նախատեսված Նախագծի ժամկետին:

Հ.Գ. Անկեղծ մղումներով առաջարկում եմ պարոն Հարությունյանին համագործակցել Արդարադատության նախարարության հետ՝ հատկապես նման կարևոր նախագծերի մշակման աշխատանքների ընթացքում և մասնագիտական առաջարկները ներկայացնել նաև դրանց հանրային քննարկման փուլում»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբեն Ռուբինյանը նշել է, թե ինչ կներառի ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը

13:55 08.08.2025

Ռուբեն Ռուբինյանը նշել է, թե ինչ կներառի ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է – Ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա` այսինքն մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն: […] ...

«Լավագույն ակումբ» մրցանակի հավակնորդները

13:51 08.08.2025

«Լավագույն ակումբ» մրցանակի հավակնորդները

France Football-ը հրապարակել է «Տարվա լավագույն ակումբի» մրցանակի 5 հավակնորդների անունները: «Տարվա լավագույն ակումբ» մրցանակի 5 հավակնորդներից երկուսը ներկայացնում են Մեծ Բրիտանիան։ Հավակնորդները հետևյալն են՝ «Լիվերպուլ» «Բոտաֆոգո» «Չելսի» «Բարսելոնա» ՊՍԺ «Ոսկե գնդակի» շրջանակներում «Տարվա լավագույն ակումբ» մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Փարիզում: ...

CNN. Պենտագոնը մշակում է Ուկրաինային ԱՄՆ զենքի վաճառքի նոր համակարգ

13:51 08.08.2025

CNN. Պենտագոնը մշակում է Ուկրաինային ԱՄՆ զենքի վաճառքի նոր համակարգ

Պենտագոնը ՆԱՏՕ-ի հետ համատեղ մշակում է նոր համակարգ՝ Եվրոպային ամերիկյան զենք վաճառելու համար, որը կարող է փոխանցվել Ուկրաինային, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Պաշտպանության նախարարությունը նաև համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ եվրոպական դաշնակիցներին զենք վաճառելու նոր համակարգ մշակելու ուղղությամբ, որը հետագայում կարող է տրամադրվել Ուկրաինային: Ըստ էության, այս մեխանիզմը կստեղծի ՆԱՏՕ-ի բանկային հաշիվ, […] ...

Ռուբիոն հույս է հայտնել, որ Վաշինգտոնում սկիզբ կդրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին

13:44 08.08.2025

Ռուբիոն հույս է հայտնել, որ Վաշինգտոնում սկիզբ կդրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանն օգոստոսի 8-ին կստորագրեն համաձայնագիր, որը սկիզբ կդնի երկու երկրի միջև խաղաղության համաձայնագրին։ Այս մասին նա հայտնել է EWTN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Նա հանձնառու է լինել խաղաղության նախագահ։ Մենք տեսանք, որ երբ Հնդկաստանն ու Պակիստանը պատերազմի մեջ մտան, մենք ուղղակիորեն ներգրավվեցինք, և նախագահը կարողացավ հասնել […] ...

Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի կողմից Գազայի դեմ ուղղված ծրագրերի վերաբերյալ

13:35 08.08.2025

Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի կողմից Գազայի դեմ ուղղված ծրագրերի վերաբերյալ

Պաղեստինը կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և կպահանջի Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստեր՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մտադրությունների պատճառով, հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության տարածք ստեղծելու և հետագայում […] ...

Օլիվեյրան Տոպուրիային պարտվելուց հետո կմենամարտի ադրբեջանցու դեմ․ UFC

13:30 08.08.2025

Օլիվեյրան Տոպուրիային պարտվելուց հետո կմենամարտի ադրբեջանցու դեմ․ UFC

Ռիո դե Ժանեյրոյում հոկտեմբերի 11-ին կայանալիք UFC-ի հերթական մրցաշարի գլխավոր մենամարտում օկտագոն դուրս կգան թեթև քաշային կարգի մարտիկներ բրազիլացի Չարլզ Օլիվեյրան և ադրբեջանցի Ռաֆայել Ֆիզիևը: Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 35-ամյա Օլիվեյրան հունիսի 28-ին տիտղոսային մենամարտում պարտվել էր վրացի Իլյա Տոպուրիային, որը նվաճել էր չեմպիոնական գոտին: Տոպուրիան առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել նախկին […] ...

BACK_TO_TOP